Աստված ուզում է վերականգնել քո արդարության հանդերձները
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Աստված ուզում է վերականգնել քեզ» անվանումը։ Աստվածաշնչում «հանդերձները» (հագուստը) համարվում են մարդու ներքին վիճակի, նրա ինքնության և հոգևոր կարգավիճակի խորհրդանիշը։ Կեղտոտ, պատառոտված հագուստը խորհրդանշում է մեղքը, ամոթը, ձախողումն ու դատապարտվածությունը։ Իսկ սպիտակ, մաքուր և փառավոր հանդերձները խորհրդանշում են Աստծո արդարությունը, շնորհքը, պատիվն ու որդեգրությունը։
Սիրելի՛ Ընկեր, երբ մենք սխալվում ենք կամ հեռանում Աստծուց, թշնամին (սատանան) փորձում է մեզ հագցնել «ամոթի ու դատապարտության հնամաշ շորեր»։ Սակայն Տեր Աստծու մեծագույն փափագն է հանել քո վրայից այդ կեղտոտ հանդերձները և հագցնել քեզ Իր պարգևած արդարության ու սրբության պատմուճանը։
«Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնել էր նրա աջ կողմում՝ նրան ընդդիմանալու համար։ Հեսուն կեղտոտ հագուստներ էր հագել և կանգնել հրեշտակի առաջ։ Եվ հրեշտակը պատասխանեց ու ասաց իր առաջ կանգնածներին. «Հեռացրե՛ք նրա վրայից այդ կեղտոտ հագուստները»։ Իսկ նրան ասաց. «Տե՛ս, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը և քեզ պատվական զգեստներ պիտի հագցնեմ»։ Եվ ես ասացի, որ նրա գլխին մաքուր խույր դնեն։ Եվ մաքուր խույր դրեցին նրա գլխին և հանդերձներ հագցրին նրան։ Եվ Տիրոջ հրեշտակը կանգնած էր» (Զաքարիա 3․1,3-5):
Այս հրաշալի նկարագրության մեջ քահանայապետ Հեսուի օրինակով տեսնում ենք, թե ինչպես է Տեր Աստված հոգում հոգևոր հանդերձների այդ փառահեղ փոխանակումը։ Հեսուն իրոք կեղտոտ հանդերձներով էր, և սատանան ընդդիմանում էր նրան։ Սակայն Աստված Իր հրեշտակի միջոցով հոգում է այդ կեղտոտ հանդերձների փոխարինումը պատվական հանդերձներով։ Հրեշտակն ասում է նրան․ «Տե՛ս, ես քո վրայից վերցրի քո անօրենությունը և քեզ պատվական զգեստներ պիտի հագցնեմ»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեղքն ու անհնազանդությունը խլում են մեր հոգևոր մաքրությունը՝ մեզ թողնելով ամոթի և մեղավորության «կեղտոտված հանդերձներով»։ Տերը վերցնում է այդ ամենը մեր վրայից, մաքրում մեզ ամեն անիրավությունից ու մեղքի թողած ինքնադատապարտության բծերից, ներում է մեզ ու մեր սրտերին ներված լինելու վստահություն տալիս և տալիս է նաև լիովին նոր, սպիտակ ու մաքուր, արդարության հանդերձները։ Եվ այս ամենի հիմքը Տեր Հիսուս Քրիստոսի անգին զոհաբերությունն է Գողգոթայի խաչի վրա։
«Որովհետև Աստված Նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք Նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթացիս 5․21):
Ինչպես անառակ որդու վերադարձի պատմության մեջ ենք տեսնում, որ հայրը լավագույն պատմուճանն է հագցնում դարձի եկած իր որդուն՝ ցույց տալով, որ նրա պատիվն ու դիրքը վերականգնված են, այնպես մեր երկնային Հայրն է լավագույն պատմուճանը հագցնում և որդեգրությամբ Իր ընտանիքի մեջ ընդունում յուրաքանչյուր մարդու, ով զղջում ու ապաշխարում է իր կյանքի մեղսալի ընթացքի կամ ակնհայտ ու գաղտնի մեղքերի համար։ Ընդամենը պետք է, որ մարդը փոխի իր մոտեցումը մեղքի և Աստծու կամքի հանդեպ և վերադառնա իր երկնային Հոր իշխանության ներքո։
«Եվ որդին նրան ասաց. "Հա՛յր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ։ Այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ"։ Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ» (Ղուկաս 15․21-22):
Ես չգիտեմ, թե ինչ հոգևոր ճահճի կամ մեղքի ծուղակի մեջ ես դու հայտնվել այսօր, բայց մի բան կարող եմ ասել վստահաբար․ Աստված ուզում է վերականգնել քո արդարության հանդերձները։ Անառակ որդու նման սթափվի՛ր։ Քո Հայրը աչքը ճանապարհին սպասում է քո վերադարձին՝ քո ապաշխարությանն ու Իր սիրո ու շնորհի պարգևած վերականգնմանը։ Գնա՛ Նրա մոտ, և Տերը կմաքրի քեզ ու կվերականգնի քո պատիվն ու արժանապատվությունը։
«Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհաննես 1․9):
«Աստված ուզում է վերականգնել քո արդարության հանդերձները» անվանումը կրող ուսուցումը կարող եք ունկնդրել այս հղումով՝https://youtube.com/live/RgkUAEGKI78?feature=share