• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 11 հկտ 2026 թ.

Աճեցրո՛ւ Հոգու պտուղը քո բնավորության մեջ

Հրապարակման ամսաթիվ 11 հկտ 2026 թ.

Այսօր ավարտում ենք շարքը, որը կրում է «Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է» անվանումը։ Սուրբ Հոգու հետ իրական մտերմությունը միայն ներքին զգացողություն չէ։ Մարդիկ հաճախ իրենց մտքում երևակայական մտերմություն են կառուցում Սուրբ Հոգու հետ, որը որևէ կապ չունի իրականության հետ։ Այո՛, Սուրբ Հոգու հետ իրական մտերմությունը միայն ներքին զգացողություն չէ, այլ Սուրբ Հոգու պտուղը քո կյանքում աճեցնելու ու հասունացնելու հարատև մի ընթացք։ 

Սիրելի՛ Ընկեր, Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է։ Դու միայն պետք է սովորես հստակ զանազանել, թե քո կայացրած որոշումների մղիչ ուժը ո՛ր աղբյուրից է բխում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք կա՛մ առաջնորդվում ենք Սուրբ Հոգու ուղղորդմամբ, կա՛մ մեր սեփական ցանկություններով՝ մեր մարմնի ցանկություններով և մեր ես-ի կամքով։ Եվ այս երկուսը իրար հակառակ են։ 

«Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»։ Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք» (Գաղատացիս 5․16-17):

Սուրբ Հոգու հետ մտերմությունը խորանում է, երբ մենք հնազանդվում ենք Նրա ուղղորդմանը և հակառակ ենք գնում մարմնի ցանկություններին։ Այդ մտերմությունն ունի իր պտուղը, որը տեսանելի է դառնում մեր վարքագծի, հոգեվիճակի ու մեր բնավորության մեջ։ 

«Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն» (Գաղատացիս 5․22-23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Հոգու հետ մտերիմ հարաբերությունը տեսանելի է դառնում մարդու փոխված արժեհամակարգի ու բնավորության մեջ։ Հոգու պտուղը անհնարին է թաքցնել։ Բոլորի համար տեսանելի են դառնում Սուրբ Հոգու հետ մտերիմ հարաբերություն ունեցող մարդու կյանքում վերը թվարկված հատկանիշները։ 

Սակայն անհնարին է թաքցնել նաև մարմնի գործերը։ Դրանք էլ մարմնի ցանկություններով առաջնորդվելու անխուսափելի պտուղներն են։ 

«Հայտնի են մարմնի գործերը, որ են՝ շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ և այն, ինչ սրանց նման է։ Ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում էի, թե այսպիսի բաներ անողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու» (Գաղատացիս 5․19-21):

Ո՞ւմ հետ է քո մտերմությունը։ Ո՞ր պտուղներն ես աճեցնում քո կյանքում՝ Սուրբ Հոգով առաջնորդությա՞ն, թե՞ մարմնի ցանկություններով առաջնորդվելու։ Քո կյանքը հիմնովին կփոխվի․․․, քո կյանքը կլցվի խաղաղությամբ, սիրով, ուրախությամբ և Հոգու պտղի մյուս բոլոր դրսևորումներով, եթե մերժե՛ս քո սեփական կամքով, պատկերացումներով ու ցանկություններով ապրելը և որոշես ապրել ըստ Աստծու Խոսքի փոխանցած սկզբունքների։ 

Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է։ Նա փափագելով փափագում է քո կյանքը լուսավոր ու պտղաբեր դարձնելուն։ Իսկ դու պատրա՞ստ ես քո սեփական կամքն ու մարմնի ցանկությունները զոհաբերելու հանուն Աստծու կամքը քո կյանքում կատարելու։ Հե՛նց սա է Սուրբ Հոգու հետ իրական մտերմության բանալին։ Այսպես դու կկարողանաս աճեցնել Հոգու պտուղը քո բնավորության մեջ։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես