Ամենամեծ աղետը սիրո սառչելն է
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձի մեջ խոսեցինք վերջին օրերի մասին Տեր Հիսուսի զգուշացման և Նրա այն հորդորի մասին, որ Տերը փոխանցել է Իր աշակերտներին։ Նա զգուշացնում էր պատերազմների, աղետների ու սովի մասին, սակայն նաև հորդորում էր չվախենալ ու չսարսափել։
Սիրելի՛ Ընկեր, իրական քրիստոնյաների համար ամենասարսափելին պատերազմներն ու բնական աղետները չեն։ Որքան էլ զարմանալի թվա, Տերը անօրենության շատանալն ու սիրո սառչելն է տեսնում որպես ամենամեծ ու քրիստոնյաների համար ամենավտանգավոր աղետներից մեկը։
«Եվ բազում սուտ մարգարեներ են ելնելու և շատերին մոլորեցնելու։ Եվ անօրենության բազմանալու պատճառով շատերի սերն է սառչելու։ Բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Եվ Արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը» (Մատթեոս 24․11-14):
Աշխարհում ամեն բան կառուցվում է շահի վրա։ Աշխարհի մարդիկ մտերմություն են անում միմյանց հետ, քանի դեռ շահ կա այդ մտերմությունից։ Երկրները միմյանց հետ դաշինքներ են կազմում, քանի դեռ շահ ունեն այդ դաշինքներից։ Անգամ քեզ ամենահարազատ ու ամենաջերմ մարդիկ կարող են քեզ մոռանալ, եթե քո մեջ այլևս չեն տեսնում նախկին շահի իրենց աղբյուրը։ Սա աշխարհն է և աշխարհի անփոփոխ սկզբունքների բնական դրսևորումը։
Սակայն Քրիստոսով փրկագնված մարդիկ՝ Նրա Եկեղեցին, թե՛ հարաբերությունները և թե՛ վերաբերմունքը մարդկանց ու Աստծու հանդեպ պետք է կառուցի ո՛չ թե շահի, այլ սիրո հիմքի վրա։
«Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13.34-35):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, վերջին ժամանակների ամենամեծ աղետներից մեկը հավատացյալ մարդկանց սիրո սառչելն է լինելու։ Անօրենության շատանալու պատճառով շատ քրիստոնյաներ թույլ են տալու, որ աշխարհի բարքերն ու սկզբունքները մուտք գործեն իրենց սրտերը։
Սրբությունը մեր սրտերում բորբոքում է Տեր Հիսուսի նման սիրելու փափագն ու զինում մեզ դիմացինին քո անձի պես սիրելու կարողությամբ։ Անօրենության ու մեղքի կյանքը սառեցնում ու մարում է Տեր Հիսուսի շնորհիվ մեր սրտերում սփռված Նրա սերը և աստիճանաբար այդ սերը փոխարինում աշխարհի մեջ տարածված շահի սկզբունքներով։
Տեր Հիսուսը զգուշացնում էր, որ միայն մինչև վերջ համբերողներն են փրկվելու։ Մոլորեցնողներն ու սուտ մարգարեները ուսուցանելու են վարդապետություններ, որոնք մարդկանց սրտերում շատացնելու են անօրենության հանդեպ հանդուրժողականությունը և մարելու են սրբության փափագն ու լռեցնելու են արյուն թափելու չափ մեղքի դեմ պայքարելու աստվածաշնչյան հորդորը։
Վերջին ժամանակների ամենամեծ աղետը անօրենության շատանալն ու սիրո սառչելն է լինելու։ Սակայն Եկեղեցին չպետք է նմանվի աշխարհին, այլ պետք է սեր ու հոգատարություն ցույց տա մարդկանց։ Եվ որպեսզի մենք՝ հավատացյալներս, չընկրկենք աշխարհի ճնշման տակ ու չհմայվենք սուտ ուսուցիչների և սուտ մարգարեների փոխանցած խաբեություններով, մենք պետք է հիշե՛նք այս կարճ, բայց զորավոր աղոթքը․ «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր․․․»։