• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 ապր 2026 թ.

Չարին հաղթելու միակ ուղին

Հրապարակման ամսաթիվ 10 ապր 2026 թ.

Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Երբ ընկճված ես և ուժասպառ» անվանումը։ Մեր կյանքի դժվարությունների մեծ մասը այս չար աշխարհի մեղքով ու չարիքով լցված մարդկանց այս կամ այն արարքների կամ վերաբերմունքի հետևանքներ են։ Այսօր միասին քննելու ենք, թե ի՛նչ է սովորեցնում Աստվածաշունչը չարին հաղթելու մասին։ 

Սիրելի՛ Ընկեր, չարին հաղթելու միակ ուղին դրան բարի գործերով ու բարի վերաբերմունքով արձագանքելն է։ Այս աշխարհի մարդկանց համար ավելի տարօրինակ ու անընդունելի արտահայտություն դժվար թե գտնվի։ Սակայն հավատացյալների ու իրական քրիստոնյաների համար Տեր Հիսուսի խոսքերն ու Նրա ուսուցումները կյանք են և ճշմարտություն։ 

«Լսել եք, թե ի՛նչ ասվեց. "Պիտի սիրես ընկերոջդ և պիտի ատես թշնամուդ"։ Բայց Ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ չարչարողների ու հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև Նա Իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։ Որովհետև եթե ձեզ սիրողների՛ն սիրեք, ի՞նչ վարձ ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում» (Մատթեոս 5․43-46):

Իսկ ինչպիսի՞ն է քո վերաբերմունքը վերը բերված աստվածաշնչյան հատվածի մեջ տեղ գտած Տեր Հիսուսի խոսքերին։ Դու հավատո՞ւմ ես Նրան, թե՞ կարծում ես, որ Տերը կյանքից ու իրականությունից կտրված խոսքեր է ասում, որոնք հնարավոր չէ կյանքի կոչել ու ապրել ըստ Նրա պատվիրանների։ 

Եթե մենք ուզում ենք հաղթահարել մեր կյանքի ընկճվածությունն ու ուժասպառությունը, կարևոր է, որպեսզի շարժվենք ո՛չ թե մեր պատկերացումներով, այլ Աստծու Խոսքի փոխանցած ճշմարտություններով, անգամ եթե դրանք չեն տեղավորվում մեր պատկերացումների ու տրամաբանության մեջ։ 

«Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։ Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր, Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին» (Առակաց 4․20-22):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ դու հավատո՞ւմ ես քո կյանք այցելած չարիքին հաղթելու աստվածաշնչյան խորհուրդներին։ 

«Հույսով ուրախացե՛ք, նեղությանը համբերե՛ք, մշտապես աղոթե՛ք։ Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք։ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ Աստծու բարկությա՛նը տեղ տվեք, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, Ես էլ կհատուցեմ»,- ասում է Տերը։ Բայց՝ «Եթե քո թշնամին քաղցած է, հա՛ց տուր նրան, իսկ եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան, որովհետև այս անելով՝ նրա գլխի վրա կրակի կայծեր կկուտակես»։ Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմեացիս 12․12,17-21):

Այս խորհուրդներն այնքան էլ հեշտ չէ կյանքի կոչելը։ Դրանցով անհնարին է ապրել, եթե մենք չունենք Սուրբ Հոգու օգնությունն ու զորակցությունը։ Շատերը ոգևորված որոշում են ապրել Տեր Հիսուս Քրիստոսի ակնկալած կյանքով և բարիով հաղթել իրենց կյանք այցելած չարիքը։ Սակայն շուտով ոգևորությանը կարող է փոխարինել հիասթափությունը, քանի որ մարդիկ ձանձրանում ու հոգնում են բարիք անելուց։ 

Այսօր իմ աղոթքն է քեզ համար, որ չհոգնես ու չձանձրանաս Տեր Աստծու կամքի մեջ ապրելուց և բարիք անելով հաղթես չարին։ Հաղթանակի մեջ խաղաղություն կա։ Հաղթանակի մեջ բերկրանք կա։ Հաղթանակի մեջ թարմություն և զորություն կա։ Աղոթում եմ, որ շուտով հնձես Տեր Հիսուսի կամքի մեջ հարատևելու և  չարին բարիով հաղթելու պտուղները։ 

«Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք» (Գաղատացիս 6․9):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես