• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 24 ապր 2026 թ.

Ի՞նչն է քո կյանքի տրտմության պատճառը

Հրապարակման ամսաթիվ 24 ապր 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Քաջալերանքներ 43-րդ սաղմոսից» անվանումը։ Մեր կյանքերում տրտմության բազմաթիվ պատճառներ կարող են լինել։ Դրանք կարող են լինել արտաքին կամ ներքին գործոնների ազդեցության հետևանքով։ Այսօր ապրիլի քսանչորսն է, և բոլորս հիշում ենք ցեղասպանության բերած արհավիրքները, որոնք մեկ դարից ավելի է, ինչ ցավ ու տառապանք են բերում մեր ժողովրդի հոգեվիճակի մեջ։ Խնդիրներն ու ցավը, տառապանքն ու տրտմությունը կարող են լինել թե՛ համազգային, թե՛ ընտանեկան և թե՛ նեղ անձնական ոլորտներում։ 

«Ուղարկի՛ր Քո լույսը և Քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի Քո սուրբ լեռը և դեպի Քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ Քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 43․3-5):

Սիրելի՛ Ընկեր, կարևոր է նշել, որ սաղմոսերգուն չի խոսում այն մասին, թե Աստծու ներկայության մեջ լինող և Տիրոջը սրտանց երկրպագող մարդկանց կյանքում չի կարող լինել որևէ տրտմության պատճառ։ Հակառակը՝ հավատացյալի կյանքում տրտմության պատճառները կարող են անգամ շատ լինել, սակայն Տիրոջ ներկայության մեջ այնպիսի մի զորություն կա, որը ուժ, համբերություն և դիմացկունություն է պարգևում հավատացյալին, որպեսզի նա տրտմության համար բոլոր հիմնավոր նախադրյալների պարագայում անգամ կարողանա տրտմությունից ազատ կյանքով ապրել։

«Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ Իսկ Նա ինձ ասաց. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ» (Բ Կորնթացիս 12․7-10):

«Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում»։ Կարո՞ղ ես արդյոք դու էլ քո ծանրագույն իրավիճակների մեջ ինքդ քեզ տալ այս նույն հարցը, որը սաղմոսերգուն է տալիս ինքն իրեն։ Պողոս առաքյալը իր տկարություններից, նախատինքներից, վշտերից, հալածանքներից ու նեղություններից ընդամենը մեկ օրինակ է բերում, որում խոսում է իր մարմնի ցավի մասին, որի համար երեք անգամ խնդրել էր Տիրոջը։ Սակայն ցավից ազատվելու փոխարեն Նա Տեր Աստծուց մի զորավոր շնորհի զորություն էր ստացել, որն առաքյալի մոտ հոժարության զգացում էր առաջ բերել, քանի որ դրա արդյունքում Քրիստոսի զորությունն էր բնակվել։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ քո կյանքում կա՞ տրտմության հիմնավոր պատճառ։ Արդյոք դու էլ սաղմոսերգուի, Պողոս առաքյալի ու բազմաթիվ նվիրյալ հավատացյալների նման կարո՞ղ ես ասել, որ Քրիստոսի զորության բնակվելը քո կյանքում շատ ավելի զորավոր վայելք է, քան տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների ու նեղությունների բերած տառապանքն ու տրտմությունները։ 

Տրտմությունն ու տրտունջը հավատացյալի հոգևոր պարտության դրսևորումներն են։ Մեր թշնամին՝ սատանան, ամեն բան անում է, որպեսզի մենք մեր դժվարությունների մեջ մոռանանք Աստծուն կամ, որ ավելի սարսափելի է, մեղադրենք Տիրոջը ու հեռանանք Նրանից՝ կյանքի ու փրկության միակ Աղբյուրից։ 

«Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում»։ Երբե՛ք չընկնես թշնամու այս ծուղակի մեջ։ Նրա շնորհը բավարար է քո տկարությունների ու դժվարությունների ժամանակ քեզ զորացնելու համար։ 

Անգամ եթե այսօր դեռ չես տեսնում քո կյանքի ճգնաժամերից դուրս գալու ելքը և չես էլ կարող անգամ պատկերացնել քո կյանքը այդ ճնշումներն ու տառապանքը հաղթահարած վիճակում, միևնույն է՝ չտրտմե՛ս ու չտրտնջաս, այլ հակառակվի՛ր չարին ու հուսա Տիրոջը։ Նա քեզ կվերականգնի, կամրացնի, կզորացնի ու հաստատահիմն կդարձնի։ Ինչպես, համոզված եմ, որ անելու է մեր բազմաչարչար ժողովրդի հետ, եթե, անշուշտ, մենք դարձի գանք ու ապրե՛նք Նրա ներկայության օրհնության մեջ։ 

«Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։ Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի Իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։ Նրան իշխանությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն» (Ա Պետրոս 5․8-11):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես