• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 15 հլս 2025 թ.

Քեզ մի բան է պակասում

Հրապարակման ամսաթիվ 15 հլս 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քեզ մի բան է պակասում․․․» անվանումը։ Մեծ հոգևոր դաս է պարփակված Տեր Հիսուսի այս խոսքերի մեջ, որ Նա ուղղեց հարուստ երիտասարդին։ 

«Հիսուսը սիրալիր նայեց նրան ու ասաց. «Քեզ մի բան է պակասում։ Եթե կամենում ես, գնա՛, ինչ որ ունես, վաճառի՛ր ու աղքատների՛ն բաժանիր և Երկնքում գանձ կունենաս։ Վերցրո՛ւ խաչը և արի՛ Իմ հետևից» (Մարկոս 10.21):

Սիրելի՛ Ընկեր, ի՞նչ էր ակնկալում Տերը ամուր հավատք, հրաշալի վարքագիծ ու աստվածավախ կյանք ունեցող այս երիտասարդից։ Ի՞նչ էր նրան պակասում։ Ի՞նչն էր, որ այդքա՜ն կարևոր էր Տեր Հիսուսի համար։ Ի՞նչն էր, առանց որի արտաքինից բոլոր պատվիրանները պահող այս մարդը չէր կարողանալու մտնել Երկնքի Արքայություն։ 

Այս հարցի պատասխանը ո՛չ թե «Գնա՛, ինչ որ ունես, վաճառի՛ր» արտահայտության մեջ է, այլ՝ «Վերցրո՛ւ խաչը և արի՛ Իմ հետևից» պատվիրանի։ Տեր Հիսուսն ուզում է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է մե՛ր խաչը և ինչ է նշանակում այն վերցնել ու գնալ Տեր Հիսուսի հետևից։ Եվ ցանկացած բան, որ խանգարում է այս պատվիրանի իրագործմանը, խանգարելու է նաև քո փրկությանը։ 

«Աշակերտները զարմացած էին Նրա խոսքերի վրա։ Սակայն Հիսուսն ասաց նրանց. «Որդյակնե՛ր, որքա՜ն դժվար է Աստծու Արքայությունը մտնել նրանց համար, ովքեր իրենց հույսը հարստության վրա են դրել ։ Ավելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակով անցնի, քան հարուստն Աստծու Արքայությունը մտնի»։ Աշակերտներն ավելի էին զարմանում և միմյանց ասում. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։ Հիսուսը նրանց նայեց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ո՛չ Աստծու համար։ Աստծու համար ամեն ինչ է հնարավոր» (Մարկոս 10.24-27):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, բազմաթիվ անկեղծ ու բարի մարդիկ սրտանց հավատում են Աստծուն, սակայն այդպես էլ չեն կատարում նվիրման վերջին ու կարևորագույն քայլը։ Աստված մեզնից ամբողջական նվիրում է ակնկալում։ 

«Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու Իմ հետևից գա։ Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով Ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի։ Քանի որ մարդու համար ի՞նչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի։ Որովհետև ով Ինձ ու Իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան կամաչեցնի, երբ գա Իր, Հոր և սուրբ հրեշտակների փառքով» (Ղուկաս 9․23-26):

Ինձ համար բավականին հուզիչ ու զգացմունքային տեսարան է, երբ պատկերացնում եմ Տեր Հիսուսի սիրով լի հայացքը՝ ուղղված այդ երիտասարդին։ Տերը այնքա՜ն էր փափագում այս երիտասարդի փրկությունը և այնքա՜ն էր տպավորված նրա անկեղծությամբ, որ չկարողացավ անտարբեր մնալ ու բոլորի ներկայությամբ ասաց, թե ինչն է նրան պակասում փրկության համար։ 

Այսօր Տեր Հիսուսի սիրով լի հայացքն ուղղված է ինձ և քեզ։ Իրական փրկարար հավատքը մարդուն մղում է անձն ուրանալուն, սեփական խաչը վերցնելուն և Տիրոջ աշակերտն ու հետևորդը դառնալուն։ Չկա՞ անձն ուրանալու պատրաստակամություն, վտանգ կա կործանման։ 

Մեր հաջորդ ուղերձի մեջ ավելի մանրամասնորեն կքննարկենք այս կարևորագույն թեման, սակայն հիմա ուզում եմ ասել, որ բանալին Տեր Հիսուսի հետևյալ խոսքերի մեջ է․ «Որովհետև ով Ինձ ու Իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան կամաչեցնի, երբ գա Իր, Հոր և սուրբ հրեշտակների փառքով» (Ղուկաս 9․26):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես