• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 հլս 2025 թ.

Իսկ եթե դպրոցը մի ամբողջ կյանք տևի․․․

Հրապարակման ամսաթիվ 10 հլս 2025 թ.

Երբ ես նոր էի ապաշխարել և կյանքս նվիրել հանուն Քրիստոսի ապրելուն, մեծ փափագ կար իմ սրտում իմ Տիրոջ մասին ավելի շատ բաներ սովորելու։ Այդ փափագը ինձ մղում էր տարբեր գրքեր ընթերցելու և քարոզները թուղթ ու գրիչով լսելու, որի շնորհիվ նշումներ էի կատարում և ստացած հայտնություններս գրի առնում։ Եվ, որքան էլ զարմանալի թվա, այդ ժամանակներից արդեն քսանմեկ տարի անց հավատքի և Աստծու կամքի մասին նորանոր բաներ սովորելու փափագն ինձ մոտ աճում է, ոչ թե պակասում։ 

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը գիտելիքի անսպառ աղբյուր է։ Այն մարդու ճիշտ կյանքի և արդյունավետ կենսագործունեության միակ ճշմարիտ ուղեցույցն է։ Աստվածաշնչում սկզբունքներ և օրենքներ կան, որոնց կիրառությունը բժշկել է իմ կյանքի բազմաթիվ ոլորտներ, որոնցում ես միշտ ձախողվում էի։ Օրինակ՝ ես հրաշալի կյանքի դասեր եմ ստացել ներման, ֆինանսների, առողջության, եկեղեցական կյանքի, առաջնորդության, հարաբերությունների, ավետարանչության և այլ շատ ոլորտներում։ 

Աստվածաշունչը մեր կյանքի դասագիրքն է։ Կարևոր է քրիստոնյաների Սուրբ Գրքի հետ մտերմություն ունենալը։ Սակայն Աստվածաշնչի լավ ուսուցիչ գտնելը ոչ պակաս կարևոր է մեր հոգևոր աճի և հասունության համար։ Մեր հոգևոր առաջնորդներն իրենց ապրած օրինակով, ուսուցիչներն ու քարոզիչները՝ իրենց ուսուցումներով և փոխանցած գիտելիքով, ինչպես նաև հավատացյալ քույրերի ու եղբայրների հետ Աստծու Խոսքի հայտնությունների քննարկումները կարևոր բաժիններ են Քրիստոսի աշակերտների ուսուցման ընթացքի մեջ։ 

Աստված հոգացել է նաև, որ հրաշալի տեսանյութերը, աուդիո դասընթացներն ու գրքերն օգնեն մեզ մեր կյանքի ոլորտները տեսնել ոչ թե այս աշխարհի սկզբունքների ու տրամաբանության լույսի ներքո, այլ՝ Աստվածաշնչի լույսի, որը բժշկարար ներգործություն է թողնում ցանկացած ոլորտում, որտեղ թույլ ենք տալիս, որ այն ներթափանցի։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչո՞ւ ինքդ քեզ զրկես աստվածային իմաստություն ձեռք բերելու այսպիսի հրաշալի առիթներից։ Աստվածաշունչը հստակ է այն հարցում, որ Աստված հոգացել է և շնորհել մեզ « կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ․․․» ‭‭(Բ Պետրոս 1․3‬)։

Աստված ամեն բան հոգացել է մեր հոգևոր աճի, ինչպես նաև կյանքի ու աստվածապաշտության համար անհրաժեշտ բոլոր գիտելիքների հասանելիության համար։ Ես ինքս սովորելու սիրահար եմ, և ինձ համար մեծ պատիվ է սովորել այնպիսի մարդկանցից, որոնք իրենց կյանքը ներդրել են Աստծու գործի համար, իսկ Աստված էլ Իր հերթին մեծապես ազդել է նրանց կյանքերի վրա։ Այսպիսի օրինակներն ու հավատքի հերոսների մասին գրքերն ու տեսանյութերը մե՜ծ օրհնություն են ինձ համար։ Ես այսօր էլ շարունակում եմ սովորել գրքերից ու հոգևոր հերոսների կյանքի դասերից։ Սակայն պետք է նաև անկեղծորեն խոստովանեմ, որ դրանցից ոչ մեկը չի կարող համեմատվել Աստվածաշնչի և Աստվածաշնչի փոխանցած դասերի հետ։

Եվ վերջում ուզում եմ խոսել հոգևոր կյանքի դպրոցի մեկ ուրիշ կարևոր բաղադրիչի մասին. «Եվ Նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով» ‭‭(Եփեսացիս 4.11-13‬)։

Աստված Իր իմաստությամբ գիտեր, որ ոչ մի մարդ չի կարող միայնակ հավատացյալ լինել ու կայուն աճ ունենալ, եթե հաղորդակցության մեջ չլինի մյուս հավատացյալների հետ։ Նա Իր բոլոր աշակերտների համար դպրոց ու դասարաններ է պատրաստել։ Խոսքն, իհարկե, Եկեղեցու մասին է։ Եվ Տերն Իր անսահման իմաստությամբ այդ դպրոցում ու դպրոցի դասարաններում ուսուցիչներ և մարզիչներ է դրել։ Այո՛, Նա՛ է այդ ամենի Հեղինակը, և հենց Աստծո կամքն է, որ դու  Աստվածաշնչի հիմքի վրա գործող և ուսուցանող տեղական որևէ եկեղեցու մաս կազմես։ 

Բոլոր այն մարդիկ, որոնք կարծում են, թե իրենց տանն էլ կարող են Քրիստոսի աշակերտը լինել և մերժում են եկեղեցու ու մեկտեղ հավաքվելու գաղափարը, իրականում, մերժում են հե՛նց Տեր Աստծու դրած կարգը։ Տերը Եկեղեցին և եկեղեցու ծառայողներին դրել է, որպեսզի նրանց ծառայության շնորհիվ բարձրացնի, զորացնի ու ամրացնի Իր թանկ ու սիրելի զավակներին։ 

Եթե դու հավատացել ես Տեր Հիսուս Քրիստոսին և ինձ նման որոշել ես ապրել հանուն Նրա և Նրա երկրային առաքելության շարունակման, ապա դու էլ այս հսկայական և հրաշալի ընտանիքի մի մասնիկն ես։ Եվ իմ աղոթքն է, որ դու նույնպես բացահայտես քեզ տրված Աստծու շնորհը, դառնաս սովորելու փափագ ունեցող աշակերտ և կարողանաս կիրառել ու օգտագործել գիտելիքներդ ի շահ երկրի վրա Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնի՝ Եկեղեցու ամրացման և կորսված հոգիների փրկության։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես