September-14

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսի հեզությունն ու խոնարհությունը զորացնում են քեզ

Տեր Հիսուսի հեզությունն ու խոնարհությունը զորացնում են քեզ

Սիրելի բարեկամ, այսօր կրկին անդրադառնանք Տեր Հիսուսի հետևյալ խոսքերին․ «Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու Ինձանի՛ց սովորեք, որովհետև Ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.28-29):


Ինչ-որ մեկն ասել է․ «Իրական հեզությունը երբեք աննկատ չի մնում։ Այն նման է գարնանային այն ծաղիկներին, որոնք թեև խոտի փարթամ շերտի տակ են թաքնված, սակայն իրենց բուրմունքը տարածում են ողջ դաշտով մեկ, իսկ քամին այն կարող է հասցնել անգամ բավականին հեռու վայրերը»։

Հեզությունը հոգու իրական գեղեցկությունն է։ Հեզությունն ու խոնարհությունը շռնդալի ու մեծագոչ դրսևորումներ չեն ունենում։ Բայց հենց այս երկու որակներն են, որոնք հնարավոր են դարձնում մարդու իրական խաղաղությունն ու նրան առաջնորդում Տիրոջից պարգևած հանգստի մեջ։ Այս երկու որակների հականիշներն են բարկությունն ու հպարտությունը, որոնք մարդու հոգու հոգնածության ու ծանրաբեռնվածության հիմնական պատճառներն են։

Հեզության ու խոնարհության հարցում լավագույն Ուսուցիչը հենց այս երկու որակներն Իր մեջ կատարելապես ունեցող Տեր Հիսուսն է։ Ահա, թե Հայրը ինչ է ասում Տեր Հիսուսի մասին․ «Ահա Իմ ծառան, որին Ես նեցուկ կլինեմ, Իմ ընտրյալը, որին հավանություն է տվել Իմ անձը։ Ես Իմ Հոգին դրել եմ Նրա վրա, Նա իրավունք պիտի բերի ազգերին։ Նա չի աղաղակի, ձայն չի բարձրացնի, Իր ձայնը լսել չի տա փողոցում։ Նա կոտրած եղեգը չի փշրի, առկայծող պատրույգը չի հանգցնի, Նա ճշմարտությամբ իրավունքը կբերի» (Եսայիա 42.1-3)։ 

Տեր Հիսուսը երբեք չի աղաղակում․․․ Նա չի ստիպում մարդկանց լսել Իրեն։ Նա հեզ է։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, Տեր Հիսուսը երբե՛ք չի փշրի ու չի կոտրի քեզ։ Նրա փափագը քեզ վերականգնելն է։ Նա ուզում է բժշկել քո հոգու բոլոր վերքերը։ Նա երբեք չի հանգցնի անգամ թույլ առկայծող պատրույգը․․․ Եվ եթե քո կյանքում, թվում է, արդեն ամեն բան ավարտված է, բայց եթե քո սիրտը դեռ բաբախում է, ապա քեզ համար հույս կա, քանի որ Նա այդ թույլ առկայծող պատրույգից կարող է լուսավոր մի կրակ ստանալ։ Պարզապես վստահի՛ր Տեր Հիսուսին քո կյանքը։ Նա քեզ համար գեղեցիկ ու սքանչելի մի ծրագիր ունի։ 

Այսօր, Իր անսահման հեզությամբ ու խոնարհությամբ Նա ուզում է զորացնել ու վերականգնել քեզ։ Մեր խաղաղության պատիժը Նրա վրա է դրվել, և մենք այլևս վախենալու ու տագնապելու ոչ մի իրական առիթ չունենք։ 


Առաջարկում եմ այսօր ժամանակ տրամադրել և լսել «Ի՞նչ է խոնարհությունը և ինչպե՞ս դառնալ խոնարհ մարդ» վերնագիրը կրող այս ուսուցումը։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: