Ճշմարտության միակ Աղբյուրը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ի՞նչ է լինում մահից հետո» անվանումը։ Մեր նախորդ ուղերձի մեջ փորձեցի փոխանցել ոչ այնքան հաճելի այս անվանումը կրող մեր թեմայի կարևորությյունը։ Եվ իմ բոլոր հիմնավորումները, մեջբերումները և եզրահանգումները հիմնված էին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների վրա։
Սիրելի՛ Ընկեր, տարբեր կրոններ ու փիլիսոփայություններ փորձել և փորձում են պատասխանել ուղերձների մեր այս շարքի վերնագիրը հանդիսացող հարցին՝ ի՞նչ է լինում մահից հետո։ Որոշները ասում են՝ մարդը դադարում է իր գոյությունը, որոշները պնդում, թե երկրորդ, երրորդ ու դեռ շատ անգամներ մարդը այս երկրի վրա ապրելու հնարավորություն է ստանում։ Որոշներն էլ հավատում են մարդու մեկ անգամ այս երկրի վրա ապրելու իրողությանը, սակայն Աստծու դատաստանի առջև կանգնելու հարցում կարծում են, թե կշռվելու են իրենց բարի ու չար գործերը, և ավելի շատ բարություն գործածները փրկվելու են, իսկ ավելի շատ չարիք արածները գնալու են հավիտենական տանջանքի վայր։
Վերը բերված պարբերության մեջ ես ներկայացրի այս հարցի շուրջ կրոնների ու փիլիսոփայությունների հազարավոր տեսակետներից ընդամենը մի քանիսը։ Սակայն այս ամենին կարելի է գումարել նաև այն պնդումները, որ մարդիկ ընդունում են՝ հիմնվելով առասպելների, երազների, տեսիլքների կամ ուրիշ մարդկանց պատմած պատմությունների վրա։
Հոգևոր հարցերում երազները, տեսիլքները կամ մարդկային հնարովի վարդապետությունները անվստահելի են։ Քրիստոնյան պարտավոր է հիմնվել բացառապես Աստծո Խոսքի՝ ճշմարտության միակ բացարձակ Աղբյուր Աստվածաշնչի վրա։ Յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է հավատալ Աստվածաշնչի ասածին։ Տեր Հիսուսը խորապես վստահում էր Աստծու Խոսքին և ուսուցանում էր այդ մասին։ Ահա Նրա խոսքերը․
«․․․այն, ինչ գրված է Գրքում, չի կարող ջնջվել» (Հովհաննես 10․35):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը հաճախ էր Իր ուսուցումների մեջ հղումներ կատարում Աստծու Խոսքին և ասում․ «Չե՞ք կարդացել, թե ինչ է գրված...»։ Նա գիտեր և վստահ էր, որ հոգևոր կյանքի մասին ողջ ճշմարտությունը գրված է Աստվածաշնչում։ Նա գիտեր, որովհետև Նա՛ էր Հեղինակը։ Նա Ինքը Խոսքն էր, որ մարմնացավ և բնակվեց մարդկանց մեջ (տե՛ս Հովհաննես 1.1,14 խոսքերը)։
Եթե մենք հավատում ենք Տեր Հիսուսին, ապա պետք է վստահենք մահվան և մահից հետո կյանքի մասին Նրա ուսուցումներին, որոնք գրված են Աստվածաշնչում։ Եթե հավատում ենք Տեր Հիսուսին, ապա պետք է վստահենք նաև Նրա պնդմանը, որ Ինքն է ճշմարտությունը և, եթե որևէ մարդ, կրոնական ուղղություն կամ փիլիսոփայություն պնդում է Նրա ասածներին հակառակ մի բան, ապա տվյալ պնդումը սուտ է, խավար և մոլորեցնող։
«Բոլոր նրանք, ովքեր Ինձանից առաջ են եկել, գողեր ու ավազակներ են․․․» (Հովհաննես 10․8):
«Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով» (Հովհաննես 14․6):
Ես վստահում եմ Տեր Հիսուսի խոսքերին։ Իսկ դո՞ւ․․․ Ես հավատում եմ Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին։ Իսկ դո՞ւ․․․ Ինձ համար մահից հետո կյանքի բոլոր մյուս նկարագրություններն ու պնդումները, որոնք չեն համապատասխանում Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին, առասպելներ են, մարդկային մտքի ու երևակայության հորինվածքներ, կամ դիվային աղբյուրների ստություններից ծնված մոլորություններ։ Որքա՜ն ապահով ու խաղաղությամբ լեցուն է այն մարդու ընթացքը, որ նախօրոք տեղեկացված է գալիքի մասին և պատշաճ կերպով պատրաստվում է հավիտենությանը։ Իրապես, Տերը հոգատար է մեր հանդեպ և Իր Խոսքի մեջ մեզ է փոխանցել դրախտի ու դժոխքի մասին հստակ ուսուցումներ, ինչի մասին էլ կխոսենք մեր հաջորդ ուղերձի մեջ։