Խոնարհություն և հեզություն
Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր» անվանումը։ Ինչպիսի՞ն է մերօրյա աշխարհը։ Վերջին հինգ-վեց տարիների ընթացքում այն այնպիսի սրընթաց արագությամբ է փոխվում և կորցնում իր երբեմնի ապահովությունն ու անվտանգությունը, որ մարդիկ հաճախ համակվում են վախի ու տագնապի անասելի զգացումով։
Սիրելի՛ Ընկեր, այսօր աշխարհը ցնցվում է պատերազմներից ու տարբեր ճգնաժամերի բերած անորոշությունից։ Զարմանալին այն է, որ Տեր Հիսուսը Աստվածաշնչի էջերում զգուշացրել է մեզ՝ Նրա խոսքերին հավատացող քրիստոնյաներիս, որ մենք չվախենանք ու չսարսափենք, քանի որ այս ամենը դեռ վերջը չէ, այլ միայն վերջի նախաբանը, որն ազդարարում է իրական քրիստոնյաների համար զորավոր ժամանակաշրջանի սկիզբը։
«Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի» (Մատթեոս 24․6-8):
Ուզում եմ այսօր միասին մտածենք, թե ինչո՛ւ էր Տերը Իր աշակերտներին նախօրոք զգուշացնում այս դժվարին ժամանակների մասին։ Ո՞րն էր այս զգուշացման իմաստն ու նպատակը։ Պատասխանը ակնհայտ է։ Տեր Հիսուսը Իր Եկեղեցուն երբե՛ք մենակ չի թողնում դժվար ժամանակներում։ Նա ասում էր, որ գիտի այդ ամենի մասին, և Իր Եկեղեցին պետք է պատրաստվի այդ դժվարին ժամանակներին, որ միաժամանակ նաև շատ զորավոր ժամանակներ են լինելու Քրիստոսի եկեղեցու համար։
Հավատացյալ քրիստոնյաների պատասխանը այս աշխարհի՝ խելահեղ արագությամբ դեպի կործանում գահավիժմանը ո՛չ թե պետք է վախն ու սարսափը լինեն, այլ այս աղոթքը․ «Տե՛ր, մենք Քո կարիքն ունենք»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, միակ բանը, որի մասին պետք է անհանգստանա հավատացյալ քրիստոնյան, ո՛չ թե աշխարհի լուրերն են պատերազմների, համաճարակների ու բնական աղետների մասին, այլ սեփական խոնարհության ու հեզության կյանքը, որը ապացուցվում է աստվածավախության ու հնազանդության գործերով։
Աստվածաշունչը հստակ սովորեցնում է, որ Աստված հպարտներին հակառակ է, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։ Աստված լինում է կոտրված սիրտ ու խոնարհ հոգի ունեցողների հետ։ Աստված հրեշտակների բանակ է կարգում Իր կամքը սիրող ու Իր խոսքերին հնազանդվող մարդկանց շուրջ և ազատում նրանց ամեն վտանգներից։
«Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց» (Սաղմոս 34․7):
Քո բոլոր դժվարությունների ու խնդիրների մեջ անհանգստանալու և տագնապային մտքեր ընդունելու փոխարեն դու այս կարճ աղոթքը պետք է անես․ «Ես Քո կարիքն ունեմ, Տե՛ր»։ Իսկ այդ աղոթքն անելուց հետո պետք է քննես սիրտդ՝ արդյոք այնտեղ կա՞ աստվածավախություն, մարդկանց հանդեպ խոնարհության ու հեզության վերաբերմունք և Աստծու կամքի հանդեպ հնազանդության փափագ։ Եթե այո, ապա դու ամենաապահով տեղում ես՝ Ամենակարող Աստծու պաշտպանության ներքո։
«Տերը հոգ է տանում ինձ համար. Դու ես իմ օգնությունն ու փրկությունը, ո՛վ իմ Աստված, մի՛ ուշացիր» (Սաղմոս 40․17):