• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 1 հլս 2025 թ.

Ինչպե՞ս հասնել Բարձրյալի ծածկոցին

Հրապարակման ամսաթիվ 1 հլս 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Բարձրյալի ծածկոցի տակ» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ այս տիեզերքի ամենաապահով վայրը Բարձրյալ Աստծու պաշտպանության ներքո լինելն է՝ անկախ ֆիզիկական տեղանքից և երկրային չափանիշներով անվտանգության ապահովման աստիճանից։

Սիրելի՛ Ընկեր, մեր այս ուղերձի մեջ մենք կրկին Աստվածաշնչի օգնությամբ փորձելու ենք հասկանալ, թե ինչպե՛ս կարող է մարդը հասնել բարձրագույն ապահովության ու անվտանգության այդ վայրին, որն Աստվածաշունչը «Բարձրյալի ծածկոց» է անվանում։ Այո՛, կա ապահովության ու անվտանգության մի հրաշալի վիճակ, սակայն ինչպե՞ս կարող է մարդն այն իրականություն դարձնել իր և իր սիրելիների կյանքում։ 

Ոմանք բավականին հեշտ ուղի են առաջարկում։ Ուղղակի պետք է սովորել ճիշտ հռչակումներ անելը։ Նրանք ասում են, թե ցանկացած մարդ կարող է կանգնել ու հռչակել, թե ինքն ու իր ընտանիքը կամ անգամ ազգն ու պետությունը Բարձրյալի ծածկոցի տակ են, և Աստծու ապահովությունն ու պաշտպանությունն անհապաղ վրա կհասնեն ու կգա Տիրոջ զորավոր պաշտպանությունը։ 

Այս ամենն, անշուշտ, գեղեցիկ ու հիասքանչ է հնչում։ Նման կերպով Աստծու պաշտպանությանն արժանանալը բավականին հեշտ է, ոչ մի ջանք չի պահանջում և անգամ ոգևորիչ է։ Սակայն հարցն այն է, որ Աստված նման բան չի սովորեցնում։ Եվ մենք բոլորս էլ այս կամ այն կերպ ականատես ենք եղել ոգևորված մարդկանց հիասթափությանը թե՛ իրենց ու իրենց սիրելիների կյանքում կատարված, բայց այդպես էլ իրականություն չդարձած նմանատիպ հռչակումների, և թե՛ մեր երկրի ու ժողովրդի համար օրհասական պահերին, երբ ամենազորավոր հռչակումներն «ամենաօծյալ» ծառայողների կողմից այդպես էլ չտվեցին որևէ դրական արդյունք։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը հոգևոր իրողութունների մասին ճշմարտությունների միակ վստահելի և բացարձակ ճշմարտություն հանդիսացող Աղբյուրն է։ Հռչակումը զորավոր գործիք է հավատացյալի շուրթերին, երբ վերջինս դրանով ո՛չ թե փորձում է արարել իր ուզած իրականությունը, այլ դավանում է սեփական հավատքը և մերժում չարի առաջարկած գայթակղությունները, մոլորություններն ու վախերը։ Լավագույն հռչակումները դուրս են եկել Տեր Հիսուսի շուրթերից, երբ Նա սատանային հակազդում էր՝ ասելով «ԳՐՎԱԾ Է․․» արտահայտությունը։

Ինչպես Տեր Հիսուսի հաղթանակներն էին հիմնված Աստծու գրավոր Խոսքի վրա, այնպես էլ մեր հոգևոր հաղթանակներն ու պաշտպանությունը պետք է հիմնված լինեն Աստվածաշնչի ուսուցումների վրա։ Իսկ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Բարձրյալի ծածկոցի տակ հայտնվելու միակ ճանապարհը Տեր Աստծու հետ հարաբերությունների բժշկությունն է, որն իրականություն է դառնում Նրա հետ հաշտվելու արդյունքում։ 

«Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով Իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն Իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված Ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ։ Որովհետև Աստված Նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք Նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթացիս 5.18-21):

Աստծու հետ հաշտ լինել նշանակում է համաձայն լինել Նրա Խոսքի, Նրա կամքի ու մոտեցումների հետ։ Ընդունել Աստծու հետ հաշտվելու Քրիստոսի առաջարկը նշանակում է հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին, ընդունել Նրա խաչի զոհն ու մեր բոլոր մեղքերի ներումը և որոշում կայացնել ապրելու արդարության կյանքով՝ որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ ու Նրա դաշտի հավատարիմ մշակ ու տնտես։ 

«Անիրավը փախչում է, երբ ոչ ոք իրեն չի հալածում, բայց արդարներն առյուծի պես համարձակ են» (Առակաց 28․1):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես