August 14

Գլխավոր | Հրաշքներ | Թո՛ղ Աստծո խաղաղությունը տիրի քո սրտում ?

Թո՛ղ Աստծո խաղաղությունը տիրի քո սրտում ?

Սիրելի բարեկամ, այսօր շարունակում ենք Երեմիա 29․11 խոսքի  ուսումնասիրությունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով խաղաղության թեմային։ 

Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11

Մեկ այլ թարգմանությամբ ասվում է․ «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- խաղաղության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11)։ 

Այս գեղեցիկ բառը, որի համարժեքը հայերենում «բարօրությունն» է կամ «խաղաղությունը», եբրայերեն «շալոմ» բառն է, որը նշանակում է խաղաղություն, ողջություն, ապահովություն, հանգստություն, բարօրություն, ամբողջականություն․․․

Թույլ տուր այսօր քեզ մի պատմություն պատմել․

«Ժամանակին մի թագավոր կար, ով մրցանակ խոստացավ այն նկարչին, որը լավագույն կերպով կպատկերեր խաղաղությունը։ Շատ նկարիչներ փորձեցին արժանանալ թագավորի խոստացած մրցանակին։ Վերջինս ծանոթացավ բոլոր նկարներին, բայց միայն երկու նկար հավանեց։ Ընտրությունը այդ երկու նկարների միջև պետք է արվեր։

Նկարներից մեկում պատկերված էր մի հանդարտ լիճ։ Լճի զուլալ մակերևույթը հայելու պես արտացոլում էր շրջապատի լեռները, իսկ վերևում անհուն կապույտ երկինքն էր՝ ամպերի սպիտակ քուլաներով։ Այս նկարին նայողները միաբերան ասում էին, որ այն իսկապես խաղաղության կատարյալ պատկեր էր։   

Մյուս նկարում պատկերված էին լեռներ։ Բայց դրանք հողմակոծ էին և լերկ։ Երկինքը մռայլ էր, անձրևոտ, և նույնիսկ կայծակ էր փայլատակում երկնակամարում։ Լեռներից մեկից գահավիժում էր աղմկոտ մի ջրվեժ։ Տեսարանը բոլորովին խաղաղություն չէր ներկայացնում։ Բայց թագավորը տեսավ, որ ջրվեժի հետևում, ժայռերի արանքում աճող մի փոքրիկ թփի վրա բույն էր դրել մայր թռչունը։ Այդտեղ, այդ մոլեգնող ջրերի հետևում մայր թռչունն անվրդով ու կատարյալ խաղաղությամբ թուխս էր նստել իր ապահով բնում»։  

Ի՞նչ ես կարծում՝ ո՞ր նկարը հաղթեց մրցույթում։ Այո՛, թագավորն ընտրեց երկրորդը։ 

Խորապես հուզված թագավորն այսպես բացատրեց իր ընտրությունը․ «Խաղաղությունը չի նշանակում վայր, որտեղ չկա աղմուկ, որտեղ բացակայում են խնդիրները կամ ծանր պայմանները։ Խաղաղությունն այն է, երբ գտնվելով այդ ամենի մեջ՝ կարողանում ես սիրտդ խաղաղ պահել։ Սա է խաղաղության իրական իմաստը»։

Աստծո համար թանկ ու սիրելի բարեկամ, Աստված նույնը քեզ համար է պատրաստել։ Աստված շատ ավելի շատ փափագում է փոխել քո սիրտը, քան թե քո դժվարին իրավիճակը (թեպետ դա նույնպես կարող է փոխել)։

Քո խաղաղությունը կատարյալ է դառնում, երբ այն լիովին կախված է լինում Աստծուց։ Աստված անգամ քաոսային իրավիճակներում Իր խաղաղությունն է դնում քո սրտում, երբ քո հույսն ու վստահությունը Նրա հանդեպ է լինում։

Ահա՛ թե ինչ խոսքեր է ուղղում Տեր Հիսուսն այսօր ինձ և քեզ․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: