• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 6 հնս 2026 թ.

Աստված ուզում է վերականգնել քո հավատքը և ծառայությունը

Հրապարակման ամսաթիվ 6 հնս 2026 թ.

Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Աստված ուզում է վերականգնել քեզ» անվանումը։ Հավատքի կյանքում երբեմն լինում են շրջաններ, երբ մեր ընթացքը ծանրանում է, իսկ Աստծուն ծառայելը ուրախության, ցնծության և թեթևության փոխարեն դառնում է ասես մի պարտականություն, որը մենք մեծ ջանքերի գնով ենք կատարում։ 

Սիրելի՛ Ընկեր, նման վիճակը նորմալ չէ և հաճախ հետևանք է մեր սեփական սխալների, մարդկանցից ունեցած սխալ ակնկալիքների կամ էլ հիասթափությունների ու տարբեր մարդկանց սխալ պահվածքի հանդեպ ոչ աստվածահաճո արձագանքների։ 

Երբեմն մենք կարող ենք բախվել տարբեր մարդկանց վիրավորական վերաբերմունքին կամ ծառայության մեջ գնահատանքի ու երախտագիտության բացակայության։ Երբեմն Աստծուն ուղղված մեր աղոթքները երկար ժամանակ կարող են անպատասխան մնալ։ Երբեմն էլ մեր սեփական սխալների, տկարությունների ու մեղքի պատճառով կարող ենք ընկնել ինքնադատապարտության ծուղակը։ 

Նման պահերին մարդը ցանկանում է քաշվել մի կողմ, հանձնվել և թողնել ամեն բան։ Բայց Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, որ հոգևոր զորավոր հերոսներից շատերն են անցել այս ճանապարհով, և Աստված նրանց երբեք չի թողել այդ վիճակի մեջ, այլ զորացրել է, քաջալերել, մխիթարել և վերականգնել նրանց հավատքն ու ծառայությունը։

«Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․29-31):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբ Եղիա մարգարեն իր կյանքի մեծագույն հրաշքներից մեկի՝ Կարմելոս լեռան վրա Բահաղի մարգարեների հանդեպ զորավոր հոգևոր հաղթանակից հետո չար Հեզաբել թագուհու սպառնալիքի պատճառով ընկավ խորը հուսահատության մեջ, նա փախավ անապատ, նստեց ծառի տակ և այնքան էր հոգնել այդ ամենից, որ մահ էր խնդրում Աստծուց։

«Իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, եկավ ու նստեց մի գիհի ծառի տակ և սրտանց ուզեց, որ մեռնի, և ասաց. «Արդեն բավական է, ո՛վ Տեր, ա՛ռ իմ հոգին․․․» (Գ Թագավորաց 19.4):

Սակայն Աստված նրան չհանդիմանեց թերահավատության համար։ Տերը նախ հրեշտակ ուղարկեց, որպեսզի հաց ու ջուր տա Եղիային (ֆիզիկական վերականգնում)։ Ապա Աստված նրան հայտնվեց ոչ թե փոթորկի, կրակի կամ երկրաշարժի, այլ մեղմ ու նուրբ ձայնով, որից հետո հոգևոր վերականգնում տեղի ունեցավ։ Աստված նրան տվեց նոր առաջադրանք և ցույց տվեց, որ նա մենակ չէ։ Այս ամենից հետո Եղիայի ծառայությունը շարունակվեց նոր ուժով։

Ձախողումները կարող են ստիպել մեզ մտածել, թե մենք այլևս պիտանի չենք Աստծու Արքայության համար, ճիշտ ինչպես մտածում էր Պետրոսը՝ Տեր Հիսուսին ուրանալուց հետո։ Սակայն ճիշտ ինչպես Պետրոսի պարագայում էր, մեր վերականգնված հավատքը և Աստծուց ընդունած ներումը մեզ դարձնում են ավելի երախտապարտ, կարեկից և մյուսներին ծառայելու համար ավելի պատրաստակամ։

Քննի՛ր քո սիրտը։ Հավատո՞ւմ ես, որ Աստված քեզ մի օր կանչել է հետևելու և ծառայելու Իրեն։ Եթե սրտումդ հավատում ես ասվածին, ապա այդ կանչը դեռ ուժի մեջ է։ Քո անցյալի ձախողումը կամ ներկա հոգնածությունն ու հիասթափությունը դեռ վերջակետ չեն։ Թո՛ւյլ տուր, որ Բարի Հովիվը նորից բարձրացնի քեզ, նորոգի քո հավատքը և քեզ առաջնորդի դեպի քո կյանքի լավագույն հաղթանակներն ու պտղաբեր ծառայությունները։

«Աստված ուզում է վերականգնել քո հավատքը և ծառայությունը» անվանումը կրող ուսուցումը կարող եք ունկնդրել այս հղումով՝https://youtube.com/live/IClP62FsQ14

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես