Աստված քո փորձության մեջ ելք է պատրաստում
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Երբ անցնում ես դժվարին ընթացքով․․․» անվանումը։ Դժվարին ընթացքները տարբեր են լինում։ Երբեմն մենք բախվում ենք դժվարությունների, որոնցից դուրս գալու ճանապարհը և ելքը պարզապես չեն երևում։ Կան իրավիճակներ, որոնք անելանելի են մարդկային չափանիշներով։
«Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է» (Ղուկաս 18.27):
Սիրելի՛ Ընկեր, մեր դժվարությունների մեջ մենք չպետք է մոռանանք Աստծու ամենակարողության մասին։ Եթե հավատքով ընդունել ենք Քրիստոսին որպես մեր կյանքի Տեր ու Փրկիչ, ապա պետք է ընդունենք նաև Նրա խոսքերը անհնարինության և անելանելիության վերաբերյալ․ Տեր Աստծու համար չկա անհնարին որևէ բան։ Նա Ամենակարող է։ Եվ եթե Նա քո երկնային Հայրն է, ապա քո ամբողջ սրտով ընդունի՛ր Նրա խոստումը Իր հավատարիմ զավակներից յուրաքանչյուրի համար։
«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է. Նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ» (Ա Կորնթացիս 10․13):
Այս խոստումը ինձ շատ է օգնել իմ կյանքի դժվարությունների ժամանակ։ Հավատքով Տիրոջը վստահելը ինձ ուժ է տվել և կարողություն՝ դիմանալու դժվարին իրավիճակներին, անարդարություններին ու անելանելիության բերած ճնշումներին։
Եվ եթե դու էլ այսօր անցնում ես այնպիսի իրավիճակներով, որտեղ ելք դեռ չի երևում, ապա հիշի՛ր Աստծու հավատարմության մասին։ Նա նախ չի թողնի, որ դու քո կարողությունից առավել փորձվես։ Սա նշանակում է, որ պետք է քեզնից վանես անհուսության ու պարտության բոլոր մտքերը, որոնք ուզում են քեզ համոզել, թե դու չես դիմանա, դու կկործանվես կամ ականատես կլինես քո իրավիճակի վատագույն սցենարի իրականացմանը։ Սրանք սուտ մտքեր են։ Ճշմարտությունն այն է, որ Աստված չի թողնի, որ դու քո կարողությունից առավել փորձվես։ Եվ ո՛չ միայն այսքանը․․․
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված Իր Խոսքում Իրեն հավատացող ու Իրեն վստահող Իր զավակներին ասում է, որ նրանց կյանք այցելած փորձության հետ նաև ելք կպատրաստի նրանց համար, որ Աստծուն հուսացած մարդիկ կարողանան դիմանալ այդ փորձությանը։
Քեզ այցելած փորձությունը և կյանքի դժվարությունը կարող են փակուղի թվալ քեզ, սակայն Աստծու հետ միշտ կա ելք ցանկացած փակուղուց։ Այն, ինչն անհնարին է մարդկային տեսանկյունից, հնարավոր է Տեր Աստծու տեսանկյունից։ Այսօր աղոթում եմ, որ Աստված զորացնի, իմաստություն տա քեզ և նաև ցույց տա Իր պատրաստած ելքն ու քո դժվարությունների մեջ քո կողքին լինելը։ Տեր Աստծու հետ միշտ կա ելք ցանկացած փակուղուց։