• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 8 նմբ 2026 թ.

Փոխակերպող ներգործություն

Հրապարակման ամսաթիվ 8 նմբ 2026 թ.

Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Տեր Աստծու սիրո էությունը» անվանումը։ Տեր Աստծու սիրո մասին այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ ուզում եմ քեզ հետ խոսել այն մասին, թե ինչպե՛ս պետք է արտահայտվի այն սերը, որը մենք ստանում ենք Աստծուց։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստծու սերը փոխակերպող ներգործություն է ունենում այն ընդունողների կյանքերում։ 

Սիրելի՛ Ընկեր, ինչպիսի՛ն էլ լինի Աստծու սիրո դրսևորումը քո կյանքում՝ լինի դա փրկության, բժշկության, ներման, խաղաղության կամ որևէ այլ օգնության ու հրաշքի, կամ էլ անգամ՝ խրատի ու հորդորի տեսքով, այն ինչ-որ կերպ փոխելու է քո վերաբերմունքն Աստծու հանդեպ և Աստծու կողմից սիրված մարդկանց հանդեպ։ 

Աստծու սերը կենդանի է ու զորավոր։ Այն ստիպում է մարդուն մտածել հավիտենական արժեքների մասին և ապրել այն Մեկի համար, որ այնքան է մեզ սիրում, որ սեփական կյանքով ու անասելի տառապանքներով վճարեց խավարի թագավորությունից մեզ ազատելու փրկագինը։

«Որովհետև Քրիստոսի սերը մեզ ստիպում է այս խորհելու. եթե մեկը բոլորի համար մեռավ, ուրեմն բոլորը մեռած են։ Եվ բոլորի համար մեռավ, որպեսզի կենդանի եղողներն այլևս ոչ թե իրենք իրենց համար կենդանի լինեն, այլ Նրա՛ համար, որ իրենց համար մեռավ ու հարություն առավ» (Բ Կորնթացիս 5․14-15):

Ներում ստացած մարդը պետք է ներողամիտ դառնա իր հանդեպ անարդար ու սխալ վերաբերմունք ունեցողների հանդեպ։ Բժշկված մարդու սիրտը պետք է լցվի Աստծու հանդեպ երախտագիտությամբ և իր նման տառապող մյուս մարդկանց հանդեպ կարեկցանքով։ Նման մարդը չի կարող չպատմել մյուսներին Աստծու բժշկարար ձեռքի մասին և չի կարող իր գութը փակել մյուսների հանդեպ և չաղոթել նրանց բժշկության համար։ 

Աստծու քաղցրությունը ճաշակած մարդը, Աստծու մխիթարությամբ սուգը հաղթահարած մարդը, Աստծուց ստացած խրատով հոգևոր հասունության հասածը․․․ Այլ կերպ ասած՝ Աստծու սերը ճաշակած մարդը սկսում է մտածել մյուսների մասին և ձգտում է նաև նրանց փոխանցել այդ սերը։ 

«Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց» (Եփեսացիս 4.31-32):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստծուց ստացած սերը պետք է արտահայտվի մերձավորների և միմյանց հանդեպ գործնական սիրով ու ներողամտությամբ։ Եթե միա՜յն ճաշակենք այդ սերը, ապա ամբողջովին կփոխվի մեր կյանքն ու վերաբերմունքը մյուսների հանդեպ։ 

«Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13․34-35):

Մենք Քրիստոսի աշակերտներն ենք։ Եվ դրա ապացույցը մյուսներին Քրիստոսի նման սիրելու փափագն է մեր սրտերի մեջ․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես