Ինչպե՞ս ընդունել Աստծու սերը
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Տեր Աստծու սիրո էությունը» անվանումը։ Մեր նախորդ ուղերձների մեջ խոսեցինք Տեր Աստծու սիրո և այդ զարմանահրաշ ու անպայմանական սիրո դրսևորումների ու ապացույցների մասին։ Այս ուղերձի մեջ խոսելու ենք Աստծու սերն ընդունելու մասին։
Սիրելի՛ Ընկեր, որպեսզի որևէ մեկից ինչ-որ բան ընդունես, քո ձեռքերը պիտի բաց լինեն և ունենան սպասման ակնկալիք։ Երբ քո ձեռքերը արդեն պինդ բռնել են ինչ-որ բան ու սեղմված են, դժվար թե կարողանաս այդ նույն ձեռքերով մեկ ուրիշ բան ընդունել։ Հաճախ մենք պետք է բաց թողնենք որևէ բան՝ մեկ այլ բան ընդունելու համար։
«Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Եթե մեկն աշխարհը սիրում է, Հոր սերը նրա մեջ չէ, որովհետև այն ամենը, ինչ աշխարհի մեջ է, մարմնի ու աչքերի ցանկություն է և այս կյանքի ամբարտավանություն, Հորից չէ, այլ աշխարհից։ Թե՛ աշխարհն է անցնում, թե՛ նրա ցանկությունը, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (Ա Հովհաննես 2․15-17):
Որպեսզի մարդն ընդունի Աստծու սերը, նա նախ պետք է իր ձեռքերից վայր գցի աշխարհի սերը։ Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, որ աշխարհի սերը մարմնի ու աչքերի ցանկությունն է, ինչպես նաև այս կյանքի ամբարտավանությունը։ Իսկ Աստծու հանդեպ սերը Նրա կամքը կատարելն է։
«Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և Նրա պատվիրանները պահում։ Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք Նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը։ Եվ ո՞վ է, որ աշխարհին հաղթում է, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն Աստծու Որդին է» (Ա Հովհաննես 5․2-5):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստծու սերն ընդունում ենք հավատքով՝ հնազանդվելով Նրա խոսքին և ապրելով Նրա շնորհի գիտակցությամբ։ Աստծու սերն ընդունում ենք, երբ Քրիստոսի խոսքերին հավատալով՝ մերժում ենք աշխարհի սերը։ Աստծու սերն ընդունում ենք, երբ նվիրվում ենք Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելուն՝ Նրա Խոսքի մեջ Նրա բնույթն ու կամքը ճանաչելուն և Սուրբ Հոգու օգնությամբ այդ կամքին հնազանդ կյանք ապրելուն։
Աստծու սերը անսահման խորն է ու զարմանահրաշ, իսկ այն ընդունելու միակ կերպը հավատքով ու հնազանդությամբ այդ մեծ սիրուն արձագանքելն է։ Եվ երբ մենք ընդունում ենք Աստծու սերը, Նա մշտապես մեզ հետ է լինում՝ մեր մեջ և մեր կողքին։
«Ով Ինձ ուղարկեց, Ինձ հետ է. Ինձ մենակ չի թողել, որովհետև Ես միշտ անում եմ այն, ինչ Նրան հաճելի է» (Հովհաննես 8․29):
Իսկ դու ընդունե՞լ ես Տեր Աստծու սերը․․․ Քո հավատքի ձեռքերն ազա՞տ են այսօր այն ընդունելու համար։