Հիսուսն իսկապե՞ս գոյություն է ունեցել։ Շատ լավ հարց է։ Որովհետև Աստվածաշունչը կարող է նրա մասին բազմաթիվ պատմություններ պարունակել, բայց որքա՞ն վստահելի է այս երկուհազարամյա գիրքը։ Եվ կա՞ն արդյոք նրա գոյությունը հաստատող այլ աղբյուրներ։
Սկսե՛նք Աստվածաշնչից։ Նոր Կտակարանը լի է Հիսուսի մասին պատմություններով ու խոսքերով։ Պարզաբանենք՝ Հիսուսն ինքը չի գրել Աստվածաշունչը։ Աստվածաշնչի այդ երկրորդ մասը գրել են Հիսուսի ընկերները կամ ավելի ուշ նրա հետևորդը դարձած մարդիկ՝ գրի առնելով ականատեսների խոսքերը։ Պատմությունները մեծ ճշգրտությամբ են մտապահվել և փոխանցվել։ Քանի որ գրաճանաչ մարդիկ շատ քիչ էին, բանավոր խոսքի մշակույթը շատ զարգացած էր այդ ժամանակներում։ Նոր Կտակարանի առաջին մասերը գրվել են Հիսուսի մահվանից հետո 25 տարի չանցած։ Ականատեսներից շատերը դեռ ողջ էին, երբ պատմությունները գրի էին առնվում։ Անտիկ դասական գրականության մեջ այս ժամանակաշրջանից շատ փաստաթղթեր կան, որոնք նույնպես համարվում են կարևոր պատմական արժեք ներկայացնող գրքեր։
Ձեռագրերը
Նոր Կտակարանի (կամ նրա մասերի) 5600-ից ավելի ձեռագրեր են պահպանվել։ Սա շատ ավելին է, քան որևէ այլ պատմական գիրք կարող է հավակնել ունենալ։ Սա նշանակում է, որ Նոր Կտակարանի սկզբնական բնագիրը կարող է վերարտադրվել մեծագույն ճշգրտությամբ։ Ուսումնասիրողները նշում են, որ եթե զննենք բնագրերն ու լրացուցիչ տեղեկությունները, ապա կարելի է գալ այն եզրահանգմանը, որ Ավետարաններում ներկայացված իրական դեպքերի և դրանց գրի առնելու ժամանակագրական տարբերությունը կազմում է առավեագույնը 30 տարի։
Գիտնականները
Ի՞նչ են պատասխանում (ոչ քրիստոնյա) գիտնականներն ու հնէաբաններն այս հարցին՝ արդյո՞ք Հիսուսը իրական պատմական կերպար է։ Նրա գոյության մանրամասները վիճարկվել են դարեր շարունակ, բայց գրեթե բոլոր գիտնականներն ու հնէաբանները համաձայնում են, որ Հիսուսն իրականում եղել է այս երկրի վրա։ Ինչպե՞ս, ի՞նչ, որտե՞ղ և ինչո՞ւ։ Այս հարցերի շուրջ է առաջանում տարակարծությունը։
Ոչ քրիստոնեական աղբյուրներ
Հիսուսի կյանքի օրերում կային պատմաբաններ, որոնք նկարագրում էին իրենց ժամանականերում տեղի ունեցող ամեն ինչը։ Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի հրեա պատմաբանն է Ֆլավիուս Հովսեփը, որը Հիսուսի մասին որոշ մտքեր է գրել, նկարագրելով, օրինակ, որ նա իմաստուն մարդ էր, ուներ հրեա և հեթանոս (այլազգի) հետևորդներ, և թե ինչպես է նա մահացել; Եվս 4 պատմական աղբյուր կա, որոնք պատմում են Հիսուսի կյանքի մասին։ Բազմաթիվ ոչ-քրիստոնյա գիտնականներ հաստատում են, որ Հիսուս անունով հրեան ծնվել է մ․թ․ա․ 6-ից 2-րդ թվականներին։ Նրա մանկությունն անցել է Նազարեթում։ Նրան մկրտել է Հովհաննես Մկրտիչը։ Նա իր շուրջն էր հավաքել աշակերտների և նրանց պատմում էր հավատքի մասին։ Մոտավորապես 30 տարեկան հասակում նա գնացել է Երուսաղեմ՝ հրեական Պասեք տոնին, և խռովություն բարձրացրել տաճարում։ Նրան ձերբակալել են և հարցաքննել հրեա իշխանությունները, մահապատժի է ենթարկել Պիղատոս Պոնտացին։ Նրան դատապարտել են խաչելության և հուղարկավորել։
Հիսուսն իսկապե՞ս ապրել է այս երկրի վրա։ Կարող եք եզրակացնել, որ իսկապես Հիսուսը գոյություն է ունեցել։ Բայց ե՞րբ է ավարտվում նրա պատմությունը։ Նրա մահո՞վ, թե՞ պատմությունը շարունակվում է։ Այս հարցին կարող ես ինքդ պատասխանել։