Երգի՛ր Աստծուն և գովաբանի՛ր Նրան
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քաջալերանքներ 43-րդ սաղմոսից» անվանումը։ Այո՛ Տեր Հիսուս Քրիստոսի մեջ Աստծու լույսն ու ճշմարտությունը առաջնորդում են դեպի Նրա սուրբ լեռը և Նրա բնակարանները։ Այո՛ դեպի Տիրոջ ներկայություն տանող ճանապարհն անցնում է Նրա զոհասեղանի կողքով։ Առանց զոհի մարդը չի կարող մտնել Աստծու սրբության ներկայության մեջ։ Եվ երբ այս բոլոր պայմանները բավարարված են և մարդը վայելում է Տիրոջ ներկայությունը, նա չի կարող չերկրպագել ու չի կարող չերգել Աստծուն։
«Ուղարկի՛ր Քո լույսը և Քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի Քո սուրբ լեռը և դեպի Քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 43․3-5):
Սիրելի՛ Ընկեր, Աստծուն ուղղված մեր երգերը մեր գոհության ու երախտագիտության դրսևորման կերպերից մեկն են։ Երգով մենք արտահայտում ենք մեր ցնծությունը, քանի որ ընդունել ենք Տեր Աստծու փրկությունը։ Երգով արտահայտում ենք մեր երեախտագիտությունը, քանի որ Աստված մեզ այնքա՜ն սիրոց, որ հանուն մեզ Իր Միածին Որդուն զոհեց Գողգոթայի խաչի վրա։ Երգով մենք արտահայտում ենք մեր գովաբանությունը, քանի որ այս տիեզերքում միայն Մեկը կա, որ արժանի է երկրպագության ու պաշտամունքի։ Երգը Աստծուն ուղղված մեր պաշտամունքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։
«Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով» (Կողոսացիս 3․16):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ դու երգո՞ւմ ես Տեր Աստծուն ուղղված գովաբանության, երկրպագության ու մեծարանքի հոգևոր երգեր։ Աստվածաշնչում մի հրաշալի խոսք կա, որն ասում է, որ Տեր Աստված բնակվում է Իր ժողովրդի փառաբանության մեջ (տե՛ս Սաղմոս 22.3 խոսքը): Նոր Կտակարանը նույնպես կարևորում է հավատացյալների երգն ու փառաբանությունը։
«Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը» (Եփեսացիս 5․19-20):
Լցրո՛ւ քո օրը Տեր Աստծուն ուղղված փառաբանությամբ ու գովասանություններով։ Լսի՛ր հոգևոր երգեր և երգի՛ր հոգևոր երգեր։ Դրանք Աստծու ներկայության մեջ մուտք գործող մարդու բնական արձագանքն են Նրա սրբության մեծությանն ու անսահման խորը սիրուն։ Երգի՛ր Աստծուն և քո կյանքը լցրու փառաբանության և օրհնաբանության լիությամբ։
«Նրա դռները մտե՛ք գոհությամբ, Նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք Նրա անունը։ Որովհետև բարի է Տերը, և հավիտյան է Նրա ողորմությունը, և Նրա ճշմարտությունը՝ սերնդից մինչև սերունդ» (Սաղմոս 100․4-5):