• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 9 ապր 2026 թ.

Ի՞նչն է ընկճել քո հոգին

Հրապարակման ամսաթիվ 9 ապր 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Երբ ընկճված ես և ուժասպառ» անվանումը։ Այս ուղերձի մեջ ուզում եմ անդրադառնալ դժվարություններով անցնող և կոտրված սիրտ ունեցող մարդկանց հանդեպ Տեր Աստծու վերաբերմունքին։ 

Սիրելի՛ Ընկեր, եթե դու քեզ ընկճված և ուժասպառ ես զգում․․․, եթե կոտրված ես ու հիասթափված այս կյանքի դժվարություններից կամ մարդկանց սխալ ու անհավատարիմ պահվածքից, ապա այսօրվա ուղերձը հե՛նց քեզ համար է։ Երբ կյանքիդ իրավիճակները բարդանում են ու դժվարանում․․․, երբ բախվում ես անհաղթահարելի թվացող ճգնաժամային երևույթների, ապա ճի՛շտ ժամանակն է հայացքդ դեպի Աստված ուղղելու, քանի որ Տերն առանձնահատուկ վերաբերմունք ունի կոտրված սիրտ ունեցող մարդկանց հանդեպ։ 

«Եվ Տերը կասի. «Հարթե՛ք, հարթե՛ք, ճանապա՛րհ բացեք, վերացրե՛ք խոչընդոտն Իմ ժողովրդի ճանապարհից»։ Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայիա 57.14-15):

Տեր Աստված առանձնահատուկ վերաբերմունք ունի դժվարությունների տակ կքված մարդկանց հանդեպ։ Անշուշտ, խոնարհներին շնորհ տալու սկզբունքը չի չեղարկվում։ Մարդիկ կան, որոնց հպարտությունն անկարող են կոտրելու անգամ ծանրագույն իրավիճակները։ Սակայն կան մարդիկ, որոնք կոտրված սիրտ ու խոնարհ հոգի ունեն։ Հենց նրա՛նց համար է Տեր Աստծու ո՛չ միայն օգնությունը, այլև մտերմությունը։ 

Տերը գալիս է բժշկելու կոտրված սրտերը և վերակենդանացնելու խոնարհների հոգիները։ 

«Որովհետև Ես պիտի հագեցնեմ հոգնաբեկ հոգին և պիտի գոհացնեմ յուրաքանչյուր նվաղած հոգին» (Երեմիա 31․25):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե քո սիրտն էլ կոտրված է որևէ իրավիճակի կամ իրադարձության պատճառով․․․, եթե չես պատկերացնում կյանքիդ հետագա ընթացքը կորստի կամ ցնցման պատճառով․․․, եթե ցավն ու հիվանդությունը անակնկալի են բերել քեզ, հարաբերությունների ճգնաժամի կամ որևէ այլ պատճառով քեզնից հեռացել է անգամ ապրելու ցանկությունը, ապա սկսի՛ր խորհել Տեր Աստծու մասին։ Նա սիրում է քեզ։ Նա քո կողքին է։ Նա Իր բարձր տեղից իջնում ու մոտենում է քեզ, որպեսզի քո կյանք բերի Իր գերբնական վերականգնումն ու բժշկությունը։ 

Քո ողջ ուշադրությունը կենտրոնացրո՛ւ Տեր Աստծու Խոսքի մեջ Նրա կամքը ճանաչելու ընթացքի վրա։ Զգուշացի՛ր մեծամտությունից ու հպարտությունից։ Մնա Քրիստոսի խոնարհ, հավատարիմ ու կարգապահ աշակերտի կարգավիճակում, և հավատում եմ, որ քո կյանքի օգնությունը չի ուշանա։ Տերը շուտով կմիջամտի, և քո այսօրվա դժվարությունը կդառնա մարդկանց Նրա փառքի մասին պատմող մի զորավոր վկայություն։ 

Հավատա՛ և վստահի՛ր Աստծու Խոսքին։ 

«Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից։ Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։ Արդարի նեղությունները շատ են, բայց Տերն այդ բոլորից ազատում է նրան» (Սաղմոս 34․17-19):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես