2021-04-25

Գլխավոր | Հրաշքներ | Ինչպիսի՞ն ես դու քո իսկ աչքերում։

Ինչպիսի՞ն ես դու քո իսկ աչքերում։

Մարդու համար սեփական անձը որպես Աստծո համար ցանկալի, սպասված և ընդունելի մեկն ընկալելը թե՛ էական կարևորություն ներկայացնող պայման է և թե՛ բանալի դեպի դեպի ինքնաճանաչողություն և իրական աստվածապաշտություն։ Ես նույնիսկ կհամարձակվեմ ասել, որ կարևոր է ինքդ քեզ սիրելը։ Սա բնավ այն չէ, երբ մտածում ես, որ դու ավելի լավն ես քան դիմացինը։ Եթե այդպես է, ապա դա հպարտության մեղքն է։ Տերը Հիսուսն Ինքն էր սովորեցնում սիրել դիմացինին քո անձի պես։ Այսինքն կարևոր է, որ դու նաև քեզ սիրել իմանաս, որպեսզի դիմացինին քո անձի պես սիրել կարողանաս։

Աստվածաշնչում սեփական ընկալման մասին այս հրաշալի տողերին ենք հանդիպում. «Գոհանում եմ Քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի…» (Սաղմոս‬ ‭139․14‬)

Կարևոր է գոհանալ քո կյանքի համար։ Հնարավոր է քեզ համար դժվար լինի այս բառերը բարձրաձայնելը ցավոտ անցյալի կամ քո հասցեին պարբերաբար լսած վիրավորական բառերի պատճառով։ Սակայն եթե նույնիսկ դա այդպես է, ապա վստահաբար իմացի՛ր, որ Աստված ցանկանում է բժշկել սեփական անձի հանդեպ քո ընկալումը՝ այն, թե ինչպիսին ես դու քո իսկ աչքերում։ Նրա սերը կարո՛ղ է բժշկել քո բոլոր վերքերը՝ նրանք, որ քո անցյալում են, նրանք, որ քո սրտում են, և նրանք, որ քո մարմնի վրա են։ 

Սա է պատճառը, որ այսօր ես համարձակություն ունեմ վստահեցնելու քեզ՝ քո ընկալումը ինքդ քո մասին վստահաբար փոխվելու է, եթե թույլ տաս Աստված բժշկի քո վերքերը։ Այն, թե ինչպիսին ես դու քո իսկ աչքերում, համահունչ է լինելու քո մասին Աստծո կարծիքի ու պատկերացումների հետ։ Հավատա՛, որ Աստված քեզ չի ստեղծել ընկճված, ճնշված և մեղավորության զգացումի բեռների տակ կքված ապրելու համար։

Քո ամբողջ էությամբ անկեղծորեն քո գոհությունն ուղղիր Արարչին. «Տե՛ր, ես օրհնելու եմ Քեզ, որովհետև  ահավոր  եւ զարմանալի կերպով ես ստեղծել ինձ։ Քո գործերը զարմանահրաշ են ու հիացմունքի արժանի, և իմ անձը  լա՛վ գիտի դրա մասին։ Ես Քո ձեռքի գործն եմ, Տե՛ր։ Ես գոհանում եմ Քեզնից ինձ այսպիսին արարելու համար։ Բժշկի՛ր ինձ, Տե՛ր․․․ իմ սիրտը, իմ զգացմունքները, իմ հոգին ու իմ մարմինը»։

Սիրելի բարեկամ, փորձի՛ր մի կողմ դնել քո մասին քո իսկ ունեցած կարծիքն ու պատկերացումները։ Ճանաչի՛ր Աստծո կարծիքը քո մասին և քո կյանքի հետ կապված Նրա ծրագրերը։ Համոզված եմ, որ այս ամենը բացահայտելուց հետո, երբեք նույնը չես մնա։ Դու քեզ Նրա աչքերով կտեսնես։ Դու չես կարող չհամաձայնվել Աստծո կարծիքի հետ։ Դու թանկ մարդ ես Նրա համար և հատուկ տեղ ունես Նրա ծրագրերի մեջ։ Ինչպիսի՞ն ես դու քո իսկ աչքերում․․․ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: