Աստված երբե՛ք քեզ չի լքի
Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Երբ անցնում ես դժվարին ընթացքով․․․» անվանումը։ Մարդն իր կյանքի ընթացքում կարող է տարբեր տեսակի դժվարությունների բախվել։ Կան դժվարություններ, որոնք հաղթահարում ես քո ուժերի գերլարման արդյունքում։ Կան դժվարություններ, որոնք կարողանում ես հաղթահարել կամքի ուժի և դիմացկունության կամ էլ կարգապահության և բնավորության որոշ գծերի հղկման շնորհիվ։ Կան դժվարություններ, որոնք մենք հաղթահարում ենք ընտանիքի, մտերիմների կամ սրտացավ ընկերների օգնության արդյունքում։
Սիրելի՛ Ընկեր, սակայն երբեմն մենք բախվում ենք դժվարությունների, որոնց ճնշման ներքո մենք ասես մնում ենք մենակ և գիտակցում, որ դրանց հաղթահարումը մեր ուժերից և նաև ցանկացած մարդու ուժից վեր է։ Եվ հե՛նց այդ ժամանակ է, որ մենք մեր հայացքն ուղղում ենք մեր օգնության միակ գերբնական Աղբյուրին՝ Արարիչ Աստծուն, Ում համար չկա անհնարին ոչ մի բան։
Հե՛նց այսպիսի դժվարությունների ժամանակ է, որ մենք պետք է հիշենք ու հավատքով ընդունենք Տեր Աստծու խոստումները Իրեն վստահող, Իրեն հավատացող և Իր երկյուղը սեփական սրտի մեջ փայփայող մարդկանց։ Եթե անգամ քեզ թվում է, թե Աստված լքել է քեզ կամ մոռացել, հայացքդ ուղղի՛ր Նրա Խոսքին ու խոստումներին, որոնք վերաբերում են Աստծու Խոսքն ընդունած Նրա զավակներին։
«Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։ Մի՞թե կինը կմոռանա իր կաթնակեր մանկանը և չի՞ գթա իր որովայնի ծնունդին. եթե նա մոռանա իսկ, Ես, սակայն, քեզ չեմ մոռանա» (Եսայիա 49․14-15):
Աստված Իր Խոսքի մեջ հատուկ շեշտում է կաթնակեր մանկան և նրա մոր համեմատությունը, քանի որ մայրերը առանձնահատուկ կապ են զգում իրենց նորածին երեխաների հետ։ Սա ամենասերտ հարաբերություններից մեկն է, որը գոյություն ունի այս աշխարհում։ Եվ, այնուամենայնիվ, Տերը ասում է, որ եթե անգամ գտնվեն այդպիսի մայրեր, որոնք կանտեսեն այդ սերն ու հոգատարությունը և լքեն իրենց նորածին մանուկներին, ապա Աստված երբե՛ք նման բան չի անի քո հանդեպ։
Աստված սիրում է քեզ։ Նա՛ է քեզ արարել։ Նա քո երկնային Հայրն է։ Նա երբե՛ք քեզ չի լքի։ Եթե անգամ ծանրագույն դժվարությունների բախված իսրայելացիների նման դու էլ երբեմն մտածում ես ու ասում ինքդ քեզ․ «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է», հիշի՛ր Նրա խոսքերը և խոստումը Իր զավակներին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո խնդիրների ու դժվարությունների մեջ եթե անգամ բոլորը քեզ լքեն․․․, եթե անգամ մնաս միայնակ քո կյանք այցելած արհավիրքներին դեմ հանդիման, Աստված շարունակում է մոտ լինել քեզ ու երբե՛ք քեզ չի թողնի մենակ։
Նույնիսկ երբ քեզ բացարձակապես մենակ ես զգում, Նա ասում է. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այս խոստումը գրված է Նոր Կտակարանում և վերաբերում է Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած յուրաքանչյուր մարդու։
«Վարքն առանց արծաթասիրության թող լինի. բավարա՛ր համարեք այն, ինչ ձեռք եք բերել, որովհետև Ինքն իսկ ասաց. «Քեզ չեմ թողնելու ու չեմ լքելու»։ Այնպես որ համարձակվում ենք ասել. «Տերն է իմ օգնականը, և ես չպիտի վախենամ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Եբրայեցիներին 13․5-6)։
Քո կյանքի ծանրագույն իրավիճակներում երբե՛ք թույլ չտաս, որ վախերն ու անհանգստությունները այցելեն քեզ ու համոզեն, թե Աստված մոռացել է քեզ։ Փոխարենը քննի՛ր քո սիրտը և լցրու այն Տեր Աստծու հաստատուն ու անխախտ խոստումների հանդեպ վստահությամբ և հավատքով։ Աստված սիրում է քեզ։ Նա քո Հայրն է։ Նա երբե՛ք քեզ չի մոռանա, երբե՛ք քեզ չի թողնի և երբե՛ք քեզ չի լքի։ Հավատո՞ւմ ես․․․