• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 18 նմբ 2026 թ.

Ե՛կ և տե՛ս, այստեղ կյանքեր են փոխվում

Հրապարակման ամսաթիվ 18 նմբ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր» անվանումը։ Մեր օրերում և մեզնից ամեն մեկի շրջապատում մարդիկ կան, որոնք ունեն Տեր Հիսուսի կարիքը, սակայն համակված են տարբեր տեսակի կասկածներով։ Այս շարքի մեր նախորդ ուղերձների մեջ մենք արդեն անդրադարձել ենք այն կարևորագույն ճշմարտությանը, որ արագ փոփոխվող և դեպի անկում գահավիժող այս աշխարհում ամենաապահով վայրը Տեր Հիսուսի իշխանության տակ լինելն է։ 

Սիրելի՛ Ընկեր, բազմաթիվ մարդիկ փափագում են խաղաղության և ապահովության, սակայն կասկածներ ունեն, թե ո՞ր եկեղեցին է ճիշտ ուսուցումներ փոխանցում և որտե՞ղ է, որ Աստված ուղղորդում է իրենց։ Չէ՞ որ հե՛նց Աստվածաշունչն է մեզ պատվիրում, որ երբե՛ք չանտեսենք եկեղեցու կարևորությունը և չթողնենք մեկտեղ հավաքվելը։ 

«Եվ միմյանց նկատմամբ հոգատար լինենք՝ սիրո ու բարի գործերի մղելով։ Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք, և այնքան ավելի, որքան տեսնում եք, որ օրը մոտեցել է» (Եբրայեցիս 10․24-25):

Այսօր շատերը հավատում են Աստծուն, սակայն չեն կողմնորոշվում ճիշտ հոգևոր համայնքի ընտրության հարցում։ Շատերն են հիասթափված եկեղեցական կյանքից՝ տեսնելով որոշ հոգևոր առաջնորդների ոչ հոգևոր ապրելակերպն ու աստվածաշնչյան սկզբունքների հարցում փոխզիջումներն ու նախանձավորության բացակայությունը։ Սակայն, միևնույն ժամանակ, նրանք այնքա՜ն ունեն Տեր Հիսուսի օգնության և առաջորդության կարիքն իրենց կյանքերում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, նկարագրված իրավիճակը շատ նման է Փիլիպպոսի ու Նաթանայելի պատմությանը։ 

«Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Գտանք Նրան, Ում մասին Մովսեսը օրենքի մեջ և մարգարեները գրել են։ Դա Հիսուսն է՝ Հովսեփի որդին Նազարեթից»։ Եվ Նաթանայելը նրան ասաց. «Հնարավո՞ր է, որ Նազարեթից որևէ լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Ե՛կ և տե՛ս» (Հովհաննես 1․45-46):

Փիլիպպոսը չվիճաբանեց Նաթանայելի հետ ու չփորձեց նրան համոզել կամ ապացուցել իր Վարդապետի ճիշտ և Աստծուց ուղարկված լինելը։ Նա միայն ասաց՝ «Եկ և տես»։ Հավատը ապացուցվում է փոխված կյանքերով, ոչ թե վիճաբանությամբ։ 

Եթե դու Տեր Հիսուսի ներման, բժշկության, խաղաղության ու վերականգնման կարիքն ունես, ապա այսօր առաջարկում եմ քեզ փնտրել Նրան ո՛չ միայն քո մտքի ու երևակայության մեջ, այլև որևէ եկեղեցական համայնքում։ Նաթանայելը կարիք ուներ մի կողմ դնելու սեփական պատկերացումները և գնալու այնտեղ, որտեղ իրեն հրավիրեց Փիլիպպոսը։ Իսկ որտե՞ղ գնալ։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ ամեն ծառ իր պտղից է ճանաչվում։ 

«Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք» (Մատթեոս 7․15-20):

Իմ կյանքում նույն իրավիճակն է եղել մինչև իմ ապաշխարությունը։ Ես Աստծուն հավատում էի, բայց եկեղեցուն և աշակերտությանը՝ ոչ։ Սակայն երբ կարդացի ու հավատացի Աստծու Խոսքին և իմ սրտում ընդունեցի Տեր Հիսուսի խոսքերի գերիշխանությունը, որոշեցի գնալ եկեղեցի ու իմ աչքերով տեսնել հավատքի կյանքի պտուղները։ 

Երբ մենք աղոթում ենք՝ «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր․․․», Տերը ասում է մեզ՝ «Ե՛կ և տե՛ս․․․»։ Այսօր էլ մենք պետք է մեր շրջապատի մարդկանց ասենք՝ «Եկ և տես, այստեղ կյանքեր են փոխվում»։ Չէ՞ որ նրանք էլ Նաթանայելի պես Տեր Հիսուսի կարիքն ունեն․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես