Իսկ դու ուզո՞ւմ ես, որ Աստված վերականգնի քեզ
Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Աստված ուզում է վերականգնել քեզ» անվանումը։ Նախորդ վեց ուղերձներում տեսանք, որ Աստված սիրում է մեզ և երբե՛ք ու երբե՛ք չի անտեսում մեր ցավն ու կոտրվածությունը։ Ընդհակառակը՝ Աստված հատուկ մոտեցում ունի դժվարություններով անցնող մարդկանց հանդեպ և ուզում է վերականգնել մեզ։
Սիրելի՛ Ընկեր, Աստծուց մարդուն տրված մեծագույն պարգևներից մեկը ազատ կամքն է։ Աստված Ինքն է մեզ ազատ կամք և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությամբ օժտել։ Նա Իր ինքնիշխան որոշմամբ սահմանափակել է Իրեն մեր ազատ կամքով։ Ի՞նչ է դա նշանակում։
Աստված ուզում է վերականգնել քեզ՝ լինի դա քո կոտրված սիրտը, քո առողջությունը, քո կյանքի խաթարված հարաբերությունները, Նրա հանդեպ քո առաջին սիրո ջերմությունը, քո արդարության հանդերձները, որ գուցե հոգևորապես այսօր վերածվել են աղտոտված ցնցոտիների, թե քո հավատքն ու ծառայությունը։ Սակայն Աստված երբե՛ք դա չի անի քո կամքին հակառակ։ Իսկ դու ուզո՞ւմ ես, որ Նա վերականգնի քեզ։
«Այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդ էր։ Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած և իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. «Ուզո՞ւմ ես առողջանալ» (Հովհաննես 5.5-6):
Աստված երբեք ստիպելով չի բժշկում կամ ազատագրում։ Նա հարցնում է մեր համաձայնությունը։ Երբեմն մարդը կարող է այնքան սովորել սեփական ցավին, մեղքին կամ տկարությանը, որ անգամ վախեր ունենա իր կյանքում որևէ փոփոխությունից։
Սակայն այսօր ուզում եմ հորդորել քեզ, որպեսզի ո՛չ միայն չվախենաս, այլև խնդրես Տեր Հիսուսին, որ գա քո կյանք և փոխակերպում բերի քո հոգեվիճակի և քո կյանքի տարբեր դժվարին իրավիճակների մեջ։ Դո՛ւ գիտես քո կյանքի ամենամեծ հոգսը։ Դու գիտե՛ս, թե որքա՜ն է այն քեզ ցավեցնում ու թևաթափ անում։ Տերն ուզում է վերականգնել քեզ։ Տեր Աստված կամենում է, որ դու լցվես Իր կյանքով և Իր ուրախությամբ․․․, որ քո սրտի մեջ թագավորի Իր խաղաղությունը և որ ապրես Տեր Աստծու պատվիրաններին ու ակնկալիքներին համահունչ սրբության ու հավատարմության կյանքով։
«Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն Ես եկա, որ Իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։ Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհաննես 10․10-11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր հատուկ աղոթքով կանչի՛ր Տեր Հիսուսին, որպեսզի Նա գա ու կարգավորի քո կյանքի կործանման եզրին հասած բոլոր ոլորտներն ու հարաբերությունները։ Բավակա՛ն է նստես ու նայես քո կյանքի խնդիրներին։ Ժամանա՛կն է հանձնվելու այն Վարպետի ձեռքերի մեջ, որը կորտված կյանքերի լավագույն Բժիշկն է։ Նա կարո՛ղ է ամենաանհույս իրավիճակներից ելք ապահովել և փոխակերպել ամենակարծր սրտերը։ Թո՛ւյլ տուր, որպեսզի քո հավատքն ու Նրա Խոսքին և կամքին քո հնազանդության փափագը բացեն այն դուռը, որը Նա շարունակաբար թակում է։
«Ահա Ես դռան առաջ կանգնած եմ ու թակում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ Ինձ հետ» (Հայտնություն 3․20):