Քրիստոնեական հավատքը առնչվում է ոչ միայն մեր մտածողությանը։ Այն զարմանալիորեն կապ ունի առօրյա կյանքի բոլոր ոլորտների հետ: Տեր Հիսուսը բազմիցս կոչ արեց մարդկանց հետևելու Իրեն: Եվ Նա հաճախ էր նշում, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու:
Նա նկարագրեց այդ ընթացքն այսպես՝ «վերցրեք ձեր խաչը և հետևեք ինձ»:
Բայց Տերը նաև խոստացավ, որ միշտ ներկա կլինի, այնպես որ հիշի՛ր, որ դու միայնակ չես խավարի մեջ:
Այսպիսով, ինչպե՞ս դառնալ Հիսուսի հետևորդը, հետևել Հիսուսին:
Մենք շատ բան գիտենք Հիսուսի ուղերձներիի և կյանքի մասին Աստվածաշնչից մեզ հայտնի պատմությունների միջոցով:
Նույնիսկ եթե այդ հին պատմություններին այնքան էլ ծանոթ չեք, հավանաբար լսած կլինեք Հիսուսի ապրած և քարոզած հիմնական ուղերձի մասին: Այն ներառում է այնպիսի գեղեցիկ և միաժամանակ պարզ բառեր, ինչպիսիք են սերը, ներումը, խոնարհությունը, հյուրընկալությունը, արդարությունը և երախտագիտությունը: Զարմանալին այն է, որ այս բառերը բավականին հեշտ է հասկանալ, բայց շատ դժվար է դրանք հիշել և կիրառել առօրյա կյանքում: Սերը, օրինակ, հասկանալի բառ է, որը մենք օգտագործում ենք գուցե շատ հաճախ, բայց փորձենք հետևել Հիսուսին, հասկանալ, թե ինչպես է Նա սիրում։
Մարդկության նկատմամբ Նրա սերն, ի վերջո, ճակատագրական եղավ, և նրան դաժանաբար սպանեցին, քանի որ Նա սիրում էր և հոժարությամբ զոհեց Իր կյանքը մեզ համար։
Հիսուսին հետևելը պարզ և հեշտ կյանք ունենալու ճանապարհ չէ: Հիսուսին հետևելն այլ կերպ ապրելու և ամեն ինչ այլ կերպ տեսնելու հրավեր է:
Ուրախություն և արցունքներ
Այս պատմությունը երկու հույն փիլիսոփաների մասին է: Նրանցից մեկն առավոտյան դուրս է գալիս իր տնից և սկսում ծիծաղել, որովհետև աշխարհը նրան պարզապես զավեշտալի մի վայր է թվում: Իսկ մյուսը դուրս է գալիս իր տնից և սկսում վշտահար լաց լինել, որովհետև տեսնում է, որ աշխարհը լի է վշտով և ողբերգությամբ:
Ահա՛ թե ինչպիսին է աշխարհը. զավեշտալի է, և դու կարող ես ծիծաղել շատ իրողությունների վրա, բայց միևնույն ժամանակ արցունք թափելու շատ պատճառներ կան: Կյանքն ասպիսին է, չէ՞:
Այսպիսին էր նաև Հիսուսի կյանքը: Նրա մասին պատմություններում կան և՛ արցունքներ, և՛ ուրախություն:
Նոր տեսակ
Հիսուսը չէր ծաղրում աշխարհին, բայց Նա ուրախ էր, քանի որ բոլորովին նոր բան էր սկսվում: Տերը դա անվանեց Թագավորություն՝ նոր իրականություն:
Եվ Հիսուսը տխրության պատճառն այն չէր, որ Նա ամեն ինչ կորած էր համարում:
Նա տառապեց աշխարհի մարդկանց հետ, որոնց շատ էր սիրում, Նրան տառապանք էին պատճառում և մարդկանց ցավերն ու մարդկության անարդարությունը:
Հիսուսի հետևորդները հավատում էին, որ Հիսուսը վերցրեց արցունքներն ու աշխարհի ցավը ՝ դրանք դարձնելով Իր արցունքներն ու Իր սեփական ցավը:
Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսը մահացել է, բայց որ Նա նաև մեռելներից հարություն է առել: Այստեղ՝ Հիսուսի դաժան մահվան և Նրա հարության այս առեղծվածի մեջ, ծնվում է նոր աշխարհը՝ լի հույսով, որ ամեն ինչ կկարգավորվի:
ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
Քրիստոնեական հավատքը կառուցվում է Հիսուսի պատմության շուրջ: Հիսուսի մեջ մենք տեսնում ենք զարմանահրաշ սիրո ակնարկ, որ Աստված ունի աշխարհի հանդեպ:
Աստված սիրում է բոլորին և փափագում է, որ յուրաքանչյուրը ճանաչի Իր սերը և պատասխանի այդ սիրուն:
Այս սերը վերափոխում է ամեն ինչ: Այն բուժում է մեր ներքին վերքերը: Այն օգնում է մեզ վերականգնել կոտրվածը:
Այդ սերը լույս է խավարի մեջ, որն անհրաժեշտ է մեզ:
Եվ հույս է, որ չարի իշխանությունը հավիտյան չի տևելու: Չարը պարտված է Հիսուսի զարմանալի զոհաբերության շնորհիվ:
Ուզո՞ւմ ես հետևել Հիսուսին: Կարող ես սկսել՝ պարզապես հետևելով Նրա կյանքին և օրինակին՝ սրտումդ պահելով այն նոր աշխարհի հույսը, որ Հիսուսն արդեն ցույց է տվել մեզ:
Աղբյուրը՝ Jesus.net