Դո՛ւրս արի կեղծ ապահովության քո նավակից
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես» անվանումը։ Տեր Հիսուսի՝ ջրերի վրայով քայլելու պատմությունը հրաշալի հոգևոր ճշմարտություններ է մեզ փոխանցում։ Այն ասես դժվարությունների փոթորիկներով անցնող մարդու և նրան ընդառաջ եկող Տեր Հիսուսի նկարագրությունը լինի։
«․․․իսկ նավը ցամաքից բավականին հեռու էր և ալիքներից տարուբերվում էր, որովհետև քամին հակառակ կողմից էր։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, նրանց մոտ եկավ։ Երբ աշակերտները Նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին» (Մատթեոս 14․24-26):
Սիրելի՛ Ընկեր, երբեմն մեր կյանքում նույնպես քամին հակառակ կողմից է լինում և դժվարությունների ու փորձությունների ալիքները ուժգին կերպով տարուբերում են մեր կյանքի նավակը։ Արդյոք մեր կյանքի դժվարին պահերին մեր հոգևոր աչքերը տեսնո՞ւմ են դեպի մեզ քայլող Տեր Հիսուսին։
«Երբ աշակերտները Նրան տեսան լճի վրայով քայլելիս, շփոթվեցին ու ասացին, թե ուրվական է, և վախից աղաղակեցին։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, Ես եմ, մի՛ վախեցեք»։ Պետրոսը Նրան ասաց. «Տե՛ր, եթե Դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով Քեզ մոտ գալ»։ Իսկ Նա ասաց՝ ե՛կ։ Եվ Պետրոսը, նավից իջնելով, քայլեց ջրի վրայով և Հիսուսի մոտ եկավ» (Մատթեոս 14․26-29):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, որքան էլ անհավանական թվա քեզ Տեր Հիսուսի առաջարկը, դուրս արի քո նավակից և ընդառաջ գնա դեպի Տեր Հիսուսը։ Հավատքի կյանքը սկսվում է այնտեղ, որտեղ դու դուրս ես գալիս կեղծ ապահովության քո նավակից և անհավանական քայլերով սկսում քայլել ջրերի վրայով՝ վստահելով քեզ Կանչողին։«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր» (Առակաց 3․5):
Ինչպիսի՞ դժվարությունների ես բախվել։ Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես։ Որքա՞ն ուժգին է տարուբերվում քո կյանքի նավակը։ Հայացքդ Հիսուսից երբե՛ք չկտրես։ Լսի՛ր Նրա կանչը։ Դո՛ւրս արի կեղծ ապահովության քո նավակից և ընդառաջ գնա քեզ կանչող Տիրոջը։ Տեր Հիսուսը անհավանական ելք է պատրաստել քո կյանքի դժվարություններից դուրս գալու համար․․․