• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 21 ապր 2026 թ.

Ո՞վ կկանգնի Աստծու սուրբ լեռան վրա

Հրապարակման ամսաթիվ 21 ապր 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Քաջալերանքներ 43-րդ սաղմոսից» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ անդրադարձանք Տեր Աստծու Լույսն ու Ճշմարտությունն ընդունելու կարևորությանը և տեսանք, որ Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, որ թե՛ Լույսը և թե՛ Ճշմարտությունը ամփոփված են մեկ Անձի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մեջ։ Իսկ Նրան ընդունելը կամ մերժելը կապ ունի Նրա ուսուցումների հանդեպ մեր վերաբերմունքի հետ՝ հավատալ դրանց հնազանդվելու որոշմամբ, կամ որոշել ապրել սեփական պատկերացումներով՝ մերժելով Քրիստոսի բերած լույսն ու փոխանցած ճշմարտությունները։ 

«Ուղարկի՛ր Քո լույսը և Քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի Քո սուրբ լեռը և դեպի Քո բնակարանները։ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ Քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ Նրանից, որովհետև Նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը» (Սաղմոս 43․3-5):

Սիրելի՛ Ընկեր, Տեր Աստծու Լույսն ու Նրա ճշմարտությունն ընդունելը առաջնորդում են մարդուն դեպի Տիրոջ սուրբ լեռը և դեպի Նրա բնակարանները։ «Սուրբ լեռը և Տիրոջ բնակարանները» արտահայտությունը խոսում է Տեր Աստծու ներկայության մասին։ Առանց Քրիստոսի բերած լույսի լուսավորության և Նրա փոխանցած ճշմարտություններն ընդունելու ո՛չ ոք չի կարող մուտք գործել Տեր Աստծու ներկայության մեջ։ 

Քրիստոսի լույսը լուսավորում է խավարի մեջ ապրող մարդուն։ Քրիստոսի լույսը ցրում է մարդու կյանքի անորոշությունների, կասկածների ու վախերի խավարը։ Տերը Իր հետ մարդու կյանք է բերում ուրախություն, խաղաղություն և, որ շատ կարևոր է, արդարության կյանքի սրբությունը։ Նա ներում է Իր լույսն ընդունած մարդկանց մեղքերը և սովորեցնում մաքուր պահել Նրա շնորհած արդարության հանդերձները։ Եվ այդ ամենն անում է՝ Իր ճշմարտություններով բացահայտելով չարի կառուցած բոլոր սուտ պատկերացումներն ու Աստծու Խոսքին հակասող ուսուցումները։ 

Ինչպիսի՜ ուրախություն է Քրիստոսի ուսուցումների ու փոխանցած սկզբունքների լույսով լուսավորվելը։ Ինչպիսի՜ խաղաղություն կա դրանցով ապրող մարդկանց սրտերում։ Եվ այս ամենը գալիս է Տեր Աստծու ներկայության մեջ հարատև մուտք ունենալու արտոնությունից։ Քրիստոսով լուսավորված ու Նրա ճշմարտություններին հավատացող մարդիկ Տեր Աստծու ընտանիքի լիիրավ անդամներն են։ Նրանք մշտապես մուտք ունեն դեպի իրենց երկնային Հոր գահը և վայելելու են Նրա հայրական խնամքը, պաշտպանությունն ու հոգատարությունը։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տիրոջ սուրբ ներկայության մեջ մուտք ունեն միայն սրբության փափագ ունեցող մարդիկ։ Սրբության կյանքը մեր արժանիքը չէ, այլ Տեր Աստծու շնորհը, որը Նա պարգևում է Քրիստոսի խոսքերով ապրելու փափագ ունեցող յուրաքանչյուր մարդու։ Ո՞վ կարող է մուտք գործել Սուրբ Աստծու սուրբ ներկայության մեջ։ Անշուշտ, միայն Նրա կամքին հնազանդության կյանքով ապրելու փափագ ունեցող մարդիկ։ 

«Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի Նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն» (Սաղմոս 24․3-5):

Իսկ դու ընդունե՞լ ես Քրիստոսի լույսն ու ուսուցումների ճշմարտությունը։ Իսկ դու փափագ ունե՞ս քո սրտում ապրելու Նրա հավատարիմ աշակերտի կյանքով՝ Նրա կամքին ու Նրա պատվիրաններին հնազանդության փափագով․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես