Ուղղորդում աղոթքի կյանքիդ համար
Մի հարց եմ ուզում քեզ տալ՝ ո՞րն էր քո առաջին միտքը, երբ այս առավոտ արթնացար։ Գուցե շատերը պատասխանեն այսպես․ «Առաջին միտքը, որ ունեցա, սա էր. հաստատ դեռ մի քիչ էլ կքնեի»։ Կամ գուցե․ «Արթնացա ու առաջին բանը, որ մտածեցի, ինձ անհանգստություն ու վախ ներշնչեց»։
Սիրելի՛ Ընկեր, սովորաբար, մեծ ջանք չի պահանջվում բացասական մտքեր ունենալու համար։ Դրանք նման են մոլախոտերի։ Երբ ոչ մի ջանք չես անում, դրանք աճում ու տարածվում են և աստիճանաբար վերածվում անանցանելի մացառների։
Իսկ ինչպե՞ս կարող ենք լռեցնել դրանք։ Մենք պետք է հիշենք այն սկզբունքը, որը Տեր Հիսուսն էր փոխանցում․ «Մաքրված տունը երբե՛ք դատարկ չի մնում»։ Բավարար չէ ինքներս մեզ ասել. «Ես չեմ ցանկանում մտածել ինձ վախ ներշնչող այսինչ բաների մասին»։ Անհրաժեշտ է վախ ներշնչող այդ մտքերը փոխարինել Աստծու խոստումների վրա հիմնված հավատք ծնող մտքերով, որոնք Տեր Աստծու հանդեպ վստահություն և խաղաղություն են զարգացնում մեր ներսում։
Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում գրում է. «Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք» (Փիլիպպեցիս 4.8)։
Մեր մտքերը կարգավորելու մի հրաշալի տարբերակ գոյություն ունի։ Դա քո կյանքում վախ ու տագնապ ծնող ցանկացած իրավիճակում ըստ Աստծու Խոսքի աղոթելն է։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչն այն հրաշալի Գիրքն է, որը քո աղոթքների հղկման զարմանահրաշ աղբյուրը կարող է դառնալ։ Կարող ես որևէ հատված ընտրել և բարձրաձայն կարդալ այն։ Իսկ եթե որոշ խոստումներ անգիր անես ու մտապահես, ապա դա շատ ավելի օգտակար կլինի քեզ համար։ Այդպիսով, դու տվյալ աստվածաշնչյան հատվածը քո սրտում կունենաս և կկիրառես տարբեր դժվարին իրավիճակների բախվելիս։ Եվ դա կարող ես անել ողջ օրվա ընթացքում, որտեղ էլ գտնվես՝ լինի դա մեքենայի մեջ, տանդ, խոհանոցում, այգում, աշխատավայրում և այլն։
Այսպիսով, քո մտքերը կսկսեն լցվել հավատքով, այլ ոչ թե վախով։ Առաջարկում եմ հենց հիմա մի գործնական քայլ կատարել քո միտքը հավատքով լցնելու ուղղությամբ։ Աստվածաշնչից որևէ հատված ընտրիր, որը քաջալերանք կփոխանցի քո սրտին, և ողջ օրվա ընթացքում պարբերաբար մտածիր այդ խոսքերի շուրջ։ Կարող ես նաև ընտրել ստորև բերված ցանկից․
Աղոթում եմ, որ Աստված Իր Խոսքի միջոցով ամեն օր զորացնի՛ քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
