Ե՛կ և խմի՛ր Կյանքի Աղբյուրից
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր» անվանումը։ Վախերի, տագնապների ու փոթորիկների մեջ սուզված այս աշխարհը Տեր Հիսուսի կարիքն ունի։ Աստվածաշնչում գրված է, որ Նա՛ է փոթորիկների վրա իշխանություն ունեցողը, վախերը, տագնապներն ու սարսափները խաղաղությամբ փոխարինողը։ Նրան է տրված ողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա։
Սիրելի՛ Ընկեր, մարդիկ ծարավ են Քրիստոսի բերած փրկությանն ու Նրա պարգևած խաղաղությանը, սակայն իրենց ծարավը փորձում են հագեցնել տարբեր փիլիսոփայություններով ու ժամանակավոր հաճույքներով։ Անօգուտ։ Որևէ բան չի կարող հագեցնել այն ծարավը, որը միայն Տեր Հիսուսի շնորհած ջուրը կարող է հագեցնել։
«Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է Նա, որ քեզ ասում է՝ "Ինձ խմելու ջո՛ւր տուր", ապա դո՛ւ Նրանից կխնդրեիր, Նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ Ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։ Իսկ այն ջուրը, որ Ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի» (Հովհաննես 4.10,13-14):
Սամարացի կնոջն ուղղված Տեր Հիսուսի խոսքերը նաև մերօրյա մարդկանց են վերաբերում․ «Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է Նա, որ քեզ հետ խոսում է, ապա դո՛ւ Նրանից կխնդրեիր, Նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քո կյանքի բոլոր կարիքների լուծումը Տեր Հիսուսի մեջ է։ Քո կյանքի ծարավը կարող է հագեցնել միայն Նրա պարգևած կենդանի ջուրը։ Իսկ ինչպե՞ս է հնարավոր ընդունել Նրանից այդ զարմանահրաշ ջուրը, որը հավիտենական կյանքի համար բխող ջրի աղբյուր է դառնում։
«Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. "Ով Ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին Նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր» (Հովհաննես 7․37-39):
Երբ մեր դժվարին իրավիճակների մեջ մենք աղոթում ենք՝ «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր․․․» խոսքերով, Տերը ասում է մեզ՝ «Ե՛կ և խմի՛ր Կյանքի Աղբյուրից․․․»։ Ինչպե՞ս։ Հիշենք Տեր Հիսուսի խոսքերը․ «Ով Ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»։
Աստվածաշունչը կենդանի ջրերի հետ Տեր Հիսուսի այս համեմատությունը վերագրում է Սուրբ Հոգուն։ Քրիստոսի խոսքերի հանդեպ հավատքը դուռ է բացում քո մեջ Աստծու Սուրբ Հոգու ներբնակության համար։ Սուրբ Հոգու ներկայությունն է, որ հագեցնում է քո կյանքի բոլոր ծարավները։ Եվ ո՛չ միայն հագեցնում է, այլև քե՛զ է դարձնում այդ նույն կենդանի ջրերի աղբյուր քո շրջապատի մարդկանց համար, և քո միջոցով Սուրբ Հոգին սկսում է գործել նրանց կյանքերում։
«Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր․․․»։ Որքա՜ն հրաշալի է հավատքի իրական կյանքով ապրելը և Սուրբ Հոգու կենարար ներկայությունը վայելելը։ Եվ որքա՜ն սքանչելի է մյուսների վերականգնման ու բժշկության, ապաշխարության ու փրկության գործիք դառնալը Տեր Աստծու ձեռքերում։ Աննկարագրելի երանություն է գիտակցելը, որ Քրիստոս Տերը մեզ ո՛չ միայն կյանք է տալիս, այլև մեզ դարձնում է կյանքի աղբյուր մյուսների համար։