Ինչպիսի՞ն է Աստծու սերը
Այս ուղերձով նոր շարք ենք սկսում, որը կրում է «Տեր Աստծու սիրո էությունը» անվանումը։ Առաջիկա յոթ օրերին փորձելու ենք միասին ուսումնասիրել մի թեմա, որի խորությունն ու ծավալը այնքա՜ն մեծ է, որ մեր ողջ կյանքի ընթացքում չենք կարողանալու ըմբռնել ու գիտակցել դրա ողջ էությունը։ Սակայն Աստծու սիրո թեմայի խորությունն ու մեծությունը չեն նշանակում, որ մենք չենք կարող ավելացնել մեր գիտելիքը Աստծու սիրո մասին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Աստվածաշունչը բավականին մեծաքանակ արձագանքներ ունի Աստծու սիրո թեմային, ապա կարող ենք միասին լցվել հույսով, որ այս շարքի ավարտին Աստծու սիրո վերաբերյալ մեր գիտելիքն ու փորձառությունը աճ ու հասունություն կգրանցի։
Սիրելի՛ Ընկեր, ինչպես արևն է անընդհատ լույս և ջերմություն ճառագում՝ անկախ մեր զգացմունքներից և դրա հանդեպ մեր ունեցած վերաբերմունքից, այնպես էլ Աստծու սերը մնայուն է և հաստատուն։ Այն ծնողական սեր է, որը չի կազմավորվում զավակների վերաբերմունքով։ Այս սերը չի նայում լավ ու վատ մարդկանց, բարիներին ու չարերին, արդարներին ու մեղավորներին։ Աստծու սերը բոլորի համար է։ Աստված սիրում է յուրաքանչյուր մարդու։ Աստված սեր է։ Աստծու սերը պարզապես զգացմունք կամ վերաբերմունք չէ։ Այն Նրա էությունն է ու Նրա բնույթը։
«Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է» (Ա Հովհաննես 4․8):
Աստծու սերը հնարավոր է ճանաչել միայն Նրա Խոսքի միջոցով։ Ինչպիսի՞ն է Աստված։ Այստեղ մենք շատ զգույշ պետք է լինենք, որ չընկնենք մեր սեփական պատկերացումների ծուղակը, այլ Աստծուն ճանաչենք Նրա Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Ինչպիսի՞ն է Աստվածաշունչը ներկայացնում Աստծուն։ Ինչպե՞ս է Նրան նկարագրում՝ բնութագրելով Նրա որակներն ու հատկանիշները։ Եվ երբ մենք մտերմանում ենք Աստծու հետ Նրա Խոսքի օգնությամբ, նաև փորձառաբար Աստվածաշնչի ճշմարտություններից հաստատում ենք ընդունում մեր բացահայտված որակների մասին։
«Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ, որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենությունը հատուցում եմ՝ պատժելով որդիներին և որդիների որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը» (Ելից 34․6-7):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ քո՛ պատկերացումներն Աստծու սիրո մասին որտեղի՞ց են ձևավորվել։ Դու քո ըմբռնումների հիման վրա՞ ես ձևավորել քո պատկերացումն Աստծու սիրո մասին, թե՞ Աստվածաշնչի պատմությունների ու հայտնած ճշմարտությունների։ Արդյոք գիտե՞ս՝ ինչպես է Աստծու սերը դրսևորվում մարդու հանդեպ և ինչպես է այդ սերը փոխակերպում աստվածավախ մարդկանց։
«Բարեգութ և ողորմած է Տերը, համբերատար է և գթառատ։ Նա ընդմիշտ չի բարկանա և ոխ չի պահի հավիտյան։ Նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ և մեզ չի հատուցում մեր անօրենությունների համաձայն։ Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորավոր է Նրա գութն Իրենից վախեցողների նկատմամբ։ Որքան որ արևելքը հեռու է արևմուտքից, այնքան էլ Նա մեզնից հեռացրեց մեր հանցանքները։ Ինչպես որ հայրն է գթում իր որդիներին, այնպես Տերն է գթած Իրենից վախեցողների հանդեպ» (Սաղմոս 103․8-13):
Մենք հրաշալի մի թեմա ենք սկսել և հաջորդ ուղերձներում ավելի մանրամասն կանդրադառնանք մեզ կյանք պարգևած և այս տիեզերքն արարած միակ ճշմարիտ Աստծու սիրո մասին մեր ուսումնասիրությանը։