Աստծու շնորհը բավարար է քո տկարության մեջ
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Երբ անցնում ես դժվարին ընթացքով․․․» անվանումը։ Երբ մեր դժվարությունների ու տառապանքների մեջ մենք մեր հայացքն ուղղում ենք Տեր Աստծուն և, խոնարհեցնելով մեր անձերը, Նրանից ենք սպասում մեր օգնությունը, Աստված Իր զարմանահրաշ շնորհքն է ուղարկում մեր կյանք և զորացնում մեզ մեր տկարությունների ժամանակ։
Սիրելի՛ Ընկեր, հավատացյալների կյանքում լինում են իրավիճակներ, երբ Աստված ո՛չ թե հեռացնում է խոչընդոտը կամ դժվարության աղբյուրը, այլ մեզ զորացնում է Իր շնորհով, որպեսզի կարողանանք հաղթահարել այդ դժվարությունների ծնած խոչընդոտները։ Պողոս առաքյալի աղոթքին ու աղաչանքին Տեր Աստծու պատասխանի խոսքերը լավագույնս են արտահայտում ծանրագույն դժվարության մեջ հայտնված Պողոս առաքյալի կյանքում Տեր Աստծու ուղարկած օգնությունը։
«Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի» (Բ Կորնթացիս 12․9):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբ այլևս ուժ չունես․․․, երբ քեզ թվում է՝ այլևս չես կարող դիմանալ ու պայքարել, հիշի՛ր Տեր Աստծու խոսքերը․ «Քեզ Իմ շնորհը բավական է»։ Քո ուժերի սահմանը Աստծու օգնության սահմանը չէ։ Տերն Իր գերբնական զորությամբ կարող է լցնել քո կյանքն այնպես, որ քո սուգը ուրախության վերածվի, ցավդ ձուլվի Տիրոջ ներկայության քաղցրության մեջ, տկարությունդ դառնա քո ծառայության ամենաուժեղ կողմը։
Այո՛, քո տկարությունը կարող է դառնալ Աստծու զորության դրսևորման միջոցը։ Քո այսօրվա խնդիրն ու դժվարությունը կարող են դառնալ վաղվա քո վկայությունը, եթե սովորես ու կիրառես Աստվածաշնչի զարմանահրաշ այս խոստումն ու այն ընդունելու պայմանը։
«Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Հակոբոս 4․6)։
Տեր Աստծու ուղարկած շնորհքը բավարար է քո տկարության ժամանակ առաջ ընթանալու և ամենածանր իրավիճակից դուրս գալու ուժ ընդունելու համար․․․