• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
    • VI Vietnamese
Հրապարակման ամսաթիվ 10 հկտ 2026 թ.

Թո՛ւյլ տուր, որ Հոգին առաջնորդի քեզ ճշմարտության մեջ

Հրապարակման ամսաթիվ 10 հկտ 2026 թ.

Մոտենում ենք ուղերձների շարքի ավարտին, որը կրում է «Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է» անվանումը։ Տեր Հիսուսը Սուրբ Հոգու մասին խոսելիս ասաց, որ Նա մեզ՝ Քրիստոսի աշակերտներիս, կառաջնորդի ճշմարտության մեջ։ «Սակայն երբ Նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև Ինքն Իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ Նա Ինձ պիտի փառավորի, որովհետև վերցնելու է Իմ ունեցածից ու հայտնելու է ձեզ» (Հովհաննես 16․13-14):

Սիրելի՛ Ընկեր, ճշմարտության Հոգին Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած յուրաքանչյուր հավատացյալի մեջ է։ Տեր Հիսուսը պարզ ու հստակ ուսուցանում էր, որ Սուրբ Հոգին խոսելու է մեզ հետ։ Նա մեզ առաջնորդում է դեպի ամբողջական ճշմարտությունը։ Նա վերցնում է Տեր Հիսուսի ունեցածից և հայտնում է մեզ։ 

Հոգու առաջնորդությունը երբե՛ք չի կարող հակասել Աստծու գրավոր Խոսքին՝ Աստվածաշնչին։ Սուրբ Հոգու մղումները երբե՛ք չեն հակասում Տեր Հիսուսի ուսուցումներին։ Աստծու Սուրբ Հոգին հիշեցնում է Տեր Հիսուսի ուսուցումներն ու փոխանցած սկզբունքները, առաջնորդում ճշմարտության մեջ և փառավորում Քրիստոսին։ Ուստի, Հոգու առաջնորդությունը ճանաչելու համար կարևոր է ուշադրությամբ ընդունել և ծանոթ լինել Աստծու Խոսքին։

Սուրբ Հոգու հետ մտերմության ևս մեկ գործոն է Նրա առաջնորդությանը հնազանդվելը։ Երբ Սուրբ Հոգին մեզ մղում է Աստծու Խոսքին հնազանդվելուն․․․, երբ հայտնում է մեզ մեր սխալներն ու ճշմարտությանը հակառակ մեր ընթացքը, մենք կանգնում ենք կարևորագույն որոշման առջև։ Կա՛մ մենք պետք է ընտրենք Նրա առաջնորդությանը հնազանդվելը և խոստովանենք մեր սխալ լինելը, կա՛մ պետք է շարունակենք ապրել մեր պատկերացումներով և ընդդիմանանք ու մերժենք դեպի ամբողջական ճշմարտությանը տանող Սուրբ Հոգու ուղղորդումը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբ մենք ընդդիմանում ու մերժում ենք Աստծու Սուրբ Հոգուն, մենք տրտմեցնում ենք Նրան։ Երբ Նրան տրտմեցնելը մեզ համար դառնում է սովորական մի բան, մենք կորցնում ենք Նրա հետ մեր ունեցած մտերմությունը։ 

Սուրբ Հոգին մեզ մոտեցնում է Քրիստոսին և օգնում հասկանալու Նրա խոսքը։ Առանց Նրա մենք ո՛չ թե Քրիստոսի խոսքերով ենք ապրելու, այլ սեփական կրոնական համակարգն ենք հորինելու։ Աստվածաշնչին հակասող բոլոր վարդապետություններն ու ավանդույթները Հոգու առաջնորդությունը մերժելու հետևանքներ են։ 

«Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով» (Հովհաննես 14․6):

Սուրբ Հոգին մեզ առաջնորդում է դեպի ճշմարտությունը։ Տեր Հիսուսն ասում է, որ Ինքն է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Սուրբ Հոգու հետ մտերմությունը շատ թանկ պետք է լինի մարդու համար․․․ Այնքա՜ն թանկ, որ մարդը պատրաստ լինի զոհելու սեփական պատկերացումները, սեփական շահն ու ցանկությունները և վստահի Հոգու առաջնորդությանը․․․ Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես