Աստծու ակնկալած արձագանքը Իր սիրո հանդեպ
Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Տեր Աստծու սիրո էությունը» անվանումը։ Մեր նախորդ ուղերձների մեջ մենք խոսեցինք այն մասին, թե ինչպիսի՛ն է Տեր Աստծու սերը մեր հանդեպ, ինչպիսի դրսևորումներ է այն ունենում և որքա՜ն խորն է այն։ Այս ուղերձի մեջ խոսելու ենք այդ զարմանահրաշ սիրուն մեր ունեցած արձագանքի մասին։
Սիրելի՛ Ընկեր, յուրաքանչյուր մարդ կարող է որոշել, թե ինչպես արձագանքի Տեր Աստծու սիրո դրսևորումներին։ Դա մարդու անձնական գործն է և ազատ կամքի որոշումը։ Սակայն կարևոր է տեղեկացված լինել Աստվածաշնչի փոխանցած այն ճշմարտությանը, որը վերաբերում է Տեր Աստծու ակնկալած արձագանքին մեր հանդեպ Իր զոհաբեր սիրուն։
«Բայց դուք ի՞նչ եք կարծում։ Մի մարդ երկու որդի ուներ։ Նա եկավ և առաջինին ասաց. "Որդի՛, այսօր գնա՛, իմ այգում աշխատի՛ր"։ Իսկ նա պատասխանեց ու ասաց. "Չեմ ուզում", բայց հետո զղջաց ու գնաց։ Գնաց մյուսի մոտ և նույնն ասաց։ Նա էլ պատասխանեց ու ասաց. "Կգնա՛մ, տե՛ր", ու չգնաց։ Այդ երկուսից ո՞վ հոր կամքը կատարեց»։ Նրան ասացին՝ առաջինը» (Մատթեոս 21․28-31):
Այս երկու որդիներից ո՞րն էր գնահատում Հոր սերը իր հանդեպ։ Կարևոր է հասկանալ, որ Աստվածաշունչը սերն Աստծու հանդեպ սերտորեն կապում է հնազանդության հետ։ Հնազանդությունն առանց սիրո մարդուն տանում է կրոնավորության և օրինապաշտության։ Սերն առանց հնազանդության դատարկ խոսքերի մի ամբողջություն է, որը ամենաշատն է բարկացնում Աստծուն։
«Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Եսային լավ է մարգարեացել ձեր՝ կեղծավորներիդ մասին՝ ասելով. "Այս ժողովուրդն Ինձ շրթունքներով է պատվում, իսկ նրա սիրտն Ինձանից շատ հեռու է։ Զուր են պաշտում Ինձ, քանի որ ուսուցանում են պատվիրաններ, որոնք մարդիկ են հորինել» (Մարկոս 7․6-7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Աստված ակնկալում է, որ մենք Նրա սիրուն արձագանքենք փոխադարձ սիրով։ Յուրաքանչյուր ծնողի համար թանկ է ու կարևոր, որ իր զավակը, որի համար նա կյանք է դրել, սիրի իրեն։ Մեր երկնային Հայրն էլ մեզնից է ակնկալում, որ մե՛նք էլ Նրան սիրենք փոխադարձ սիրով։ Սակայն ո՛չ թե միայն շուրթերով պատվենք Նրան, այլ մեր հնազանդությամբ ու ապաշխարությամբ ապրենք հանուն Նրա ու Նրա փոխանցած Հանձնարարականի իրագործման։
«Վարդապե՛տ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ Հիսուսը նրան ասաց. «"Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով"։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը» (Մատթեոս 22․36-38):
Աստծու սիրուն մեր արձագանքը պետք է լինի Նրան ամբողջ սրտով սիրելն ու Նրա պատվիրանները պահելը։ Իսկ դու մտածե՞լ ես, թե ինչպիսի՛ արձագանք է Աստված ակնկալում քեզնից Իր սիրուն․․․