Սիրելի բարեկամ, այսօր ուզում եմ հատուկ ուղերձով դիմել քեզ։ Այսօրվա գրառումը տարբերվելու է մյուս օրերի գրառումներից։ Ես սիրում եմ անձնապես շփվել «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողների հետ։ Շատ եմ ուրախանում, երբ ինձ նամակ են գրում և կիսվում «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի բերած օրհնություններով և փոխակերպված կյանքի վկայություններով։
Հենց այս նամակագրություններից էր, որ հասկացա, որ իմ սիրելի ընթերցողների շրջանում բավականին շատ են Աստծուն անկեղծորեն հավատացող այն մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով զուրկ են հոգևոր խնամակալությունից։ Դրա պատճառը կարող են լինել ընտանեկան խնդիրները, եկեղեցու ներսում գայթակղությունների ու հիասթափությունների բախվելը, ֆիզիկապես հեռավոր վայրերում և օտար երկրներում ապրելը, Աստծուց հեռացած լինելու արդյունքում Նրան վերադառնալու հարցում մեղավորության զգացումը կամ պարզապես հոգևոր անկման փուլում գտնվելն ու հոգևորապես սառած լինելը։
Անկախ նրանից, թե վերը նշված պատճառներից որի միջով ես անցնում կամ գուցե հեռացել ես եկեղեցուց և Աստծո ժողովրդի հետ հաղորդակցությունից մեկ այլ պատճառով, որը ես չնշեցի, ուզում եմ այսօր հատուկ կերպով քաջալերել քեզ։ Աստված չի՛ ուզում, որ Իր համար քեզ նման թանկ անձնավորությունը դուրս մնա հոգևոր այն խնամակալությունից, որը Նա հոգացել է քեզ համար։ Այո՛ եկեղեցին՝ տեղական եկեղեցին, հենց իմ և քո հանդեպ Աստծո հոգատարության ապացույցն է։
Եթե սիրտդ կոտրված է որևէ եկեղեցու ծառայողների պատճառով և այնպիսի վերքեր ես ստացել իրենց ծառայող ու առաջնորդ կարծող մարդկանցից, որ այլևս չես էլ ուզում եկեղեցու անունը լսել, ապա խնդրում եմ մի պահ հայացքդ ուղղիր դեպի Տերը՝ այն Տերը, որ խաչվեց քեզ համար, և նաև այն Տերը, Ով Ինքն է կարգել, որ ամեն հավատացյալ լինի որևէ տեղական եկեղեցու մասնիկը։
Մեծ փափագ ունեմ, որ այսօր ժամանակ գտնես ու լսես իմ կիրակնօրյա պատգամներից մեկը, որը նախորդ ամիս եմ քարոզել Էջմիածնի Էմմանուել եկեղեցում։
Պատգամը կրում է «Դա դո՞ւ ես կարծում, թե՞ Աստված է ասել» վերնագիրը։ Եվ ուզում եմ, որ Աստծո Խոսքը զորավոր կերպով հպվի քո սրտին։ Ուզում եմ և աղոթում, որ յուրաքանչյուրս մեր կյանքի որոշումների հարցում տանք մեզ այս կարևորագույն հարցը՝ սա ե՞ս եմ կարծում, թե՞ Աստված է ասել։
Եվ հատուկ ուզում եմ ասել, որ մենք մեր եկեղեցու ծառայողներով մի կառուցվածք ենք մշակել, որի միջոցով հոգ ենք տանում առանց խնամքի մնացած հավատացյալների համար։ Մենք բազմաթիվ վկայություններ ունենք, որոնք վերաբերում են թե՛ այնպիսի մարդկանց, ում ճնշել են ընտանիքներում հավատքի համար, թե՛ եկեղեցուց գայթակղված ու հիասթափված մարդկանց, ովքեր այժմ վերականգնվել են և ծառայում են Աստծուն և թե՛ այնպիսի մարդկանց, ովքեր ապրում են արտերկրում և ֆիզիկապես չեն մասնակցում որևէ եկեղեցական պաշտամունքների։
Մենք ունենք ծրագրեր, որոնց մեջ կարող են ներգրավվել բոլոր այն հավատացյալները, որոնք չունեն եկեղեցի և հոգևոր առաջնորդ։ Այո՛, մենք պատրաստ ենք ծառայելու քեզ, Աստծո համար թանկ ու սիրելի զավակ։ Իսկ դու պատրա՞ս ես մի կողմ դնելու քո պատկերացումները և հնազանդվելու Աստծո դրած կարգին։ Չկա ոչ մի պարտավորություն։ Ուղղակի կարող ես միանալ մեր առցանց ծառայություններին փորձնական կերպով։
Հնազանդության մեջ օրհնություն կա։ Թող Աստված առատապես օրհնի քո կյանքի բոլոր ոլորտները և Իր բարությամբ ծածկի քո կյանքը։ Սիրով կծառայենք քեզ, որպեսզի աճես հոգևորապես և մի օր էլ Աստված քո միջոցով մյուսներին փոխանցի կյանքեր փոխակերպող Ավետարանի ուղերձը։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը