Ընթացքդ անցի՛ր Հոգու առաջնորդությամբ
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է» անվանումը։ Ինչպես ցանկացած մտերմություն, այնպես էլ Սուրբ Հոգու հետ մտերմությունը պետք է լինի ամենօրյա շփում և համատեղ ընթացք։
Սիրելի՛ Ընկեր, ես չեմ պատկերացնում իրական ու սերտ մտերմություն որևէ անձի հետ, որին հանդիպում եմ, օրինակ, մի քանի ամիսը մեկ։ Մենք կարող ենք լավ ընկերներ լինել նման մարդկանց հետ, կարոտել իրար, օգնել, համագործակցել, սակայն իրական ու սերտ մտերմությունը, միևնույնն է, այն մարդկանց հետ է, որոնց հետ մենք ամենօրյա ընթացք ենք անցնում և կիսում դժվարություններն ու հաղթանակների ուրախությունները։
«Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները։ Եվ Ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև Նա ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու։ Այս բաները ձեզ ասացի, մինչ ձեզ մոտ եմ։ Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրն ուղարկելու է Իմ անունով, Նա ամեն բան ձեզ կուսուցանի ու կհիշեցնի ձեզ այն ամենը, ինչ ձեզ ասացի» (Հովհաննես 14․15-17,25-26):
Տեր Հիսուսը խոսում էր Սուրբ Հոգու մասին՝ որպես մեկ ուրիշ Մխիթարիչ։ Մխիթարիչ բառը թարգմանված է հունարեն բնագրի Պարակլետոս բառից։ Այն ծագում է para («կողքին») և kaleo («կանչել») արմատներից։ Բառացիորեն այն նշանակում է «կողքին կանչված» կամ «օգնության կանչված»։ Այս բառի կիրառությունը հունարեն տեքստերում կարելի է հանդիպել հետևյալ իմաստներով՝
- որպես դատապաշտպան, երբ մարդուն մեղադրում են որևէ հանցանքի մեջ, և նա պաշտպանի կարիք ունի;
- որպես մխիթարիչ և վշտի, ցավի ու տառապանքի ժամանակ իրական սփոփանք փոխանցող;
- որպես օգնական և ուղեկից, երբ մարդը որևէ երկար ու դժվարին ճանապարհ է ընկնում, և նրան ուժ, ուղղորդում և օգնություն է անհրաժեշտ։
- որպես բարեխոս ու միջնորդ, ինչպես Տեր Հիսուսն է անվանվում Ա Հովհաննես 2.1 խոսքի մեջ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ուզում եմ քո ուշադրությունը կենտրոնացնել Տեր Հիսուսի՝ հե՛նց մեկ ուրիշ Մխիթարիչ արտահայտության վրա։ Այս խոսքերը նշանակում են, որ ինչպես Ինքը՝ Տերն էր Մխիթարիչ, Պաշտպան, Օգնական, Բարեխոս ու Միջնորդ Իր աշակերտների համար, այնպես այսօր Աստծու Սուրբ Հոգին է մեզ համար, որ Նրա մերօրյա աշակերտներն ենք։ Եվ ինչպես Տերն էր ամեն օր Իր աշակերտների հետ՝ նրանց ուսուցանելով, ուղղորդելով ու խրատելով, ինչպես նաև նրանց համար հոգ տանելով և Հոր մոտ Իր աղոթքների շնորհիվ բարեխոսելով, այնպես էլ՝ Աստծու Սուրբ Հոգին է մեզ համար։
Ավելին՝ ըստ Տեր Հիսուսի ուսուցման՝ Սուրբ Հոգու մտերմությունը այնքա՜ն խորն է, որ Նա ո՛չ միայն մեզ մոտ է, այլև՝ մեր մեջ։ Սա մտերմության գագաթնակետն է։
Այո՛, Սուրբ Հոգու հետ ապրելը ամենօրյա ընթացք է։ Մեր որոշումների և վարքի մեջ մենք սովորում ենք հետևել Նրա առաջնորդությանը։ Մեր դժվարությունների ժամանակ սովորում ենք Նրանից զորություն և ուժ ընդունելը։ Մեր տառապանքի ժամանակ՝ մխիթարություն։ Դավաճանությունների ու հիասթափությունների ժամանակ՝ սփոփանք ու քաջալերանք։ Մեր անկումների ժամանակ՝ բարեխոսություն և վերականգնման օգնություն։ Անորոշության մեջ՝ ճիշտ որոշումներ կայացնելու իմաստություն։
Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Սակայն երբ գրում էի այս տողերը, մի մեծ ափսոսանքի զգացում պատեց իմ սիրտը բոլոր այն մարդկանց համար, որոնք չունեն Սուրբ Հոգու հետ Տեր Հիսուսի ուսուցանած մտերմությունը։ Որքա՜ն դժվար է նրանց համար կյանքը։ Որքա՜ն ծանր է նրանց համար կյանքի ընթացքը։ Ինձ համար այս աշխարհի ամենադժվար ու ամենածանր ընթացքը քրիստոնեական կյանքը ապրելն է՝ առանց Սուրբ Հոգու հետ սերտ ու խորը մտերմության։
Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է։ Նա պարգև է յուրաքանչյուր մարդու համար, որ կհավատա Տեր Հիսուսին ու կապաշխարի աշխարհի սկզբունքներով ու սեփական կամքով ապրելու կործանարար ընթացքից։
«Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է» (Գործք Առաքելոց 2.38-39):
Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է…