Այս տիեզերքի ամենաապահով վայրը
Ո՞րն է այս տիեզերքի ամենաապահով վայրը։ Տարբեր մարդիկ տարբեր պատասխաններ կարող են տալ, սակայն Աստծու Խոսքին ծանոթ յուրաքանչյուր մարդ կհաստատի, որ Աստվածաշունչն ապահով վայրի մասին խոսելիս չի անդրադառնում որևէ երկրի կամ տեղանքի։ Ամենաապահով վայրն այն վայրն է, որտեղ գործում է Տեր Աստծու պաշտպանությունը՝ անկախ նրանից, թե ո՛ր երկրում ես կամ ինչպիսի ապաստարանում։
Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Բարձրյալի ծածկոցի տակ» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձների մեջ մենք խոսելու ենք այն մասին, թե որտեղ կարող է մարդն ապահովություն և հանգիստ գտնել անվտանգային մարտահրավերներով լեցուն մերօրյա խառնաշփոթ ու անկանխատեսելի աշխարհում։«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի հովանու ներքո է հանգստանում։ Ես Տիրոջը կասեմ. «Իմ ապավե՛ն և իմ ամրո՛ց, իմ Աստվա՛ծ, որի վրա եմ հույսս դրել»։ Որովհետև Նա կփրկի քեզ որսացողի որոգայթից, չար ժանտամահից։ Նա քեզ կծածկի Իր փետուրներով, Նրա թևերի տակ ապահով կլինես. Նրա ճշմարտությունը վահան է և զրահ։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից, այն նետից, որ թռչում է ցերեկը, Այն ժանտախտից, որ շրջում է խավարում, այն հարվածից, որ սատկեցնում է կեսօրին։ Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա։ Միայն քո աչքերով կնայես և կտեսնես ամբարիշտների հատուցումը։ Որովհետև դու Տիրոջը՝ իմ ապավենին, Բարձրյալին, քեզ ապաստան դարձրիր։ Քեզ չար բան չի հասնելու, և պատուհաս չի մոտենալու քո բնակարանին» (Սաղմոս 91.1-10):Ամենաապահով վայրը «Բարձրյալի ծածկոցի» տակ է։ Սաղմոսերգուն մեզ հոգևոր ճշմարտություններ է փոխանցում իր իսկ փորձառությունից։ Բարձրյալի ծածկոցի տակ ո՛չ միայն ապահովություն կա չարիքից ու վտանգներից, այլև Տիրոջ իրական պաշտպանության մեջ անհետանում են վախն ու տագնապները։ Աստծուն հուսացած մարդը երբե՛ք ամոթով չի մնա։ Աստվածաշունչը լի է Աստծուն հուսացած մարդկանց տրված անխախտ խոստումներով։ «Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ Ցերեկն արեգակը չի զարկելու քեզ, ոչ էլ լուսինը՝ գիշերը։ Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը։ Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան» (Սաղմոս 121․5-8):Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, չկա՛ ավելի ապահով վայր, քան այն կարգավիճակը, երբ դու գտնվում ես Տեր Աստծու պաշտպանության ներքո։ «Բարձրյալի ծածկոցի» տակ լինելն է անվտանգության ու ապահովության ամենաբարձր աստիճանի այդ կարգավիճակը։ Այս շարքի մեր հաջորդ ուղերձի մեջ մենք կուսումնասիրենք, թե Աստվածաշունչն ի՛նչ է սովորեցնում «Բարձրյալի ծածկոցի» տակ մտնելու և Նրա ապահովության ներքո ապրելու վերաբերյալ։ Ի՞նչ պետք է անի մարդը, որպեսզի նրա ու նրա ընտանիքի վրա լինի Տեր Աստծու պաշտպանությունը, որի կարիքն այնքա՜ն ունենք փոթորկալի ու անհաստատ մերօրյա այս խառնաշփոթ աշխարհում
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
