ԵԿԵՂԵՑՈՒ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԸՆՏԱՆԻՔԸ
Պատմությունը իրական է
Ահա մի զարմանալի պատմություն, որը ցույց է տալիս, թե որքան հարուստ և հրաշալի կարող են լինել այսպես կոչված աղքատ մարդիկ: Եվ որքան հոգեպես աղքատ ու ժլատ կարող են լինել նրանք, ովքեր առատությամբ են ապրում։
Ես երբեք չեմ մոռանա 1946 թվականի Զատիկը։ Այդ ժամանակ ես 14 տարեկան էի, կրտսեր քույրս՝ Օսին՝ 12, իսկ ավագը՝ Դարլինը՝ 16։ Մենք ապրում էինք մորս հետ և սովոր էինք բավարարվել այն քչով, որ ունեինք։
Այդ ժամանակ մենք արդեն հինգ տարի ապրում էինք առանց մեր հայրիկի․ նա մահացել էր, երբ մեր ընտանիքում արդեն յոթ երեխա կար։
Ապրուստի միջոց չունեինք։
Այդ հինգ տարիների ընթացքում մեծ քույրերս ամուսնացան, իսկ եղբայրներս հեռացան տնից։
Մայրիկիս հետ մնացինք միայն ես ու երկու քույրերս։
Զատիկից մեկ ամիս առաջ եկեղեցու ծառայողը հայտարարեց, որ մեր եկեղեցին որոշել է հատուկ Զատիկի առթիվ նվիրատվություն հավաքել կարիքի մեջ գտվող մեկ ընտանիքի համար: Ավագը խնդրեց եկեղեցու անդամներին գումար խնայել նվիրատվության համար և առատաձեռն լինել այս հարցում։
Տուն վերադառնալով՝ մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք օգնել այս ընտանիքին: Որոշեցինք, որ եթե այս ամիս սնվենք միայն կարտոֆիլով, կկարողանանք 20 դոլար կուտակել։
Նաև հնարավոր էր խնայել էլեկտրաէներգիայի ծախսերի մեջ, բայց դրա համար անհրաժեշտ էր ավելի քիչ վառել լույսը և հրաժարվել ռադիոյից:
Մեր նվիրատվությունն ավելացնելու համար Դարլինը սկսեց լրացուցիչ աշխատել՝ մաքրելով հարևանների տները: Ես ու Օսին գումար էինք վաստակում մեր ծանոթների երեխաներին խնամելով։
Խանութից նաև գնեցինք 15 ցենտ արժողությամբ բրդյա թել, և յուրաքանչյուրս դրանից կաթսաների խոհանոցային բռնիչներ գործեցինք։
Մենք դրանք վաճառեցինք շուկայում հատը մեկ դոլարով։
Դա մեր կյանքի ամենահիասքանչ ամիսն էր։ Ամեն օր հաշվում էինք չնչին գումարը՝ ցանկանալով իմանալ, թե որքան ենք խնայել։ Երեկոյան մենք հաճախ նստում էինք մթության մեջ՝ միասին պատկերացնելով, թե որքան կուրախանա այս աղքատ ընտանիքը եկեղեցու կողմից իրենց համար հավաքած գումարով:
Մեր եկեղեցում մոտ 80 անդամ կար, և մենք մտածեցինք, որ ինչքան էլ հավաքենք, ընդհանուր գումարը հաստատ քսանապատիկ ավելի է լինելու։ Ամեն շաբաթ եկեղեցու ծառայողը հիշեցնում էր եկեղեցու անդամներին Պասեքի նվիրատվության մասին։
Զատիկին նախորդող օրը ես և Օսին գնացինք խանութ և մեր ամբողջ մանրադրամը փոխանակեցինք երեք բոլորովին նոր քսան դոլարանոց և մեկ տասը դոլլարանոց թղթադրամների հետ։ Մենք ոգևորված շտապեցինք տուն, որպեսզի որքան հնարավոր է շուտ դրանք ցույց տանք մայրիկին և Դարլինին: Մենք նախկինում երբեք այդքան գումար չենք ունեցել։
Մեզ այնքան էլ չէր հետաքրքրում, որ Զատիկին նոր հագուստ չենք ունենալու: Փոխարենը մենք ունեինք մեծ գումար՝ 70 դոլլար իսկապես կարիքավոր մի ընտանիքի համար: Հուզմունքից մենք հազիվ կարողացանք քնել։
Առավոտյան հորդառատ անձրև եկավ։ Մենք անձրևանոց չունեինք։ Եկեղեցին մի քանի կիլոմետր այն կողմ էր, և մինչև տեղ հասանք, ամբողջովին թրջվել էինք։ Դարլինի մաշված կոշիկները՝ ներսում ստվարաթղթե ներդիրներով, ուռել էին և խոնավությունից ներկվել։ Չնայած այդ ամենին՝ մեր սրտերը ջերմանում էին այն մտքից, որ մենք կարող ենք օգնել մեկին, ով իսկապես դրա կարիքն ունի:
Հաջորդ շարքում նստած դեռահաս աղջիկները, որոնք շատ գեղեցիկ հագնված էին , քննարկում էին մեր հնամաշ շորերը։
Այդ օրը մենք առանձնակի զգացումով մասնակցեցինք նվիրատվությունների հավաքագրմանը. մայրս տասը դոլլարանոց թղթադրամ դրեց, իսկ մենք աղջիկներս՝ քսանական դոլլար։ Երբ եկեղեցուց տուն էինք վերադառնում, ամբողջ ճանապարհին երգեցինք։
Ճաշի ժամանակ մայրիկը մեզ անակնկալ մատուցեց։ Պարզվեց, որ նա կարտոֆիլի հետ միասին մեկ տասնյակ ձու է գնել։ Զատկի տոնին տապակած կարտոֆիլը խաշած ձվով մեզ համար իսկական տոն էր դարձել։
Հանկարծ մեր եկեղեցու սպասավորը թակեց դուռը։ Մայրիկը բացեց դուռը։ Մեկ րոպե անց նա վերադարձավ սեղանի մոտ՝ ձեռքում մի ծրար։
Մայրիկը, առանց խոսք ասելու, բացեց ծրարը և դրա պարունակությունը դատարկեց սեղանի վրա: Ի զարմանս մեզ, մեր դիմաց երեք բոլորովին նոր քսան դոլլարանոց թղթադրամներ կային, մեկ տասը և տասնյոթ մեկ դոլլարանոց։
Մենք լուռ նստեցինք՝ հայացքներս հառած հատակին։ Ընդամենը մեկ րոպե առաջ մենք մեզ միլիոնատերեր էինք զգում, բայց հիմա հանկարծ դարձանք մուրացկաններ։
Իրականում, մենք իսկապես երջանիկ ընտանիք էինք և նույնիսկ խղճում էինք նրանց, ովքեր չունեին այնպիսի մայրիկ և հայրիկ, ինչպիսին մենք ունեինք, և եղբայրներով ու քույրերով լի տուն:
Այլ ընտանիքներում երեխաներին խնամելով՝ ես հասկացա, որ նրանք շատ բաներ ունեն, որոնք մենք չունենք, բայց մտքովս չէր անցնում, որ մենք աղքատ ենք: Զատկի այդ օրը ես հասկացա՝ ծառայողը գումար է բերել «աղքատ ընտանիքի» համար, և հետևաբար, այդ ընտանիքը մենք ենք։
Ինձ դուր չեկավ իմ աղքատ լինելու գիտակցությունը։ Մի վայրկյան նայեցի զգեստիս ու մաշված կոշիկներիս։ Հանկարծ այնպիսի ամոթի զգացում ունեցա, որ անմիջապես կորցրի եկեղեցի գնալու ցանկությունս։
Ես սովորում էի իններորդ դասարանում և մեր դպրոցի հարյուր աշակերտներից լավագույնն էի: Հանկարծ ես սկսեցի անհանգստանալ, թե ինչ են մտածում հասակակիցներս իմ մասին։ Ցանկություն առաջացավ թողնել դպրոցը. «Ես արդեն ութ պարտադիր դասարան ավարտել եմ ...»,- մտածեցի ես։
Մտորումներիս լռությունն ընդհատվեց թղթադրամների խշշոցով, որոնք մայրս նորից հավաքեց ծրարի մեջ։
Հաջորդ շաբաթ մենք գնացինք դպրոց՝ առանց որևէ մեկի հետ խոսելու։ Ի վերջո, մայրիկը հարցրեց, թե ինչ կցանկանայինք անել այդ գումարի հետ: Իսկ ի՞նչ են անում աղքատները գումարի հետ։ Մենք դա չգիտենք: Չէ՞ որ նախկինում մենք չենք գիտակցել մեր աղքատ լինելը։
Ես ընդհանրապես չէի ուզում եկեղեցի գնալ, բայց մայրս պնդեց։ Չնայած օրը արևոտ էր, մենք ամբողջ ճանապարհին լուռ էինք։ Մայրիկը սկսեց երգել, բայց ոչ ոք չձայնակցեց նրան:
Ծառայության ժամանակ քարոզում էր Աֆրիկայից մի միսիոներ։ Իր քարոզում նա նկարագրում էր, թե ինչպես են աֆրիկացիները աղյուսներ շաղախում և դրանք թրծում արևի տակ՝ եկեղեցի կառուցելու համար: Քարոզն ավարտվեց կոչով՝ օգնել աֆրիկացի եղբայրներին ու քույրերին ծածկել շենքի տանիքը։ Դրա համար պահանջվում էր 100 դոլլար:
Լսելով հայտարարված գումարը՝ մենք ժպտացինք՝ այս շաբաթ առաջին անգամ։ Մայրիկը բացեց քսակը և հանեց ծրարը: Նա այն հանձնեց Դարլինին, Դարլինը՝ ինձ, իսկ ես՝ Օսիին, ով այն դրեց նվիրատվության զամբյուղի մեջ:
Գումարը հաշվելուց հետո ծառայողը հայտարարեց, որ եկեղեցին հավաքել է ուղիղ 100 դոլլար։ Այս լուրը մեծապես զարմացրեց միսիոներին, որը չէր սպասում այդքան մեծ նվիրատվություն մեր փոքրիկ եկեղեցուց։ Նա հուզված ասաց. «Ես նույնիսկ չգիտեի, որ ձեր մեջ այդպիսի հարուստներ կան»։
Եվ հանկարծ մենք հասկացանք, որ այս հարյուր դոլարից 87-ը նվիրաբերել ենք մենք։ Այսպիսով, ըստ միսիոների, պարզվեց, որ մենք մեր եկեղեցու ամենահարուստ ընտանիքն ենք։ Այդ օրվանից մենք այլևս մեզ աղքատ չհամարեցինք, քանի որ մեր ամենամեծ հարստությունը Հիսուսն է, Ում մենք սիրում ենք: