Novmeber-16

Գլխավոր | Հրաշքներ | Ճշմարտության արդարությունը քո լույսն է մարդկանց առաջ

Ճշմարտության արդարությունը քո լույսն է մարդկանց առաջ

Մենք շարունակում ենք «Հանի՛ր հին մարդուն և հագի՛ր նոր մարդուն» անվանումը կրող շարքը, որը հիմնված է Եփեսացիս 4․22-24 հատվածի ուսումնասիրության վրա։

«…հանե՛ք ձեր վրայից հին ընթացքն ունեցող մարդուն, որ ապականված է խաբուսիկ ցանկություններով, և ձեր մտքով ու հոգով նորոգվե՛ք ու նոր մարդո՛ւն հագեք, որ Աստծու պատկերի համաձայն է ստեղծված՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է» (Եփեսացիս 4․22-24

Սիրելի՛ բարեկամ, երեկ մենք անդրադարձանք Աստվածաշնչից մի քաջալերական ճշմարտության, որը մեր մեջ Աստծու պատկերն ու նմանությունը վերականգնելու մասին էր։ Եվ նաև տեսանք, որ այդ ամենը տեղի է ունենում, երբ մենք հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին, ապաշխարում ենք մեր սխալ ընթացքից, մեղքերի ներում ընդունում և սկսում ապրել Տեր Աստծու ակնկալած արդարության կյանքով։ 

Պողոս առաքյալն այդ արդարությունը բնութագրում է երկու հատկանիշներով՝ ճշմարտություն և սրբություն։ Այսօր կանդրադառնանք դրանցից առաջինին, իսկ վաղը՝ մեր այս շարքի վերջին ուղերձի մեջ՝ երկրորդին։ 

Այս աշխարհը ոտքից գլուխ թաթախված է ստության մեջ և ներծծված է ստությամբ։ Պատահական չէ, որ Տեր Հիսուսն այս աշխարհի իշխան կոչվող սատանային բնութագրեց որպես ստության հայր (տե՛ս Հովհաննես 8.44 խոսքը)։ Նրանից են ծնվել կեղծիքն ու ստությունը։ Եվ Աստծու թշնամին համոզել է մարդկանց, որ անհնարին է այս աշխարհում ապրել առանց կեղծիքի ու ստության։

Եվ խավարի մեջ խարխափող այս անարդար աշխարհում հանկարծ հայտնվում են մարդիկ, որոնք մերժում են կեղծիքի ու ստության մեջ ապրելը և նախընտրում են ապրել ճշմարտության մեջ, որ արդարությունից է։ Այս մարդիկ գտել են ճշմարտությունը։ Նրանք գիտեն, որ ճշմարտությունը Տեր Հիսուս Քրիստոսն է՝ Նրա ուսուցանած սկզբունքները, Նրա ապրած կյանքը և Նրա կատարած մեծ գործը։ 

«Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․31-32):

Տեր Հիսուսը որպես լույս եկավ այս խավար աշխարհի մեջ, որպեսզի լուսավորի մարդկանց, սակայն մարդկանց մեծամասնությունը մերժում է Նրա բերած լույսը (տե՛ս Հովհաննես 3.19 խոսքը)։ Տեր Հիսուս Քրիստոսի բերած լույսն ու ճշմարտությունը մերժողները տարբեր պատճառաբանություններ են գտնում։ Ոմանք կասկածի տակ են դնում Աստվածաշնչի ճշմարտացիությունը, ոմանք նախընտրում են մեղքի կյանքը, ոմանք էլ հավատացել են չարի հնարած ստությանը, թե առանց Քրիստոսի խոսքերին հավատալու էլ կարող են Քրիստոսին պաշտել։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անկախ խավարի մեջ ապրող ու ճշմարտության արդարությունով դեռ չլուսավորված մարդկանց արձագանքից՝ մենք՝ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերին հավատացող մարդիկս, պետք է դառնանք Քրիստոսի լույսն այդ մարդկանց համար։ Մեր ապրած կյանքը պետք է արտացոլի Տեր Հիսուսին ու Նրա ճշմարտությունը։ Ցանկացած իրավիճակում, որքան էլ բարդ լինի ճշմարտության մեջ մնալը, որքան էլ կորուստներ կրենք ու հալածվենք, մենք պետք է մերժենք ամեն ստությունը և հեռացնենք կեղծիքը մեր կյանքերից։ 

Աղոթում եմ, որ քո կյանքում հին ընթացք ունեցող բնույթդ այլևս տեղ չունենա, այլ նոր մարդը գործի, որ ստեղծված է Տեր Աստծու պատկերի համաձայն ՝ ճշմարտությամբ և սրբությամբ, որ արդարությունից է․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: