Սիրո՞ւմ ես Ինձ այդ ամենից առավել․․․
Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր» անվանումը։ Ուրացումից հետո ձկնորսության գործին վերադարձած Պետրոսը այնքա՜ն կարիք ուներ վերականգնելու Տեր Հիսուսի հետ հարաբերություններն ու Նրանից ներում ստանալու։ Սիրելի՛ Ընկեր, եթե դու էլ ընկճված ես այսօր քո կյանք այցելած դժվարությունների կամ սեփական սխալներիդ հետևանքով Աստծուց հեռացած լինելուդ պատճառով, ապա ուզում եմ քեզ քաջալերել ու ասել, որ Աստված բազումողորմ ու գթառատ Հայր է։ Նա ներում է ցանկացած մեղք ու հանցանք, եթե միայն մարդը գիտակցի, խոստովանի ու հեռանա իր մեղքերից, որոնք պատնեշ են իր և Տեր Աստծու միջև։
«Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ, որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք․․․» (Ելից 34.6-7):
Եթե մենք չճանաչենք Տեր Աստծու իրական հոգատար ու ներող բնույթը, լսելու ենք չարի ուղարկած ստության մտքերին, թե այլևս արժանի չենք ներմանն ու Տեր Աստծու հետ մեր խաթարված հարաբերությունների վերականգմանը։
«Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ ավելի, քան դրանք»։ Պետրոսը նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ ես Քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ Իմ գառներին»։ Երկրորդ անգամ նրան հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ»։ Պետրոսը նրան պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, Դու գիտես, որ ես Քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին»։ Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն՝ «Սիրո՞ւմ ես Ինձ»։ Եվ պատասխանեց Նրան. «Տե՛ր, Դու ամեն ինչ գիտես. Դու գիտես, որ ես Քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհաննես 21․15-17):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսի հարցերը պատահական չէին։ Ներումը, վերականգնումը և ծառայությունը հիմնված են սիրո վրա։ Եթե զղջում ես գործածդ մեղքերի համար, բայց դեռ շարունակում ես սիրել մեղքը, ուրեմն չես գիտակցել քո այդ մեղքով Աստծուն տրտմեցնելու և Նրան վշտացնելու ողջ ցավը։ Իսկ եթե սիրում ես Աստծուն ամեն բանից առավել, ապա Տերը պատրաստ է ո՛չ միայն ներել ու վերականգնել քեզ, այլև վստահել քեզ Իրեն ծառայելու պատվավոր պատասխանատվությունը։
Ի՞նչն է քո կյանքում դարձել պատնեշ քո և Տեր Աստծու միջև։ Ի՞նչն է քեզ համար ավելի կարևոր, քան Աստծու հետ հարաբերության բժշկությունը և ծառայության մեջ քո վերականգնվելը։ Չէ՞ որ մենք այնքա՜ն կարիք ունենք Տեր Հիսուսի հետ խորը մտերմության։
Եվ եթե դու իրոք սրտանց աղաղակում ես Աստծուն և աղոթում «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր․․․» խոսքերով, ապա լսիր Նրա օգնության ու ներկայության համար ճանապարհ բացող այս հարցը․ «․․․սիրո՞ւմ ես Ինձ ավելի, քան դրանք»։ Լսի՛ր և անկեղծ պատասխանիր Տեր Հիսուսի այս հարցին։ Քո պատասխանից է կախված քո և Նրա հարաբերությունների վերականգնումը և մտերմության խորանալը․․․