• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 6 նմբ 2026 թ.

Տեր Աստծու խրատող սերը

Հրապարակման ամսաթիվ 6 նմբ 2026 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Տեր Աստծու սիրո էությունը» անվանումը։ Հետաքրքիր է նկատել, որ Աստվածաշնչում՝ Իր Խոսքի մեջ, Աստված բացահայտում է Իր հայրական սիրո հոգատար ու խրատող բնութը։ Այսօր միասին փորձելու ենք Աստվածաշնչի մեջ տեսնել Տեր Աստծու խրատող սերը և մեր սրտերում քննելու ենք, թե արդյոք գնահատո՞ւմ ենք Նրա այդ սերը, թե՞ միայն սիրո հոգատարությունն ենք ընդունում, իսկ խրատը մերժում ենք։ 

«Դուք դեռ արյուն թափելու չափ չեք պատերազմել՝ մեղքին հակառակ կանգնելու, և մոռացել եք այն խրատը, որով ձեզ հետ խոսում է իբրև որդիների. «Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և ո՛չ էլ նրանից հանդիմանվելու ժամանակ վհատվիր. որովհետև Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է»։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում։ Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարազատ որդիներ» (Եբրայեցիներին 12.4-8):

Սիրելի՛ Ընկեր, ևս մեկ անգամ ուշադիր լսի՛ր այս խոսքերը, որոնք աստվածաշնչյան անխախտ ճշմարտություն են մեզ փոխանցում․ «Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է»։ 

Մի անգամ ինձ շատ հարազատ մի մարդու վրա ես շատ բարկացա, քանի որ Աստծուց ներում ընդունած լինելով՝ կրկին թաքուն մի մեղքի մեջ էր մնում, որի մասին ես տեղյակ էի։ Բարկացա հայրաբար, սիրով ու բավականին խիստ խոսքեր ասացի, ինչպես կասեր հայրը որդուն։ Ի զարմանս ինձ՝ այդ մարդը, որ առանց հայր էր մեծացել, իմ խոսքերին արձագանքելու փոխարեն ասաց, որ ամբողջ կյանքում երազել էր, որ մեկն իրեն նման հայրական խրատ տար։ Ու մենք երկուսս էլ հուզվեցինք։ 

«Տերն ում սիրում է, խրատում է. պատժում է ամեն զավակի, որին ընդունում է»։ Հայրական խրատը կարող է տվյալ պահին ծանր թվալ ու ցավոտ։ Բայց առանց այդ խրատի չկա ծնողական սեր։ Եթե ծնողը չի խրատում, դաստիարակում ու կրկնվող ու վտանգավոր սխալների համար չի պատժում իր երեխային, ուրեմն այդ ծնողի համար իր երեխան ու նրա ապագան թանկ չեն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեր երկնային Հայրը անտարբեր չէ ո՛չ մեր ներկայի և ո՛չ էլ, առավել ևս, մեր ապագայի հանդեպ։ Նա պատրաստ է Իր հայրական սիրով մեզ խրատելու և անգամ՝ պատժելու, որպեսզի մենք վերանայենք մեր արժեքները, մեր ընթացքը, մեր սկզբունքները և սովորենք մեր երկնային Հոր կամքին հնազանդվելն ու Նրան հաճելի կյանքով ապրելը։ Սա ո՛չ միայն այս կյանքում օրհնված ապրելու համար է, այլև այս խրատն ընդունելուց է կախված մեր հավիտենական ճակատագիրը՝ փրկությունը՝ հնազանդություն սովորելու պարագայում, կամ կործանումը՝ եթե մենք շարունակենք ապրել մեր պատկերացումներով և մերժենք Աստծու Խոսքով ու Նրա կամքին հնազանդությամբ ապրելու խրատները։ 

«Ոչ թե ամեն Ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ Երկնքում է» (Մատթեոս 7․21):

Աստված սիրում է քեզ հայրական սիրով։ Աստծու խրատը դատապարտություն չէ, այլ հայրական սիրո դրսևորում, որը մղում է մեզ դեպի հոգևոր աճի և փոխակերպման։ Պատահական չէ, որ հայրական սիրո ու խրատի մասին Եբրայեցիս թղթի մեջբերումը սկսվում է մեղքի դեմ արյուն թափելու չափ պատերազմելու մասին խոսքերով։ 

Աստված Իր զավակներին մեղքի դեմ պատերազմում հաղթել է սովորեցնում։ Ինչպես արծիվները իրենց ձագերին ճախրել են սովորեցնում․․․, ինչպես առյուծները իրենց կորյուններին որս անել են սովորեցնում․․․, ինչպես ես այն մարդուն, որին որդու պես սիրում եմ, իմ բարկության խրատով սովորեցնում էի Աստծուն հաճելի կյանքով ապրելը, այնպես էլ Աստված ուզում է Իր հմտություններն ու սրբության կյանքով ապրելու զորությունը փոխանցել Իր զավակներին։ Եվ դա անում է հայրական սիրո խրատի միջոցով։ 

«Ում Ես սիրում եմ, հանդիմանում եմ և խրատում։ Ուրեմն նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։ Ահա Ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն Իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ Ինձ հետ։ Հաղթողին թույլ կտամ նստել Ինձ հետ Իմ գահին, ինչպես Ես հաղթեցի և Իմ Հոր հետ Նրա գահին նստեցի» (Հայտնություն 3․19-21):

Իսկ դու ճանաչե՞լ ես Տեր Աստծու խրատող սերը։ Դու ընդունո՞ւմ ես Նրա խրատները։ Նա քեզ Իր հարազատի պես է սիրում և նաև խրատում, որպեսզի մեղքի դեմ պատերազմում հաղթել սովորես և ո՛չ թե միայն Նրան "Տե՛ր, Տե՛ր" ասող լինես, այլ սովորես կատարել Նրա կամքն ու Քրիստոսի հետ նստես Նրա գահին, ինչպես Նա հաղթեց ու նստեց Հոր գահին։ Ինչպիսի՜ փառավոր հեռանկար․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես