November-22

Գլխավոր | Հրաշքներ | Քո սրտում զարգացրո՛ւ երախտագիտության վերաբերմունք

Քո սրտում զարգացրո՛ւ երախտագիտության վերաբերմունք

Սիրելի բարեկա՛մ, չգիտեմ՝ ինչպես է քո պարագայում, բայց իմ դեպքում կան որոշ բաներ, որոնք կարողանում են մի պահ շեղել ինձ… Այլ կերպ ասած, դրանք ինձ նյարդայնեցնում են կամ հոգնեցնում և անգամ տրտմեցնում։ Ինչպիսի՞ն է լինում իմ արձագանքը, երբ ինձ նման իրավիճակում եմ հայտնաբերում։ Ես փորձում եմ մի պահ կանգ առնել, հասկանալ, թե որտեղ սխալվեցի, ի՞նչ ծուղակի մեջ հայտնվեցի և ինչպե՞ս կարող եմ վերականգնել խաղաղությունս։ Այդ ամենի համար դժգոհելու փոխարեն, ես փորձում եմ տեսնել այն ամենը, ինչն ունեմ Աստծուց  և ինչն ինձ գոհանալու առիթ է տալիս։ 

Օրինակ, քո փոքր երեխան կամ արդեն դեռահաս զավակը կամ ամուսինը կամ կինը չի պահում իրեն այնպես, ինչպես դու ես ակնկալում։ Երբեմն մեզ շատ հարազատ այս մարդիկ կարող են անգամ խորը վերքեր հասցնել մեզ։ Սակայն, այնուամենայնիվ, նրանք իրենց մեջ հաստատ ունեն որոշ հատկանիշներ, որոնք իրոք գնահատանքի են արժանի։ Փորձի՛ր շնորհակալ լինել հենց այդ հատկանիշների համար և աշխատի՛ր չկենտրոնանալ այն հատկանիշների վրա, որոնք քեզ նյարդայնացնում են և դուր չեն գալիս։ 

Երբ մենք դժգոհելու ու տրտնջալու փոխարեն որոշում ենք գոհանալ Աստծուց այն ամենի համար, որ Աստված է մեզ պարգևել, մեզ սիրող Հայրն այնպես է անում, որ մեր կյանքում շատանան գոհության առիթ ծնող իրավիճակները։ Երախտագիտության դրսևորումներն ու գոհանալը դարձրու քո կյանքի սովորույթներից մեկը։ Յուրաքանչյուր օրդ սկսի՛ր և ավարտի՛ր շնորհակալությամբ։ Թույլ մի՛ տուր, որ այն ինչը նյարդայնեցնում է քեզ, որոշի քո տրամադրությունն օրվա ընթացքում և քո խառնվածքն ու վերաբերմունքը մարդկանց հանդեպ։ 

«Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, Նրանով էլ ընթացե՛ք՝ արմատավորված և Նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով» (Կողոսացիս‬ ‭2․6-7‬)։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, դժգոհությունը երբեմն լուրջ հիմքեր է ունենում մեր կյանքում։ Իհարկե, դու կարող ես դժգոհել, բողոքել ու տրտմել, քանի որ քո կյանքում կամ մեր երկրում ամեն բան խառնվել է ու դեռ չի երևում կարգավորման որևէ նշան։ Բայց Աստվածաշունչը ավելի լավ ճանապարհ է ցույց տալիս՝ գոհություն հայտնելը մեզ աճ է ապահովում Քրիստոսի մեջ։ Իսկ հոգևոր աճը քեզ համար հաղթանակների նոր դռներ է բացելու․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: