Ո՛չ ուժով և ո՛չ զորությամբ․․․
Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր» անվանումը։ Մենք բոլորս Տեր Աստծու օգնության կարիքն ունենք։ Եվ Աստված պատրաստակամ է օգնելու մեզ մեր դժվարությունների մեջ, եթե հավատանք Նրա խոսքերին և հնազանդվենք Նրա կամքին, որը բացահայտվում է Աստվածաշնչի էջերում։ Նման մարդկանց համար է պատրաստված այն գերբնական պարգևը, որը Սուրբ Հոգու ներբնակությունն է հավատացյալ մարդու մեջ։
Սիրելի՛ Ընկեր, մեր օրերը գնալով չարանում են։ Այսօր առավել քան երբևէ մենք կարիք ունենք Սուրբ Հոգու շարժի՝ Նրա զորացնող, առաջնորդող և կյանքեր փոխող ներգործության։ Եվ Սուրբ Հոգին մեզ ուղղորդում է ու զորացնում, որպեսզի Քրիստոսի Բարի Լուրը հասցնենք ամենուր՝ մեր անմիջական շրջապատից սկսած մինչև աշխարհի ծայրերը։
«Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը» (Գործք Առաքելոց 1.8):
Սուրբ Հոգու ներբնակությունը յուրաքանչյուր մարդու համար է։ Պայմանը ապաշխարելն է և Քրիստոսի աշակերտ դառնալու որոշում կայացնելը։
«Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է» (Գործք Առաքելոց 2.38-39):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո կյանքի դժվարին իրավիճակների մեջ դու Սուրբ Հոգու զորացման և փոխանցած իմաստության կարիքն ունես։ Մեղքի դեմ պայքարում հաղթանակներ ունենալու համար դու Սուրբ Հոգու զորացման և փոխանցած իմաստության կարիքն ունես։ Հավատքի մեջ աճելու և հոգևոր հասունության հասնելու հարցում դու Սուրբ Հոգու զորացման և փոխանցած իմաստության կարիքն ունես։ Մյուսներին ծառայելու և Տեր Աստծու սիրտը քո պտղաբեր ծառայությամբ ուրախացնելու համար դու Սուրբ Հոգու զորացման և փոխանցած իմաստության կարիքն ունես։
«Եվ նա պատասխանեց և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին, որ ասում է. “Ոչ թե զորությամբ և ոչ էլ ուժով, այլ Իմ Հոգով,- ասում է Զորքերի Տերը։- Դու ո՞վ ես, ո՛վ մեծ լեռ, դու Զորաբաբելի առաջ մի հարթավայր պիտի լինես. և նա դուրս պիտի հանի գլխավոր քարը. "Շնո՜րհք, շնո՜րհք նրան աղաղակներով"”» (Զաքարիա 4․6-7):
Մեր բոլոր կարիքների պատասխանը Սուրբ Հոգու հետ մտերմության հարաբերության մեջ է։ Ո՛չ ուժով է և ո՛չ զորությամբ։ Այլ Աստծու Հոգով։ Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր․․․։ Լցրո՛ւ ինձ Քո Հոգով։ Եվ լցրու ու զորացրու այս ուղերձի բոլոր ունկնդիրներին։ Թո՛ղ հավիտյան փառավորվի Քո սուրբ ու պատվական անունը։ Ամե՛ն։