July 15

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ չտա՛ս, որ վախը կառավարի քեզ

Թույլ չտա՛ս, որ վախը կառավարի քեզ

Սիրելի բարեկամ, այսօր և գալիք մի քանի օրերի ընթացքում ուզում եմ միասին խոսենք վախի մասին։ Վախը շատ վատ խորհրդատու է։ Վախը կարող է վերածվել տագնապի և կաթվածահար անել մեզ։ Իսկ Աստված կամենում է, որ դու հաղթահարես քո բոլոր վախերը։ «Մի՛ վախեցիր»,- ասում է Տեր Հիսուսը…

Ի՞նչ է վախն իրականում։ Այն կարող է սահմանվել որպես «տագնապի մի զգացում, որն առաջացել է իրական կամ մտացածին վտանգի արդյունքում»։ 

Իմ հարցը հետեւյալն է. «Ի՞նչ է կատարվում, երբ քո կյանքում վախը գլուխ է բարձրացնում։ Երբ վախի զգացումը, վատ կանխազգացումը կամ տագնապն այնքան զորեղ է դառնում, որ այն խանգարում է քեզ լինել նորմալ»։ Ահա երեք բան, որ վախի հետևանքներն են. 

  • Վախը կաթվածահար է անում։ 
  • Վախը սնուցում է կասկածներին ։
  • Վախը քո մեջ սպանում է Աստծո ծրագրերը, որոնք Նա ունի քե՛զ համար։ 

Վախը հավատքի թշնամու ամենաշատ կիրառվող զենքերից մեկն է, որի նպատակն է քեզ քո հոգևոր ընթացքի մեջ ճնշելն ու խանգարելը։ Սակայն մի զորեղ ճշմարտություն կա, որ պետք է իմանաս՝ Տեր Հիսուսը հաղթե՛լ է այդ թշնամուն (տե՛ս Կողոսացիս 2․15)։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Աստվածաշնչում գրված է, որ քեզ տրված է զորության հոգի, սիրո և ողջամտության, այլ ոչ թե երկչոտության, վախի ու կասկածի (տե՛ս ‭‭Բ Տիմոթեոս‬ ‭1․7‬)։ 

Զորության, սիրո և առողջ մտքի այս հոգին Աստծո պարգևն է քեզ։Այն քեզ տվել է Ինքն Աստվա՛ծ․․․ ոչ թե աստվածային ինչ-որ անուղղակի միջամտությամբ, այլ ուղղակիորեն արարիչ Աստծո կողմից՝ Նրա կողմից, Ով շուտով վերադառնալու է որպես Հաղթող Տեր։ 

Անկասկած, վախի դեմ միակ արդյունավետ դեղամիջոցը Աստծո կատարյալ սերն է, որը հաղթում ու հեռացնում է ամեն վախ ու տագնապ մարդու սրտից։ Տիրոջ սերը քո հանդեպ արմատախիլ է անում քո ներսում առկա վախերի բոլոր դրսևորումները։ Հավատքով ամուր բռնի՛ր և դավանի՛ր այն աստվածային ճշմարտությունը, որը գրված է Ա Հովհաննես 4.18 խոսքում. «Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ»։

Խնդրում եմ քեզ՝ այսօր ընդունիր այս խոսքերը քո սրտի մեջ։ Աստծո Խոսքը սնում է մեր հավատքը։ Աստծո Հոգին քաջալերում և ուղղորդում է մեզ։ Նա մեզ կարողություն է շնորհում քանդելու բոլոր պատնեշները և ճեղքել բոլոր ահարկու արգելքները։ Աստծո շնորհած զորության շնորհիվ դու զորավոր հաղթանակներ ես ունենալու։ (Տե՛ս Սաղմոս 18.2 և Գ Թագավորաց 22.30 խոսքերը):

Ե՛կ միասին աղոթենք այս խոսքերով. «Տե՛ր, ես դավանում եմ իմ շուրթերով, որ Դու ես իմ Տերը և իմ կյանքի Փրկիչը: Ես դավանում եմ, որ Քո Խոսքը ճշմարտություն է։ Այո՛, Դու ինձ տվել ես զորության, սիրո եւ ողջամտության հոգի: Ես ընդունում եմ Քեզնից այդ հոգին։ Ես հավատում եմ, որ վախերը և դրանց բոլոր հետևանքներն այլևս իշխանություն չունեն ինձ վրա և կորցրել են իրենց զորությունը, քանի որ ես Քեզ եմ պատկանում։ Քոնն է իմ ողջ կյանքը, իմ զգացումները, իմ իրավիճակները, իմ երազանքները և ամեն, ամեն բան։ Ես քոնն եմ, Տե՛ր, և Քո անունն եմ ուզում փառավորել։ Շնորհակալ եմ այն ազատության համար, որ Դու ես ինձ պարգևել՝ ազատագրելով ինձ իմ բոլոր վախերից։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամեն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: