Ո՞վ է Աստված

Գլխավոր | Ո՞վ է Աստված

Այս հարցին տարբեր մարդիկ տարբեր պատասխաններ են տալիս․ոմանց համար Նա Ամենակարող, բայց հեռավոր Աստված է, ոմանց համար՝ տիեզերքի արարիչը, ոմանց համար՝ առեղծվածային կերպար, ոմանց համար էլ սիրող Հայր։ Աստծո մասին պատկերացումները տարբերվում են՝ կախված մարդու ազգային, մշակութային, կրոնական պատկանելությունից։ Եվ նույնիսկ միևնույն ազգության ու կրոնի մարդիկ տարբեր կերպ կպատասխանեն այս հարցին՝ ելնելով իրենց կրթության, դաստիարակության և անձնական փորձառությամբ ունեցած պատկերացումից։

Կա՞ այս հարցին մեկ ճիշտ պատասխան

Ցավոք՝ ոչ։ Աստված չի կարող բնորոշվել։ Տեր Աստծուն չի կարելի համեմատությամբ ճանաչել։ Ոչ մի արարած չի կարող Աստծո մասին ամբողջական պատկերացում ունենալ։ Նա մեծ է, անըմբռնելի, վեր ժամանակից, և Նրա անսահման զորությունը պարզապես անհնար է պատկերացնել մեր՝ մարդկային սահմանափակ կարողություններով։ Պատկերացրեք բազմաթիվ փոքրիկ հայելիներից բաղկացած մի հսկայական գունդ։ Երբ նայում եք այդ բազմակողմ հայելիներին, տեսնում եք ինքներդ ձեզ՝ տարբեր տեսանկյուններից։ Իսկ եթե այդ գունդը փոխանցեք մեկ ուրիշին, ապա նա էլ իրեն կտեսնի՝ այդ հազարավոր հայելիների մեջ արտացոլված։ Ճիշտ նույն գործընթացն է տեղի ունենում, երբ մենք մոտենում ենք Աստծուն։ Եվ մենք նաև մի հիանալի ուղեցույց ունենք՝ Աստվածաշունչը, որը մեզ օգնում է ավելի լավ ճանաչել թե՛ Տեր Աստծուն, թե՛ մեզ։

Աստված մեծ Արարիչն է

Գանք մարդկության ստեղծման ակունքներին։ Աստված եղել է միշտ, աշխարհի արարումից էլ առաջ։ Քրիստոնյաները հավատում են, որ Աստված է ստեղծել տիեզերքը և աշխարհը։ Նա է այն հանճարեղ ճարտարապետը, որ այնքա՜ն վարպետորեն նախագծել է և ստեղծել երկինքն ու երկիրը։ Ալբերտ Էյնշտեյնն ասել է․«Եթե այս տիեզերքն իր բազմամիլիոն կողմերով ու կառուցվածքի ճշգրտությամբ լիներ սոսկ պատահականության արդյունք, ապա նույն հավանականությամբ կարելի է հավատալ, որ տպագրական գործարանի պայթյունից հետո տառերն ու թերթերը ինքնաբերաբար կստեղծեն ավարտուն, ճշգրիտ ու անսխալ բառարան»։ Շատ գիտնականների համար էվոլյուցիայի տեսությունը համոզիչ չէ։ Իսկ մարդկային ԴՆԹ-ի առեղծվա՞ծը։ Ձգողականության և բնության այլ օրենքների մեջ անգամ ամենաչնչին փոփոխության դեպքում կյանքը երկրի վրա անհնար կլիներ։ Աշխարհն ու մարդու մարմինն այն բարդ ու կատարյալ են, մի՞թե հնարավոր է դրանց պատահական ստեղծումը։

Աստված հեռու չէ

Երկնքի ու երկրի արարիչ՝ որքա՜ն անհասանելի է Նա թվում։ Հաճախ մարդիկ պատկերացում են Տեր Աստծուն գահի վրա նստած, Իր գեղեցիկ ստեղծագործությունը խեղաթյուրող մարդկանց բարկացած նայելիս։ Սակայն Աստվածաշունչը լի է պատմություններով, որոնք ցույց են տալիս, որ Աստված մարդկանց շատ մոտ է։ Նա ուղիղ խոսում է մարդկանց հետ, ինչպես Մովսեսի դեպքում էր։ Տեր Աստված Իրեն կոչում է «Ես եմ, որ Է»՝ «Ես այստեղ եմ»։ Եվ այս ճշմարտությունը միայն հին, աստվածաշնչյան ժամանակների համար չէ, այլ նաև մեր օրերի․քրիստոնյաները հիմա էլ Աստծո հետ մտերիմ հաղորդակցություն են վայելում։ Նրանք խոսում են Տիրոջ հետ իրենց աղոթքներում, հայտնում Նրան ոչ միայն իրենց անհանգստությունը, այլև իրենց ուրախությունը։ Եվ Աստված ոչ միայն լսում է, Նա նաև պատասխանում է։

65.03

Աստված Հայր է

Կարող եք Տեր Աստծուն դիմել՝ ինչպես ձեր հորը։ Աստվածաշունչը հաճախ է Տեր Աստծուն հոր կերպարով ներկայացնում։ Սաղմոս 103։13 խոսքն ասում է․«Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած Իրենից վախեցողների հանդեպ»։ Նոր Կտակարանում նույնպես Տեր Աստված հայր է համարվում քրիստոնյաների համար, ինչպես Տեր Հիսուսն էր Իրեն կոչում Աստծո Որդի։

Աստված սեր է

«Ո՞վ է Աստված» հարցին ամենակարճ պատասխանը կլինի հետևյալը՝ Աստված սեր է։ Անպայմանական սեր։ Սա է ամբողջ Աստվածաշնչի համառոտ ասելիքը։ Աստվածաշնչում գործածված է հունարեն «Agapè» բառը, որը նշանակում է սեր, որն անմնացորդ նվիրվում է և իր շահը չի փնտրում։ Աստվածաշնչյան ամենահայտնի խոսքերից է Հովհաննես 3։16-ը՝ «Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Այս սերը նոր հեռանկար է բացում մեր կյանքերում։ Քանի որ այն չի սահմանափակվում այս երկրի վրա մեր ունեցած կյանքով, այլ տարածվում է երկրային կյանքից հետո՝ հավիտենական կյանքում։ Տեր Աստված ուզում է մեզ հետ լինել հավերժ։