Աստված ուզում է վերականգնել քո առաջին սիրո ջերմությունը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Աստված ուզում է վերականգնել քեզ» անվանումը։ Հիշո՞ւմ ես արդյոք այն օրերը, երբ նոր էիր ապաշխարել և ամեն առիթ օգտագործում էիր Աստծուն ավելի մոտենալու և Նրա ավելի խորը ճանաչելու համար։ Այն ժամանակ, երբ պատրաստ էիր ժամերով աղոթել, Աստվածաշունչ կարդալիս աչքերից արցունքներ էին հոսում, իսկ Տեր Հիսուսի մասին խոսելու ցանկությունն անկասելի էր։ Դա «առաջին քո սերն» էր՝ անկեղծ, կրակոտ, առանց նախապայմանների և հաշվարկների։
Սիրելի՛ Ընկեր, այո՛, Աստված ուզում է վերականգնել Իր հանդեպ քո առաջին սիրո ջերմությունը։ Ժամանակի ընթացքում առաջին սիրո կրակը կարող է մարել՝ վերածվելով «հոգևոր պարտականությունների» մի ամբողջության։ Դու դեռ կարող ես եկեղեցի հաճախել, դեռ աղոթում ես ու Աստվածաշունչ կարդում, բայց ներսում չկա այն նախկին կրակի կենդանի ջերմությունը։
Այս ուղերձը քեզ հանդիմանելու համար չէ։ Այն Տեր Աստծու սիրո հրավերն է քեզ, որպեսզի վերադառնաս Իր հայրական գորովով ու սիրո հոգատարությամբ լցված ապահով գիրկը։
«Գիտեմ քո գործերը, քո աշխատանքը, քո համբերությունը, և որ չարերին չես կարող տանել. փորձեցիր նրանց, ովքեր առաքյալ են ձևանում, բայց չեն, և սուտ համարեցիր նրանց։ Համբերություն ունես։ Իմ անվան համար տանջվեցիր և չընկրկեցիր։ Բայց քո դեմ բան ունեմ, որովհետև թողեցիր քո նախկին սերը։ Արդ հիշի՛ր՝ որտեղի՛ց ընկար, զղջա՛ և նախկին գործերն արա՛, ապա թե ոչ, կգամ քեզ մոտ և քո ճրագակալն իր տեղից կշարժեմ, եթե չապաշխարես» (Հայտնություն 2․2-5):
Այս խոսքերը Տեր Հիսուսն ուղղում է Եփեսոսի եկեղեցուն։ Այս եկեղեցու հավատացյալներն ունեին ճիշտ վարդապետություն, նվիրված էին եկեղեցական ծառայություններին, սակայն կորցրել էին ամենակարևորը՝ Տեր Հիսուսի հանդեպ անձնական սերը։ Տեր Աստծու համար ոչ մի ծառայություն չի կարող փոխարինել Իր նկատմամբ Իր սիրելի զավակների կրակոտ սիրուն։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Աստծու սերը քո հանդեպ երբեք չի փոխվել։ Քո սխալները, տկարությունները, սայթաքումներն ու անգամ՝ Իր հանդեպ քո սառնությունը կամ նախկին կրակի բացակայությունն անկարող են որևէ կերպ նվազեցնել Նրա սերը քո հանդեպ։ Նա քեզ սիրում է նույն ջերմությամբ, որով սիրում էր քեզ քո Վերստին ծնունդի ժամանակ։
«Ում Ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։ Ահա Ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ Ինձ հետ» (Հայտնություն 3․19-20):
Որքան էլ տարօրինակ հնչի ասածս, այս խոսքերը ուղղված չեն անապաշխար մարդկանց, այլ՝ եկեղեցու հավատացյալներին։ Այսօր Տեր Հիսուսը կանգնած է քո սրտի դռան առջև և թակում է։ Բացի՛ր քո սիրտը և թո՛ւյլ տուր, որ Նրա ներկայությունը նորից ջերմացնի ու բոցավառի քո կյանքը։
Սակայն ինչպե՞ս կարող ես դա անել գործնականում։ Առաջին սիրո կրակը կրկին կբորբոքվի քո սրտում, եթե նախ հիշես կամ խնդրես Տեր Աստծուն քեզ ցույց տալ, թե ի՛նչն է եղել քո սառելու պատճառը։ Հե՛նց հայտնաբերես դա և տեսնես, թե որտեղի՛ց սկսած շեղվեցիր առաջին սիրո ջերմության ընթացքից, անմիջապես ապաշխարիր և շտկիր ընթացքդ՝ վերադառնալով այն ժամանակների նվիրման քայլերին։
Դա կարող է լինել պաշտամունքներին քո հավատարիմ մասնակցությունը, աղոթքի և Աստվածաշնչի ընթերցանության կյանքը վերականգնելը, մյուսներին վկայելու և Քրիստոսի մասին խոսելու փափագը, ծառայելու մղումը, երկրպագության երգերի միջավայրում օրդ անցկացնելը կամ մեկ ուրիշ հոգևոր օրհնության վերականգնումը քո կյանքում։
«Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ Դուք կկանչեք Ինձ և կգաք ու կաղոթեք Ինձ, և Ես կլսեմ ձեզ։ Դուք կփնտրեք Ինձ ու կգտնեք, երբ Ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք» (Երեմիա 29․11-13):
Աստված ուզում է վերականգնել Իր հանդեպ քո առաջին սիրո ջերմությունը։ Իսկ դու ուզո՞ւմ ես․․․
«Աստված ուզում է վերականգնել քո առաջին սիրո ջերմությունը» անվանումը կրող ուսուցումը կարող եք ունկնդրել այս հղումով՝https://youtube.com/live/CByeSP8MUtU