• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 7 սպտ 2026 թ.

Ֆիզիկական մահը

Հրապարակման ամսաթիվ 7 սպտ 2026 թ.

Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ի՞նչ է լինում մահից հետո» անվանումը։ Ես լավ գիտակցում եմ, որ ուղերձների այս շարքը հե՛նց միայն վերնագրի մեջ «մահ» բառի պատճառով շատերի կողմից մերժվելու է կամ անտեսվելու։ Սակայն հավատում եմ նաև, որ հոգևոր իրական օրհնության ու քաջալերանքի շատ թեմաներ կան, որոնք առաջին հայացքից հաճելի չլինելով հանդերձ՝ կենսական անհրաժեշտության ճշմարտություններ են մեզ փոխանցում, որոնց մասին տեղեկացված լինելը կարող է մեծագույն օրհնություն լինել յուրաքանչյուրիս համար և անգամ նպաստել մեր հավիտենական ճակատագրի՝ դրական առումով կերտմանն ու փրկության հարցում անսասան վստահության ձևավորմանը։ 

Սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը չէր շրջանցում այն թեմաները, որոնք այնքան էլ հաճելի չէին մարդկանց համար։ Նա չէր եկել մարդկանց լսելիքին հաճելի ուսուցումներ փոխանցելու։ Ճիշտ ինչպես հմուտ բժիշկը չի համաձայնեցնում հիվանդի հետ նշանակված դեղի համային հատկանիշները, այնպես էլ Տերը ավելի շատ մտահոգված էր կորսվող մարդկանց փրկությամբ, քան Իր խոսքերի ու ճշմարտության վրա հիմնված ուսուցումների հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքով։ 

Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր, որ մահը ընդամենը մարդու ֆիզիկական մարմնի կենսագործունեության ավարտն է, այլ ոչ թե մարդու գոյության։ Կյանքը շարունակվում է այս ֆիզիկական աշխարհում մարդու ֆիզիկական կյանքի ավարտից հետո։ 

«Այդ ժամանակ թագավորն Իր աջ կողմում կանգնածներին կասի. "Եկե՛ք, Իմ Հորից օրհնվածնե՛ր, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Թագավորությունը։ Այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին կասի. "Անիծյալնե՛ր, Ինձանից հեռո՛ւ գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։ Եվ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք» (Մատթեոս 25:34,41,46):

Տեր Հիսուսը մեծ փափագ ուներ, որպեսզի մարդիկ իմանային հոգևոր կյանքի մասին ճշմարտությունը։ Մահը միայն ֆիզիկական մարմնի կենսագործունեության դադարն է։ Մարդու հոգին անմահ է և մարմնի մահվանից հետո շարունակում է գոյատևել։ Մարդկանց մի մասին Նա կոչում է «Հորից օրհնվածներ», որոնք ժառանգելու են  աշխարհի սկզբից իրենց համար պատրաստված Թագավորությունը, իսկ մյուս մասին՝ «անիծյալներ», որոնց տեղը սատանայի ու նրա հրեշտակների համար պատրաստված հավիտենական կրակի մեջ է։ Այս մարդիկ կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչո՞ւ էր Տեր Հիսուսը նման թեմաների անդրադառնում։ Չէ՞ որ շատ ավելի հաճելի կլիներ մարդկանց համար, եթե Նա Իր ծառայության ընթացքում միայն բժշկություններ ու հրաշքներ կատարեր՝ հարություն տար մահացածներին ու հացի գերբնական բազմացմամբ կերակրեր հազարավորներին, քայլեր ջրերի վրայով, ազատագրեր դիվահարներին, բժշկեր անբուժելի հիվանդներին, ինչպես նաև ներեր ու փոխակերպեր անհույս մեղավորների կյանքերը։ Ինչո՞ւ էր Նա խոսում մահվան, դատաստանի և հավիտենական կյանքի ու հավիտենական տանջանքի մասին։ 

Պատասխանը կրկին գտնում ենք Աստծու անսխալական Խոսքի՝ ճշմարտության միակ բացարձակ Աղբյուր Աստվածաշնչի մեջ։ 

«․․․որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու» (Ղուկաս 19․10):

Մահը անխուսափելի իրողություն է յուրաքանչյուր մարդու համար։ Մահվան մասին ճշմարտությունը Տեր Հիսուսի խոսքերից ընդունելը կարող բժշկություն լինել շատերի համար ու ազատել նրանց մահվան հանդեպ ունեցած վախերից։ Տեր Հիսուսի ուսուցումները երբեմն լավագույն դեղերի պես դառը համ են ունենում, սակայն բժշկում են թե՛ մարդու հոգին ու թե՛ մարմինը։ Եվ ես էլ ուղերձների այս շարքով ուզում եմ մահվան ու մահից հետո կյանքի մասին Տեր Հիսուսի բժշկարար ճշմարտությունը փոխանցել քեզ։ 

Տեր Հիսուսը Իր աշակերտներին պատվիրել է փրկության Բարի Լուրը փոխանցել մարդկանց։ Իսկ Բարի Լուրը՝ Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի ու Գողգոթայի խաչի վրա Նրա կատարած փրկագնման փաստի հանդեպ հավատքի շնորհիվ  հավիտենական կյանքի պարգևն ընդունելու հնարավորության մասին ավետիսը սկսվում է մահվան մասին զգուշացմամբ։ 

«․․․Եվ ինչպես որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել, և դրանից հետո՝ դատաստանը, նույնպես էլ Քրիստոսը շատերի մեղքերը վերցնելու համար մեկ անգամ զոհաբերվեց, իսկ երկրորդ անգամ կհայտնվի առանց մեղքի՝ Իրեն սպասողների փրկության համար» (Եբրայեցիներին 9․27-28):

Ես քաջալերվում եմ այս խոսքերով։ Իսկ դո՞ւ․․․ Մահը մարդու կյանքի ավարտը չէ, այլ՝ միայն ֆիզիկական մարմնի կենսագործունեության դադարը։ Հոգևոր աշխարհում շարունակվող գոյության մասին Տեր Հիսուսի ուսուցումը իմ կյանքը լցնում է իմաստով, զորացնում է ինձ ու բժշկում այս չար ու անարդար աշխարհի բերած անհուսությունն ու հիասթափությունները։ Ես քաջալերվում եմ մահվան ու հավիտենական կյանքի մասին Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններով։ Իսկ դո՞ւ․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես