Քո զոհի պտուղը ուրախությունն ու ցնծությունն է Աստծուց
Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Քաջալերանքներ 43-րդ սաղմոսից» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձների մեջ տեսանք, որ Աստծու Լույսն ու Ճշմարտությունն են, որ առաջնորդում են մարդուն դեպի Նրա ներկայությունը՝ Նրա սուրբ լեռը և Նրա բնակարանները։ Միայն Տեր Հիսուսի շնորհիվ է, որ մենք կարող ենք մուտք գործել մեր երկնային Հոր ներկայության մեջ։ Այս ուղերձի մեջ կանդրադառնանք այն ճշմարտությանը, թե ի՛նչ է Աստված ակնկալում Իր ներկայության մեջ մուտք գործած մարդուց։
«Ուղարկի՛ր Քո լույսը և Քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի Քո սուրբ լեռը և դեպի Քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ Քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 43․3-5):
Սիրելի՛ Ընկեր, ուրախության ու ցնծության Աստծուն մոտենալու ճանապարհը միշտ անցնում է Աստծու զոհասեղանի մոտով։ «Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ»։ Աստվածաշունչը ուսուցանում է զոհի կարևորության մասին։ Տեր Հիսուսը ուսուցանում էր մե՛ր խաչի մասին։ Միայն անձը ուրացած մարդիկ կարող են իրական զոհաբեր կյանք ապրել Տեր Աստծու առջև։
«Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու Իմ հետևից գա։ Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով Ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի» (Ղուկաս 9․23-24):
Տիրոջ ներկայության մեջ ուրախություն ու ցնծություն կա։ Եթե դու կորցրել ես ուրախությունդ, եթե քո կյանք է այցելել տրտմությունը, և չես կարողանում դրանից ազատվել, ապա քեզ Աստծու ներկայությունն է անհրաժեշտ։ Քրիստոսի լույսն ընդունելն ու Նրա ճշմարտություններին հավատալը քեզ առաջնորդում է դեպի քո ուրախության ու ցնծության Աստծու ներկայությունը։ Սակայն այդ ճանապարհն անցնում է Տիրոջ զոհասեղանի կողքով։ Տերը Իր ներկայության մեջ ապրող մարդկանցից ակնկալում է զոհաբեր սիրտ ու զոհաբեր գործեր։
Ելից 23.15 և Բ Օրինաց 16.16 խոսքերում Աստված ուղիղ կերպով պատվիրում էր Իր ժողովրդին, որ ոչ ոք դատարկաձեռն չերևա Իր առջև։ Եթե Հին Ուխտի ժամանակներում Աստծու զոհասեղանի վրա միայն ունեցվածք ու նյութական արժեքներ էին դրվում, ապա Նոր Կտակարանում, ի հավելումն ֆինանսական ու նյութական զոհաբերությունների, Աստված ավելին է ակնկալում։
«Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ՝ սուրբ և աստվածահաճո. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիս 12․1-2):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, անհնարին է մուտք գործել Աստծու ներկայության մեջ՝ առանց զոհասեղանի իրողության։ Անհնարին է լինել Քրիստոսի աշակերտը՝ առանց անձը ուրանալու և զոհաբեր սրտի ապացույցի՝ սեփական խաչը ամեն օր կրելու։ Անհնարին է Աստծու ուրախությունը և ցնծությունը ընդունել՝ առանց նախ Նրա զոհասեղանին մեր անձերը որպես կենդանի զոհ մատուցելու։
Տիրոջը հաճելի է, երբ հանուն Նրա կամքը կատարելու մենք հակառակ ենք գնում աշխարհի սկզբունքներին։ Տիրոջը հաճելի է, երբ մենք երկնային գանձերը վեր ենք դասում այս երկրային հաճույքներից։ Տիրոջը հաճելի է, երբ մենք ջանք ենք անում Նրա կամքով ապրելու և հանուն դրա զոհաբերում ենք սեփական ցանկություններն ու հարմարավետությունը։ Նման մարդուն Նա լցնում է Իր ուրախությամբ ու Իր ցնծությամբ։ Քո զոհի պտուղը Տեր Աստծու տված ուրախությունն է և ցնծությունը․․․