Աստված հայտնեց Իր սերը․․․
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Տեր Աստծու սիրո էությունը» անվանումը։ Տեր Աստծու սերը վերացական մի բան չէ։ Այն ունի հստակ դրսևորումներ և դրսևորման ապացույցներ։ Եվ այդ դրսևորումներից ամենամեծը հանուն մարդկության փրկության Իր ամենաթանկը զոհելու որոշումն էր։
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված Իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի Նրա միջոցով աշխարհը փրկվի» (Հովհաննես 3․16-17):
Սիրելի՛ Ընկեր, Աստծու սերը մեր հանդեպ ապացուցված է Նրա զոհաբեր սրտով և այդ զոհաբերության գործերով։ Հանուն յուրաքանչյուր մարդու համար փրկության ճանապարհ բացելու՝ Տերը զոհեց Իր Որդուն՝ Գողգոթայի խաչի չարչարանքներին և անասելի տառապանքներով մահվան մատնելով Նրան։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ մոտ երկու հազար տարի առաջ տեղի ունեցավ այս տիեզերքի ու մարդկության պատմության ամենաանարդար դատավճիռն ու մահապատիժը։
«Ահա նա մատղաշ տունկի նման աճեց նրա առաջ, ծարաված հողից ելած արմատի նման։ Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք։ Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։ Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք բոլորս մոլորվեցինք ոչխարների պես, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնաց, բայց Տերը նրա վրա դրեց մեր բոլորի անօրենությունը։ Նա ճնշվեց ու չարչարվեց, բայց չբացեց իր բերանը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում, և մի մունջ ոչխարի պես, որ կանգնում է իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը» (Եսայիա 53․2-7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ամենազարմանալին այն է, որ Աստված մեզ սիրեց, երբ մենք դեռ մեռած էինք մեր հանցանքների ու մեղքերի մեջ։ Նա չի ուզում, որ մենք տառապենք։ Քրիստոս Տերը կրել է մեր տառապանքը։ Նա չի ուզում, որ մենք մեղքի անեծքի տակ ապրենք։ Քրիստոս Տերը, փայտի վրա խաչվելով, կրեց մեր անեծքի պատիժն Իր վրա։ Նա չի ուզում, որ մենք հավիտենական տանջանքի վայրը գնանք։ Քրիստոսով մենք փրկություն ունենք, եթե հավատանք Նրան՝ Նրա ուսուցումներին և Նրա սիրուն՝ այս տիեզերքի մեծագույն զոհաբերությանը։
«Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիներին 5․8):
Աստված Իր սերը մեր հանդեպ հայտնեց՝ ուղարկելով Իր Միածին Որդուն, որպեսզի Նա Իր կյանքով վճարի մեր մեղքերի պատիժը՝ մեր փրկագինը։ Նա բոլորին է սիրում և բոլորի փրկությունն է փափագում։ Սակայն փրկվելու են միայն Նրա այս անսահման սերը գնահատող և շնորհակալությամբ այն ընդունող մարդիկ։ Փրկվելու են միայն Տեր Հիսուսին հավատացողներն ու Նրա ուսուցումները ընդունողները։ Իսկ դու ընդունե՞լ ես Աստծու այս հիասքանչ սերը։ Իսկ դու գնահատո՞ւմ ես Նրա մեծ զոհը։ Դու շնորհակա՞լ ես․․․