«Երբ մարդը տեսնում է Աստծուն, ցնծությունը սկսում է փայլատակել նրա ներսից»։
Սիրելի բարեկա՛մ, վստահ եմ` տեսել ես, թե ինչպես են մարդիկ համացանցում տարբեր տեսակի մարտահրավերներ նետում միմյանց: Օրինակ, Արարատ չելենջ կոչվող մարտահրավերը, որի ժամանակ ֆինանսական միջոցներ էին հավաքագրվում Հայաստանին և Արցախին օգնելու համար, կամ Սառցաջրի դույլերի մարտահրավերը, երբ մարդիկ սառը ջրով լցված դույլերը դատարկում էին իրենց գլխին ու մյուսներին էլ կոչ էին անում կրկնել նույն գործողությունը, որի նպատակը Լու Գեհրիգի հիվանդության մասին իրազեկումն էր: Բիլ Գեյթսը, Բարաք Օբաման և շատ այլ հայտնիներ մասնակցեցին այդ մարտահրավերին:
Իմ դեպքում էլ եղել է, որ ձմռանը բացօթյա ջրի մկրտություն ենք արել։ Կարող եմ ասել, որ դա նման մարտահրավեր չէր, բայց բավականին յուրահատուկ փորձառություն էր։ Սակայն այսօր ես ուզում եմ քեզ մեկ այլ տեսակի մարտահրավեր առաջարկել: Վստահ եմ՝ այն քեզ համար օգտակար կլինի և կօգնի քո հարաբերությունն Աստծո հետ զարգացնելու հարցում: Աստվածաշունչն ասում է, որ երբ նայում ենք Աստծուն, լուսավորվում ենք ու փայլատակում (տե՛ս Սաղմոս 34․5)։
Այսպիսով, ահա իմ մարտահրավերը քեզ՝ այսօր և ողջ այս շաբաթվա ընթացքում քո մտքերն ուղղիր դեպի Տեր Հիսուսը: Մտածի՛ր Նրա մասին։ Որքա՞ն հաճախ: Ամեն ժամ, ամեն 15 րոպեն մեկ․․․ Որոշիր ինքդ:
Գուցե հեռախոսիդ մեջ հիշեցում դնես կամ զարթուցիչ միացնես, որը կօգնի քեզ: Ես հաճախ եմ օգտվում հեռախոսի հիշեցումներից։ Այն ինձ հիշեցնում է ընթերցանության մասին, նաև տարբեր ժամեր եմ ընտրել օրվա մեջ աղոթքի համար։ Երբեմն գործերն ու ծառայությունները զբաղեցնում են ինձ, և մոռանում եմ աղոթքի ժամը, իսկ հեռախոսի հիշեցումը միշտ հավատարիմ կերպով ինձ հուշում է ամենակարևորի՝ իմ մտքերն Աստծուն ուղղելու և Նրա հետ հանդիպելու ու հաղորդակցվելու մասին։
Եվ այսպես, ընդունու՞մ ես առաջիկա օրերի համար իմ այս մարտահրավերը: Սիրելի մա՛րդ Աստծո, որ կարդում ես այս տողերը, դու կտեսնես, որ Աստծո հետ ժամանակ անցկացնելը և օրվա ընթացքում Նրա մասին մտածելն ու Նրա հետ մտերմանալը լավագույն կերպերն են խաղաղության և ուրախության մեջ մնալու համար:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը