Մի՛ տրտմեցրու Սուրբ Հոգուն և մի՛ մարիր Նրան քո կյանքում
Շարունակում ենք շարքը, որը կրում է «Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է» անվանումը։ Աստվածաշունչը հստակ նշում է, որ Սուրբ Հոգին անձ է և ունի անձին բնորոշ բոլոր հատկանիշները։ Աստծու Սուրբ Հոգու հետ կապված երկու կարևորագույն զգուշացում կա Աստվածաշնչում։ Նախ, մենք՝ Քրիստոսով փրկագնված և Նրան հավատացող աշակերտներս, պետք է ամեն բան անենք այնպես, որ չտրտմեցնենք մեր մեջ բնակվող Աստծու Սուրբ Հոգուն։ Եվ երկրորդը, Աստվածաշունչը զգուշացնում է, որ մեր սխալ պահվածքի ու մոտեցումների հարատևությամբ մենք կարող ենք մարել Հոգին՝ այսինքն՝ հանգցնել Նրա ներկայությունն ու արգելք հանդիսանալ Նրա գործելուն մեր կյանքերում։
Սիրելի՛ Ընկեր, վերը բերված պնդումները գրված են Եփեսացիս 4․30–32 և Ա Թեսաղոնիկեցիս 5․19–21 հատվածներում։
«Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց» (Եփեսացիս 4․30-32):
«Հոգին մի՛ մարեք։ Մարգարեությունները մի՛ անարգեք։ Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։ Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․19-22):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մաքուր սիրտն ու Տեր Աստծուն ոչ հաճելի պահվածքից հեռու մնալու զգոնությունը օգնում են պահպանելու Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը։ Սուրբ Հոգին շատ զգայուն է մեր խոսքերի ու վարքագծի հանդեպ։ Վատ բառերի գործածությունը, աղաղակն ու բարկության խոսքերը ցավ են պատճառում մեզ դեպի սրբության կյանք առաջնորդող Աստծու Սուրբ Հոգուն։
«Ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ Եվ Իմ Հոգին պիտի դնեմ ձեր մեջ և այնպես անեմ, որ Իմ կանոններով ընթանաք, Իմ պատվիրանները պահեք և դրանք կատարեք» (Եզեկիել 36․26-27):
«…Աստված փրկության համար սկզբից ձեզ ընտրեց Հոգու սրբացմամբ ու ճշմարտության հավատով» (Բ Թեսաղոնիկեցիս 2․13):
Երբ Սուրբ Հոգին տեսնում է, որ դեպի սրբության և Աստծու պատվիրաններին հնազանդության տանող Իր հորդորներն ու խորհուրդները արհամարհվում են ու անտեսվում, տրտմում է, և դա մեծ ցավ է Նրա սրտին։ Դառնությունն ու չարությունը վնասում են մեր հոգևոր կյանքին և, բնականաբար, բացասական ազդեցություն են թողնում Սուրբ Հոգու հետ ունեցած մեր մտերմության վրա։
«Հոգին մի՛ մարեք» զգուշացմանը հաջորդում է Աստվածաշնչի բավականին գործնական խորհուրդը՝ «Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։ Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք»։
Սուրբ Հոգու հետ մտերմությունը քե՛զ համար է։ Եթե քեզ թանկ է Նրա հետ հարաբերությունը, ապա ամեն խոսքդ, որոշումդ կամ արարքդ քննի՛ր Աստծու Խոսքի սկզբունքներով։ Եվ երբ քննես ու հասկանաս՝ ո՞րն է բարի և որը՝ չար, բարին ամուր բռնի՛ր, իսկ չար բանից ամեն կերպ հեռու մնա՛։ Մաքուր սիրտն ու Տեր Աստծուն ոչ հաճելի պահվածքից հեռու մնալու զգոնությունը օգնում են պահպանելու Սուրբ Հոգու հետ մեր մտերիմ հաղորդակցությունը։