Ո՞վ ես դու Տեր Աստծու համար
Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես» անվանումը։ Արդյոք գիտե՞ս, թե որքա՜ն շատ է քեզ սիրում Աստված։ Արդյոք գիտե՞ս, թե ո՛վ ես դու Տեր Աստծու համար։ Հին Կտակարանում մենք կարդում ենք, որ Աստծու ներկայությունը վրանի ներսում խորանի կամ քարե տաճարի հատուկ սենյակների մեջ էր։ Սակայն Նոր Կտակարանում՝ Նոր Ուխտի հավատացյալների համար Տեր Աստծու սուրբ ներկայությունը այլևս քարե պատերի կամ հեռավոր սրբավայրերի մեջ չէ. եթե դու ընդունել ես Քրիստոսին, դո՛ւ ես դառնում Նրա կենդանի տաճարը։
«Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճար եք, և Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ» (Ա Կորնթացիս 3․16):
Սիրելի՛ Ընկեր, եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին՝ Նրա սիրուն, Նրա զոհաբերությանը Գողգոթայի խաչի վրա և Նրա ուսուցումներին, ապա Դու Նրա աշակերտն ես՝ Նրա ընտանիքի մի անդամը։ Եվ Քրիստոսին սիրող մարդկանց համար մի զորավոր խոստում կա Աստվածաշնչում, որը ցնցող հոգևոր ճշմարտություն է բացահայտում։
«Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․23):
Երեք զորավոր խոստում կա Քրիստոսին սիրողների համար՝1. Հայր Աստված կսիրի բոլոր այն մարդկանց, որոնք պահում են Քրիստոսի խոսքերը և ապրում Նրա պատվիրաններին հնազանդ կյանքով։ 2. Ինքն Արարիչ Աստված՝ Հայրը և Որդին կգան այն մարդու մոտ, որ պահում է Քրիստոսի խոսքերը և ապրում Նրա պատվիրաններին հնազանդ կյանքով։3. Հայրը և Որդին ո՛չ միայն կգան, այլև բնակություն կհաստատեն այն մարդու մոտ, որը պահում է Քրիստոսի խոսքերը և ապրում Նրա պատվիրաններին հնազանդ կյանքով։
Ինչպիսի՜ զորավոր խոստումներ Քրիստոսին սիրող մարդկանց համար։ Իսկ դու սիրո՞ւմ ես Տեր Հիսուսին։ Դու պահո՞ւմ ես Նրա խոսքերը՝ Նրա փոխանցած ուսուցումներն ու հոգևոր կյանքի սկզբունքները։ Իսկ դու գիտե՞ս, թե ո՛վ ես Տեր Աստծու համար։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված չի նայում քո անցյալին։ Աստված չի նայում քո սոցիալական վիճակին կամ կրթական մակարդակին։ Աստված չի նայում, թե քանի՜ անգամ ես ձախողվել քո կյանքում, սխալներ թույլ տվել ու անգամ Աստծուն հակառակ գործել։ Աստված նայում է, թե այդ ամենից հետո արդյոք հավատո՞ւմ ես քո կյանքի փոթորիկները խաղաղեցնելու ունակ Աստծուն։
Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես։ Քո կյանքի փոթորիկների մեջ Նա գալիս է քեզ ընդառաջ։
«․․․իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ Երբ աշակերտները նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին» (Մատթեոս 14․24-26):
Մի՛ շփոթվիր։ Մի՛ վախեցիր։ Դու թանկ ես Տեր Աստծու համար։ Թեև քո կյանքում կարող են լինել փոթորիկներ, սակայն Աստված գիտի Իր տաճարը պահել ապահովության մեջ։ Քրիստոսին սիրող ու Քրիստոսի խոսքն ընդունած Աստծու օրհնյալ մա՛րդ, դու Նրա Տաճարն ես և Նրա Հոգին է քո մեջ բնակվում։
Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես։ Քո կյանքի փոթորիկների մեջ Նա գալիս է քեզ ընդառաջ։ Իսկ դու գիտե՞ս, թե ո՛վ ես Տեր Աստծու համար․․․